Տնային կալանք ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ․ ինչո՞ւմ է մեղադրվում
Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը փետրվարի 14-ին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, նախօրեին ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր հրապարակել է որոշում՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով երկամսյա տնային կալանքը։
«Բողոքարկելու եմ»,- դատարանի դահլիճում հայտարարել է նա։
Փաստաբան Տիգրան Եգորյանի փոխանցմամբ՝ Քերոբյանը մեղադրվում է ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Նախկին նախարարը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանական կողմը կարծում է՝ «հիմքերը բավականին թույլ են, իսկ եզրահանգումները՝ ենթադրությունների մակարդակում»։
Քննչական կոմիտեն քրեական գործից մանրամասներ է հայտնել՝ տեղեկացնելով, որ Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ: Նրանցից 5-ը հենց Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ են։
«Քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»
Նախքան Հակակոռուպցիոն դատարանի կողմից վճռի հրապարակումը Վահան Քերոբյանն ասել է լրագրողներին, որ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Անդրադարձել է նաև իր հրաժարականին։ Հայտնել է, որ ազատման դիմումը գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջարկով։
«Ուրախ չէին իմ աշխատանքի համար»,- մեկնաբանել է նախկին նախարարը։
Փաշինյանի հետ շփումների մասին հարցին արձագանքել է՝ ասելով, որ շնորհակալ է համատեղ աշխատանքի համար։ «Երկրին ծառայելու այս հնարավորության համար» ղեկավարին շնորհակալություն էր հայտնել նաև օրեր առաջ՝ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնելով իր հրաժարականի մասին։
«Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին»,- գրել էր Քերոբյանը՝ առանց անհամաձայնությունների մասին մանրամասներ հայտնելու։
Նախաքննությունը շարունակվում է
Քննչական կոմիտեից հայտնում են, որ վարույթը վերաբերում է նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված չարաշահումներին։ Նշված բանկի ստեղծման նպատակով դեռևս երկու տարի առաջ՝ 2022 թ․-ին հայտարարվել է երկփուլ մրցույթ։ Մասնակցելու համար դիմել են 4 տնտեսվարողներ, որոնցից նախաորակավորման փուլը հաղթահարել և բուն մրցույթին մասնակցել են երկու տնտեսվարողներ՝ «Ս» ընկերությունը և «Հ» հիմնադրամը:
Պաշտոնապես հայտարարվում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել են քննչական և գաղտնի քննչական գործողություններ, Ազգային անվտանգությհան ծառայության աշխատակիցներն իրականացրել են մեծ ծավալով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ․
«Պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի խումբ պաշտոնատար անձինք, կանխակալ որոշում ունենալով՝ մրցույթում «Ս» ընկերությանն ամեն գնով հաղթող ճանաչելու վերաբերյալ, այդ նպատակի իրագործման համար խմբի կազմում ընկերության տնօրենի և աշխատակիցների օժանդակությամբ կատարել են գործողություններ՝ ուղղված մրցակցության սահմանափակմանն ու «Ս» ընկերության մրցակցին մրցույթից հեռացնելուն»։
Բացի այդ, մրցույթի ընթացքում սահմանել են նոր կամ փոփոխված պայմաններ, որոնք հնարավորություն են տվել «Հ» հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը դիտարկել որպես չհամապատասխանող և մրցույթից հեռացնել նրան։ Բանկի ստեղծման արժեքը շուրջ 300 հազար դոլար է։ Մինչդեռ հաղթող ճանաչված «Ս» ընկերության գնառաջարկը եղել է մինչև 700 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամ։
«Պարզվել է նաև, որ «Ս» ընկերության աշխատակիցն ու տնօրենը, իմանալով մրցույթում ընկերության հաղթանակը երաշխավորված լինելու մասին և օգտվելով մրցույթում փաստացի մրցակից չունենալու հանգամանքից, 50 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամով ավելացրել են ծրագրի արժեքը, և մրցույթում հաղթող է ճանաչվել 1 մլն դոլարին համարժեք՝ ավելի քան 392 մլն ՀՀ դրամ գին առաջարկած ընկերությունը»,- տեղեկացնում են քննչական կոմիտեից։
Մյուս ընկերությունը՝ «Հ» հիմնադրամը մրցույթում հաղթող է ճանաչվել միայն մեկ տարի անց՝ դատարանի 2023 թ․-ի հունիսի 20-ի վճռով։ ՔԿ-ից հայտնում են, որ նույնիսկ դրանից հետո «նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է»։
Կոմիտեի գնահատմամբ՝ այս գործողությունների արդյունքում «Հ» հիմնադրամի և պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել։
Նախապատմություն
Այս գործով մեղադրանքներ են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար հինգ անձի և «Սիներջի» ընկերության երեք ներկայացուցչի:
Ավելի վաղ պաշտոնից ազատվել, այնուհետև նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Նշված գործով են անցնում նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանն ու նախկին աշխատակից Անի Գևորգյանը։ Ի դեպ, Անի Գևորգյանը խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է։
Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, մյուս երեքը կալանավորվել էին: ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նրանց խափանման միջոցները փոխելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել դատախազություն։
Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները փոխվել են։ Դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է նրանց նկատմամբ կիրառել «համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»։ «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը շարունակում է կալանավորված մնալ։
Նախքան հրաժարականը էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը «պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում»։
«Եթե մարդուն գողություն անելուց չեն բռնել, հիմա մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու։ Կարծում եմ՝ մենք պետք է մշակութային փոփոխություն անենք, հասկանանք՝ մենք թո՞ւյլ ենք տալիս, որ մարդիկ սխալներ թույլ տան երբեմն, չնայած այս պարագայում ես վստահ եմ, որ այդպիսի սխալներ էլ առանձնապես չկան», — ասել էր Քերոբյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել