Շոգ եղանակի և քիչ տեղումների պայմաններում Հայաստանի գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը։ Այս կապակցությամբ գյուղացիները ծանր դրության մեջ են հայտնվել։ Բերքը չկորցնելու նպատակով որոշվել է Սևանա լճից ջրառի ծավալները մեծացնել։
Ոռոգման նպատակով Սևանի ջրի բացթողնման տարեկան չափաքանակը գրեթե սպառվում է։ Այս պահին նախատեսված 170 մլն մ³-ից 157 մլն մ³-ն արդեն բաց է թողնվել։
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ։
Ըստ դրա՝ նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողնման 170 մլն մ³ չափաքանակը դարձնել մինչև 245 մլն մ³։
Նախարարի տեղեկացմամբ՝ 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը եղել է 226.21 մլն մ³։ 2020թ. նույն ժամանակահատվածում եղել է 351.98 մլն մ³։
«Շոգ եղանակով և քիչ տեղումներով պայմանավորված` Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը։ Ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորածից շուտ ջրի բացթողումներ», — նշեց Սանոսյանը։
Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ տարեսկզբից այս թեմայով տարբեր քննարկումներ են եղել, և իրեն զեկուցել են, թե 2021-ին Սևանա լճի մակարդակի աննախադեպ աճ է գրանցվելու։ Վերջին քննարկումը մեկ ամիս առաջ է եղել, խնդիրների այս ծավալը վարչապետին չի ներկայացվել։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հաստատեց, որ այս տարի պետք է գրանցվեր լճի այնպիսի բարձր մակարդակ, ինչպիսին չէր եղել վերջին 60 տարիներին։
«Կանխատեսումների համաձայն՝ հունիսի 30-ի դրությամբ Սևանա լճի բարձրությունը 1901 մետրի պետք է հասներ, բայց այս տարի ջրառ իրականացրինք 12 օր շուտ՝ պայմանավորված աննախադեպ բարձր ջերմային ֆոնով։ Դրան գումարվեց նաև սակավաջրությունը հանրապետությունում և գետերում առկա ջրային զանգվածի շուրջ 40 տոկոս նվազումը, ինչն էլ հանգեցրել է այս վիճակին», — պարզաբանեց Պետրոսյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի մակարդակը 4 սանտիմետրով ցածր է։
Քննարկումից հետո նախագիծը դրվեց քվեարկության։ Կառավարության անդամները Սևանա լճից կատարվող ջրառի ծավալները մեծացնելուն կողմ քվեարկեցին։