Վերադարձ արտաքսումից
Թուրք մեսխեր անվանվող ժողովուրդը կամ, Վրաստանում ընդունված տերմինաբանության համաձայն, մուսուլման մեսխերը (կամ «արտաքսված մեսխերը») պատմականորեն ապրել են Հարավային Վրաստանի Մեսխեթի շրջանի տարածքում: 1944թ-ի նոյեմբերին, Ստալինի հրահանգով, 120 հազար մուսուլման մեսխ արտաքսվել է Վրաստանից դեպի Կենտրոնական Ասիա:
Չնայած այն բանին, որ Ստալինի մահվանից հետո ԽՍՀՄ-ում սկսվեց արտաքսված ժողովուրդների հայրենադարձման և վերականգնման գործընթաց, մեսխերին այն չվերաբերեց: 80-ականներին նրանց մի մասը, որն ապրում էր Ուզբեկստանում, կրկին էթնիկ հողի վրա հետապնդումների և ջարդերի զոհ դարձավ: Այն ժամանակ նրանցից շատերը Ռուսաստան մեկնեցին, մյուսներն՝ Ադրբեջան և այլ երկրներ: Հիմա մեսխերի մեծ մասը սփռված է նախկին ԽՍՀՄ տարբեր երկրներով մեկ, նրանց մի մասը գաղթել է Թուրքիա և ԱՄՆ: Սակայն ամենուրեք, որտեղ էլ նրանք այսօր ապրեն, մեսխերն իրենց օտար են զգում:
Արտաքսում
Աբաստումանի ավանում՝ ճանապարհի մոտ, երկաթյա դարպասներով երկհարկանի տուն կա: Բակում շինանյութ է լցրած, երկրորդ հարկի պատուհաններին՝ պոլիէթիլենային թաղանթ: Լսվում է հաստոցի ձայնը. Ալիխան Կուրաձեն տախտակներն է մշակում, որոնցից պատրաստվում է դռնել պատրաստել: Նա 81 տարեկան է, և ընդամենը մի քանի տարի է, ինչ նոր կյանք է սկսել: Աստիճանաբար տունն է բարեկարգում:
Ալի պապիկը (այդպես են նրան ասում գյուղում) ընդամենը 7 տարեկան է եղել, երբ համագյուղացիների հետ միասին նրան նստեցրել են մթերային վագոն և տարել հայրենիքից հեռու: Հարազատ վայրեր նա վերադարձել է միայն 6 տարի առաջ 75 տարեկան հասակում:
Կուրաձեն կիսատ-պռատ է հիշում 1944թ-ին այն նոյեմբերյան գիշերվա դեպքերը. «Մեզ բեռնատարներ նստեցրին, կանայք լալիս էին: Տարան երկաթուղու կայարան, լցրին մթերային վագոններ: 25 օր ճանապարհին ենք եղել: Շատ նեղվածք էր, սնունդ չկար: Մեր վագոնում ճանապարհին մի քանի մարդ մահացավ: Մեզ հասցրին Ուզբեկստան և բնակեցրին տարբեր շրջաններում»: Ալիխանի ընտանիքն ուղարկել են Ֆերգանի շրջան:
«Այնտեղ, ուր մեզ բերեցին, սաստիկ ձմեռ էր: Ուտելու բան չկար, ջուրը պիտանի չէր: Մարդիկ թունավորվում և մահանում էին: Այդպես է մահացել պապս: Որոշ ժամանակ անց որպես փոխհատուցում մեզ մի կով տվեցին»:
Ալիխան Կուրաձեն Ֆերգանի շրջանում 18 տարի է անցկացրել:
«Մի անգամ ինձ դպրոցում հարցրին, թե ինչ ազգության եմ: Ես չգիտեի, թե ով եմ: Պատասխանեցի՝ կովկասցի: Նրանք ասացին, իբր դա ինչ ազգ է՝ կովկասցին: Կովկասը մեծ է: Երբ տուն եկա, մորս հարցրի, թե ինչ ազգություն ունենք մենք: Նա ասաց, որ մենք վրացիներ էինք, սակայն մուսուլման դարձանք: Ես ինքս այն ժամանակ չէի հասկանում, թե արդյոք դա այդպես է: Հենց այդ պահից սկսած՝ ես ինձ վրացի եմ համարում», — պատմում է Ալիխանը:
Իր ծագումն ու ազգությունը նա ստիպված է եղել բազմաթիվ անգամ ապացուցել և պարզել:
94-ամյա Սեյֆաթ Դուրսունովի պատմությունը կրկնում է նրա հազարավոր ցեղակիցներինը: Նա Վրաստան է վերադարձել 88 տարեկան հասակում: Հիմա ապրում է Վալե ավանում: Վերջերս ոտքն է կոտրել և մահճակալին գամվել:
«Մենք իրավունք չունեինք նույնիսկ մի գյուղից մյուսը գնալու: 14 տարի ես ապրել եմ մի ուզբեկական գյուղում, առանց լքելու այն: Ամեն ամիս մենք ստորագրում էինք, որ իրականում այդտեղ ենք և ոչ մի տեղ չենք գնացել», — պատմում է Սեյֆաթը:
Արտաքսումից առաջ նա ապրել է Ադիգենի շրջանի Ուտկիսուբանի գյուղում: Նա այն գիշեր 19 տարեկան է եղել, և ամեն ինչ գերազանց է հիշում:
«Աշուն էր: Զինվորներ եկան, մեզ օգնում էին բերքը հավաքել: Ես մի քիչ ռուսերեն գիտեի և ողջ իմ ժամանակը նրանց հետ էի անցկացնում: Սակայն նրանք մեզ ոչինչ չէին ասում: Մի գիշեր մեզ արթնացրին… Ամեն ինչ այնտեղ մնաց՝ բերքը, 14 կով, մեծ երկհարկանի տունը»:
Նա պատմում է Ուզբեկստանում անցկացրած կյանքի մասին. «Տեղացիները մեզնից վախենում էին, մտածում էին, թե մենք մարդակեր ենք: Սակայն հետո սովորեցինք միմյանց, հյուր էինք գնում, միմյանց հարսանիքների հրավիրում: Նրանց հարսանիքները զվարճալի էին. անընդհատ պարում էին, երգում և շատ էին ուտում»: Սակայն Ուզբեկստանը մուսուլման մեսխերի մեծ մասին համար ընդամենը ժամանակավոր ապաստան էր: 80-ականներին, երբ այնտեղ ջարդեր տեղի ունեցան ազգային հողի վրա, մեսխերը կրկին հետապնդումների զոհ դարձան: Այս անգամ նրանք ապաստան գտան Ադրբեջանում և Ռուսաստանի հարավային շրջաններում:
Վրաստան վերդարձը շատերի համար երազանք էր մնում: Ալիխանն ու Սեյֆաթը մի քանի անգամ փոխել են բնակության վայրը: Սկզբում երկուսն էլ բնակություն են հաստատել Ադրբեջանում: Դեգերումների ժամանակ Ալիխանը կորցրել է տղաներից մեկին: «Մենք ոտքով անցնում էինք Մուղանի անապատով: Ճանապարհին եղբայրս հիվանդացավ և մահացավ», — ասում է Ալիխանի դուստրը՝ Գուլոն, որն այժմ հոր հետ է ապրում: Երկուսն էլ՝ Ալիխանն ու Սեյֆաթը, ասում են, որ անընդհատ մտածում էին տուն վերադառնալու մասին:
Դուրսունովների և Կուրաձեների ընտանիքի բոլոր անդամները տարբեր ազգություն ունեն. նրանց ազգությունը գրանցել են՝ համաձայն այն բանի, թե որ երկրում են ծնվել: Նրանց ծնողների և ազգակիցների գերեզմանները սփռված են մի քանի երկրներում:
«Ադրբեջանում ավելի լավ էինք ապրում: Սակայն դա այնուամենայնիվ իմ հայրենիքը չէր: Ես հայրենիք չունեի: Բանակում հարցրին, թե ինչ ազգության եմ: Ես վախենում էի ծաղրից և ասացի, որ ադրբեջանցի եմ: Նրանք չհավատացին, թե նման չես: Այդ ժամանակ ասացի, որ թուրք եմ: Ոչ, ասացին, թուրքերեն ճիշտ չես խոսում: Ոչ ոք ոչ մի տեղ չէր ընդունում մեզ, իր ազգից չէր համարում», — պատմում է Ալիխան Կուրաձեն:
Վերադարձ
Մուսուլման մեսխերը սկսել են Վրաստան վերադառնալ դեռևս 80-ականների վերջին, երբ Խորհրդային Միությունն արդեն փլուզման եզրին էր: Ալիխան Կուրաձեն առաջին վերադարձածներից մեկն էր:
Սկզբում նա բնակություն է հաստատել Արևմտյան Վրաստանի Օզուրգեթիի շրջանում, իսկ 1989թ-ին փորձել է վերադառնալ պատմական հայրենիք՝ Սամցխե-Ջավախեթիի շրջան, սակայն տեղացիները նրան վռնդել են:
«Մայիս ամիսն էր, անընդհատ անձրևում էր: Ընտանիքի հետ միասին մենք վրանում էինք ապրում: Այնտեղ ձգեցինք 30 օր: Մի օր մեզ վրա հարձակվեցին և ավերեցին մեր վրանը: Մեզ ասում էին, թե ինչու ենք վերադարձել, ինչ ենք այստեղ կորցրել: Նրանք չէին հավատում, որ այստեղ մեր արմատներն են», — հիշում է Ալիխանը:
«Սակայն հայրս չէր հանգստանում: Ինչ ինձ հիշում եմ՝ անընդհատ Մոսկվա ու Թբիլիսի էր մեկնում, փորձում էր վերադարձի թույլտվություն ստանալ», — ասում է Գուլո Կուրաձեն:
Այնպես, ինչպես հարյուրավոր այլ մեսխեր, տարիներով վերադարձի իրավունքի է ձգտել նաև Սեյֆաթ Դուրսունովը. «Մենք տարբեր ատյաններով ենք անցել, մեզ ասում էին՝ համբերեք, ժամանակը կգա»:
Գործընթացը մեռյալ կետից շարժվեց 2000-ականների սկզբին: 1999թ-ին Եվրախորհուրդ մտնելիս Վրաստանն իր վրա պարտավորություն վերցրեց հայրենադարձել մուսուլման մեսխերին: Կոնտկրետ քայլեր ձեռնարկվեցին՝ չնայած հասարակության մի մասի ընդդիմությանը, 2007թ-ին հայրենադարձության մասին օրենք ընդունվեց:
Ջամիլիան՝ արտաքսված մեսխ Սեյֆաթ Դուրսունովի թոռը, Վրաստանի Վալե ավանի իրենց նոր տան մոտ: Լուսանկարը՝ Օթար Ացկուրելիի, JAMnews
Մուսուլման մեսխերի վերադարձի հակառակորդներն այն փաստարկն էին բերում, որ երկիրը ֆինանսապես ի վիճակի չէ նրանց ապահովելու, ինչպես նաև խնդիր էին տեսնում նրանց դավանանքում և ասում էին, որ մուսուլմանների վերադարձը կոնֆլիկտ կստեղծի տեղի քրիստոնյա բնակիչների հետ:
Միաժամանակ տարբեր երկրներում սփռված մեսխերը սկսեցին ինքնակամ հայրենիք վերադառնալ: Առաջին անգամ Վրաստանի Գորի քաղաք առանց որևէ թույլտվության վերադարձավ և Սեյֆաթ Դուրսունովը: Նա հույս ուներ, որ իշխանություններն իրեն բնակարան կտրամադրեն, սակայն այդպես չեղավ, այդ պատճառով էլ նա շուտով Ադրբեջան վերադարձավ:
Երկրորդ անգամ Դուրսունովները Վրաստան եկան 2005թ-ին, արդեն ուղիղ Սամցխե-Ջավախեթի՝ հույսը դնելով միայն իրենց վրա: Վաճառեցին իրենց տունն Ադրբեջանում և նորը սկսեցին կառուցել Վալեում: Այդ օրվանից 12 տարի է անցել: Տան բակում նախկինի պես շինարարական աշխատանքների համար ավազ է լցրած: Ֆինանսապես երեխաներն են օգնում, որոնք ապրում են Թուրքիայում և Ադրբեջանում: Սեյֆաթն ապրում է դստեր և 24-ամյա թոռան՝ Ջամիլիայի հետ:
Առաջին անհաջող փորձից հետո հայրենիք է վերադարձել նաև Ալիխան Կուրաձեն: Նա ասում է, որ 1989թ-ից ի վեր շատ բան է փոխվել: Եվ Դուրսունովները, և Կուրաձեներն ասում են, որ ժամանակի ընթացքում փոխվել է նաև տեղացիների վերաբերմունքն իրենց:
«Տեղացիներն արդեն այլ են, նրանք մեր մասին շատ ավելի բան գիտեն: Արդեն թշնամանք չենք արտահայտում: Սակայն նրանց համար մենք այնուամենայնիվ օտար ենք, նրանք մեզ թաթար են անվանում», — ասում է Ալիխանը:
Պայքար իրավունքների համար
Հայրենադարձության մասին օրենքի ընդունումից 10 տարի անց մուսուլման մեսխերի մի մասը մինչ այժմ հայրենադարձի կարգավիճակ չունի: Շատ ավելի քիչ մարդ քաղաքացիություն է ստացել, ինչը զգալիորեն բարդացնում է նրանց կյանքը Վրաստանում:
Որպես առանց քաղաքացիության անձինք նրանք չեն կարող օգտվել համընդհանուր առողջապահության ծրագրից: «Նրանք սոցիալ-տնտեսական երաշխիքներ չունեն, դեռ խնդիր են գույքի հետ կապված հարցերը», — ասված է Վրաստանի ժողովրդական պաշտպանի 2015թ-ի հաշվետվությունում:
Սեյֆաթ Դուրսունովը մեկ անգամ չէ, որ քաղաքացիության հարցով մերժում է ստացել: Քաղաքացիություն չունի նաև 24-ամյա Ջամիլիան, որը սովորում է Սամցխե-Ջավախեթիի նախապատրաստական ֆակուլտետում և պատրաստվում է բիզնես-վարչարարության ֆակուլտետում սովորել:
Պաշտոնական վիճակագրությունն այսպիսին է. ընդհանուր առմամբ հայրենադարձի կարգավիճակի համար դիմել է 5841 մարդ: Կարգավիճակ է ստացել 1998-ը: Նրանցից 494-ը պայմանական քաղաքացու կարգավիճակ ունեն, ինչը նշանակում է, որ նրանց վրացական քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ նրանք հրաժարվեն այլ երկրի քաղաքացիությունից:
Կառավարության ներկայացուցիչները բացատրում են, որ քաղաքացիության և կարգավիճակի հարցով մերժման գլխավոր պատճառն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունն է:Սամցխե-Ջավախեթիում այսօր մինչև 50 արտաքսված մեսխերի ընտանիք է ապրում: Նրանցից 20-ն ապրում է Ախալցխայի մթերային կայարանում: Մնացածները՝ Վալեում, Ադիգենիում և Աբաստումանիում:
Նրանց մեծ մասն ինքնուրույն Վրաստան է վերադարձել, իրենց հաշվին տներ գնել և ապրում է գյուղատնտեսության հաշվին, որը վարում է տանը հարակից փոքր հողակտորներում, միրգ ու բանջարեղեն է աճեցնում: Նրանց մեծ մասը ռուսերեն է խոսում, վրացերեն գիտի միայն երիտասարդությունը:
«Տոլերանտ» կազմակերպության ղեկավար Ցիրա Մեսխիշվիլին երկար տարիներ զբաղվում է մուսուլման մեսխերի խնդիրներով: Նա ասում է, որ Վրաստանի իշխանություններն իրականում ֆորմալ կերպով են կատարել իրենց վրա վերցրած պարտավորությունները:
«Սակայն գոյություն ունեն նաև բարոյական և սոցիալական պարտավորություններ. չէ՞ որ այստեղ վերադարձողները պետք է արժանավայել ապրեն: Այդ մասին օրենքը ոչինչ չի ասում, իսկ պետությունը ոչինչ չի անում: Եթե նրանք քաղաքացիություն ունենային, շատ խնդիրներ կարող էին լուծել», — ասում է նա: