«Վախենում ենք աշխատանքը կորցնել»․ վրացական Ախալքալաք քաղաքը COVID-19–ին սպասելիս
Ազգային փոքրամասնությունները Վրաստանում հայտնվել են ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ մարտի 23–ին կարանտինի պատճառով փակվել է միանգամից երկու քաղաք՝ Մառնեուլին և Բոլնիսին։
Տեղի բնակչի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել այն բանից հետո, երբ նա արդեն մասնակցել էր բազմամարդ կրոնական միջոցառման և կարող էր վարակել այնտեղ գտնվող տասնյակ անձանց։
Մառնեուլին խիտ բնակեցված է ադրբեջանական համայնքով, և սոցցանցերում հայտնվեցին զայրացած, անհանդուրժողականությամբ լի մեկնաբանություններ, որոնցում ազգային փոքրամասնությունները մեղադրվում էին վարակի տարածման համար։
Մեկնաբանություններում օգտատերերն ասում էին, որ նրանք վրացերեն չգիտեն, այդ պատճառով էլ համաճարակի և արտակարգ դրության պահանջների մասին ոչինչ չգիտեն, որը հայտարարվել է մարտի 23–ին։
Վրաստանի Ջավախքի շրջանի Ախալքալաք քաղաքը բնակեցված է հայկական համայնքով։ Ի՞նչ գիտեն այստեղ համաճարակի և արտակարգ դրության մասին, և ինչպե՞ս է փոխվել մարդկանց կյանքը։
- Վրաստանի Մառնեուլի քաղաքը՝ համաճարակի սպասելիս։ Ի՞նչ է կատարվում քաղաքում, որը կարանտինի պատճառով փակ է (լուսանկարներ)
- Ամայացած Թբիլիսին կորոնավիրուսի համաճարակի օրերին
Վարակի մասին հնարավոր չէ չիմանալ, քանի որ ախալքալաքցիների տիպիկ կյանքն արմատապես փոխվել է։ Փակ են բոլոր հաստատությունները, սահմանները, սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, խաղատներն ու այլ հաստատությունները։
Կորոնավիրուսի մասին խոսում են բոլոր ռուսական և հայկական հեռուստաալիքները, որոնք էլ հիմնականում դիտում են Ջավախքում։
Մարզպետի գրասենյակն ակտիվորեն տեղեկություններ է տարածում արտակարգ դրության մասին տեղական հայալեզու լրատվամիջոցներով։
Ինքնամեկուսացած քաղաքացիներ էլ կան՝ 343 մարդ։ Եվս 27–ը կարանտինի մեջ է, բայց ոչ Ախալքալաքում։ Խոսքն այն բնակիչների մասին է, որոնք տուն են վերադարձել արտակարգ դրության հայտարարումից հետո, երբ կարանտինը պարտադիր է դարձել Վրաստան ժամանող բոլորի համար։
Ախալքալաքի փողոցները սակավամարդ են, շատերը ձգտում են կատարել տանը մնալու պահանջը։ Սակայն փոխարենը շատ են մեքենաները։
«Այո, գիտենք վարակի մասին, սակայն ի՞նչ կարող ենք անել։ Ոչինչ։ Քաղաք եմ եկել՝ ծխախոտ գնելու», — ասում է Կուլիկամ գյուղի մի բնակիչ։
Մթերային խանութներում, շուկայում և դեղատներում աշխատում են ձեռնոցներով և դիմակներով։ Ներս են թողնում հերթով, տարածքում տասը մարդուց ավելին չի կարող լինել։ Փոխարենը դռների մոտ արդյունքում մի ամբողջ խումբ է հավաքվում։
«Վարակից վախենում ենք, բայց ի՞նչ անենք, պետք է բանկից փող ստանալ և խանութից ինչ–որ բան գնել։ Ստիպված էի երեխաներին հետս վերցնել, որովհետև չկա մեկն, ում մոտ կարելի է թողնել», — ասում է երկու աղջիկների մայրը, որը բանկի մոտ կանգնած էր։
Այլևս աշխատանք չկա
Կորոնավիրուսից ոչ պակաս Ախալքալաքում վախենում են հետևանքներից։
Սեզոնը սկսվում է, սակայն տեղացիները չեն կարող աշխատանքի մեկնել Ռուսաստան, սա աշխատանք գտնելու ավանդական միջոցն է այս շրջանում։
Կանգ է առել ամեն ինչ՝ շինարարությունից մինչև առևտուր։
Խանութների տերերն ասում են, որ գնումների բումն անցել է, դարակաշարերում ամեն ինչ կա։
«Բումը սկզբնական շրջանում էր։ Սրբում էին ամեն ինչ։ Այժմ խանութում ապրանքի պակաս չկա, ամեն ինչ բերվում է Թբիլիսիից։ Այժմ գնորդների պակաս կա։ Ամեն ինչ գնել են, այժմ տանը նստած են։ Հազվադեպ է որևէ մեկը գալիս»,- ասում է Ախալքալաքի խանութներից մեկի վաճառողը։
Եկեղեցում պատարագներն առանց հավատացյալների են անցկացվում
Համաճարակի մեկնարկը համընկել է Զատկին նախորդող Մեծ Պահքի շրջանի հետ։ Սակայն Ախալքալաքի կենտրոնի Սուրբ Խաչ եկեղեցին դատարկ է։
Հայ առաքելական եկեղեցու Ջավախքի և Ծալկայի առաջնորդարանը որոշել է հավատացյալներին վտանգի չենթարկել և ծեսերն անցկացնում է փակ դռների հհտևում՝ առանց հավատացյալների մասնկացության։
Հայկական եկեղեցին կոչ է արել տեղի բնակչությանը խստորեն հետևել սանիտարահիգիենիկ կանոններին և Վրաստանի իշխանությունների ցուցումներին։
Հայ համայնքում անորոշ ժամանակով չեղարկվել են պսակադրության և մկրտության արարողությունները։ Թաղման արարողությունն անցկացվում է միայն գերեզմանոցում, և եկեղեցին կոչ է արել զերծ մնալ բազմամարդ թաղումներից և հոգեհանգստի արարողություններից, ինչպես նաև ձեռքսեղմումով ցավակցելու ավանդույթից։