Սև թանաքաձկով բուրգեր
Vincenzo-ն նոր սրճարան է Ցխինվալում, որը տեղի ռեստորանային բիզնեսում հեղաշրջում է անում:
• Առաջին հերթին, սա եվրոպական մակարդակի առաջին հաստատությունն է Հարավային Օսիայում:
• Երկրորդը՝ սա միակ բազմամակարդակ շենքն է քաղաքում:
• Երրորդը՝ այստեղ միանգամից 3 խոհանոց են առաջարկում՝ օսական, եվրոպական և ճապոնական:
Եվ ի վերջո, Վինչենցոյում հրաշք մանղալ կա՝ միակն ու անկրկնելին: Սակայն այդ մասին ավելի ուշ:
Ինչպես ասում է սրճարանի տերերից մեկը՝ Ալբերտ Վալիևը, այստեղ ամեն ինչ նորաձևության և տեխնիկայի վերջին խոսքով է արված, ինչպես ճարտարապետությունն ու կահույքն, այնպես էլ օդափոխությունն ու օդորակումը և սպասարկման որակը:
Ընդհանուր առմամբ այստեղ 80 երիտասարդ է աշխատում և “Վինչենցոյի կառավարիչ Անդրեյ Սոկուրն ասում է, որ մի քանի ամիս ինքն է սովորեցրել աշխատանքի կանոններին ու ոճին:
“Սովորեցրել եմ ճիշտ սեղան ձևավորել, մթնոլորտ ստեղծել, ճիշտ խոսել հյուրերի հետ, արագ և գեղեցիկ սպասարկել: Իմ դիրքորոշումն այսպիսին է. ոչ միայն մատուցող դաստիարակել, այլ նաև անհատ, ով ապագայում կկարողանա սեփական պետությունը ղեկավարել: Վստահ եմ, որ մեզ մոտ վարպետաց դասընթացներ անցածները իրենց տեղը կյանքում կգտնեն:
Անժելա Կոկոևան ընդհանրապես լրագրող է, սակայն երբ երկու տարի առաջ ավարտեց համալսարանը, հեռուստատեսությունում պրակտիկա անցավ, հանկարծ հասկացավ, որ չի ուզում այլևս դրանով զբաղվել:
“Չգիտեմ էլ, թե հետս այն ժամանակ ինչ տեղի ունեցավ: Պատճառը նույնիսկ չեմ կարող բացատրել, սակայն լրագրությունը սկսեցի էլ չսիրել: Իսկ այստեղ ես մատուցող եմ աշխատում բացման օրվանից, և ինձ շատ է դուր գալիս, լավ էլ վաստակում եմ՝ ամսական մոտ 20 հազար ռուբլի (մոտ 300 դոլար), շնորհիվ առատ թեյավճարների:
“Վինչենցո սրճարանն այնքան էլ էժան գաղափար չի եղել, և հազիվ թե այն հնարավոր լիներ բացել, եթե չլիներ ներդրումային գործակալության օգնությունը: Սրճարանի յուրաքանչյուր հարկն ավելի քան 200 քառակուսի մետր է: Ալբերտ Վալիևի խոսքով, միայն կահույքի վրա 5 մլն ռուբլի (76 հազար դոլար) է ծախսվել, խոհանոցային պարագաների վրա՝ 3,5 մլն (մոտ 52 հազար դոլար):
“Մենք արդեն ներդրել էինք նախագծի արժեքի մեր պարտադիր 10 տոկոսն ու երկու վարկ վերցրել՝ տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով: Սկզբում հիասթափվեցինք, քանի որ հիմնական ֆինանսավորման հետ կապված խնդիրներ եղան և չկարողացանք սրճարանը պլանավորված ժամկետում բացել, բացեցինք 2015թ-ի դեկտեմբերի վերջին: Իսկ անձնակազմին արդեն պատրաստել էինք: Աշխատակիցների մի մասն արդյունքում չսպասեց և այլ աշխատանք գտավ, այդպիսով մենք կորցրինք նրանց վրա ներդրած գումարը:
Ալբերտ Վալիևը կատակում է. “Այնպես ստացվեց, որ “Վինչենցոն սկսեց բարեգործությամբ զբաղվել՝ դեռևս ոտքի չկանգնած, անվճար կադրեր պատրաստեց:
Ընդհանրապես, “Վինչենցոն իհարկե նյարդային փորձարկում է սեփականատերերի համար, ովքեր մեծ վարկ են վերցրել: Սակայն ներդրումային գործակալության համար սա նույնպես իրադարձություն է, քանի որ սա առաջին ներդրումն է տեղական բիզնեսի զարգացման գործում՝ 2014թ-ին իր հիմնադրման օրվանից:
“Դա մեր առաջնահերթությունն է՝ աջակցել ձեռնարկատերերի, ովքեր մտադիր են հանրապետությունում սեփական բիզնեսը բացել կամ զարգացնել այն: Այդպիսով մենք առաջարկում ենք միանգամից երկու նպատակի հասնել՝ ներդրումներ ներգրավել և զարգացնել տեղական ձեռնարկատիրությունը, — ասում է տնտեսական զարգացման նախարարության աշխատակիցը:
Այն բանից հետո, երբ “Վինչենցոն սկսեց լավ աշխատել, ներդրումային գործակալությունը որոշեց ևս երկու նախագծերի աջակցել՝ մսի վերամշակման գործարանի և մանկապարտեզի, ևս երեք հայտերի ճակատագիրը կորոշվի 2 ամիս անց:
“Վինչենցոն այդ ընթացքում ըստ հայտնիության առաջին տեղերն է սկսում զբաղեցնել՝ չնայած տեղական հասարակության համար իր ոչ ավանդական լինելուն:
Սրճարանի առաջին հարկը երեխաների համար է նախատեսված, այստեղ կարելի է ծնունդներ ու տարբեր տոնական միջոցառումներ անցկացնել, և սա միակ վայրն է քաղաքում, որտեղ երեխաների համար կարելի է տոն կազմակերպել պրոֆեսիոնալ անիմատորի մասնակցությամբ:
Երկրորդ հարկում «Bistro» է, այստեղ տորթերն ու թխվածքներն են:
Երրորդ հարկում հատուկ լուսավորությամբ ռեստորան է:
Իսկ չորրորդում՝ ամառային հարթակ բարով, հիանալի տեսարանով և այն հրաշք մանղալով: Այն քարից ու երկաթից է սարքած և դրա վրա կարելի է խորովել ու տապակել ինչպես միս, այնպես էլ ձուկ ու բանջարեղեն:
Բոլոր հարկերի մատուցողները միևնույն ձև են հագնված՝ բավականին համեստ: “Սկզբում մտածեցինք, որ մարդիկ մեզ մոտ կգան գեղեցիկ հագնված: Սակայն տղամարդիկ հաճախ գալիս են սպորտային հագուստով կամ շորտերով, հետևաբար իմաստ չունի, որ մատուցողները թիթեռ-փողկապով լինեն, — ասում է կառավարիչ Անդրեյ Սոկուրովը:
“Վինչենցոյի ամենահայտնի ուտեստը սև բուրգերն է: Դրա անսովոր գույնը ստացվում է սև թանաքաձկան բնական գունանյութի հավելման և սպիտակ քնջութի հատիկների շնորհիվ:
Ամենապահանջված ըմպելիքը “մանկության կաթնային կոկտեյլն է՝ ընկույզով, շոկոլադով ու թխվախքաբլիթով: Տարածված են նաև տեղական թուրմերը՝ հացի, լոռամրգի և տանձի:
Ամենաշատ գնվող աղանդերը բանանով ու շոկոլադով տորթն է, որը թխվում է Վլադիկավկազի հրուշակեղենի արտադրամասում:
Անժելա Կոկոևա.
“Երբ դեռ նոր էինք բացվել, մի դեպք եղավ, որը ժպիտով եմ հիշում: Հյուրերից մեկը սթեյք պատվիրեց, երբ բերեցի այն, հարցրեց, թե ինչ թավայում ենք պատրաստել: Ես էլ չկորցրի ինձ, ասացի՝ առանձնահատուկ: Նրան դուր եկավ: Ես այսպիսի արտահայտություն եմ լսել՝ եթե մատուցողն աշխատում է միայն աշխատավարձի համար, նա վատ մատուցող է: Այնպես որ, ես լավ մատուցող եմ:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 09.08.2016