Սրացում հայ-ադրբեջանական սահմանին։ Կան զոհեր և վիրավորներ
Հուլիսի 28-ի գիշերվանից իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված է, հաղորդվել է տեղային մարտերի մասին։ Կան զոհեր և վիրավորներ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ սրացումը հայ-ադրբեջանական սահմանին կապում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հուլիսի 28-ին նախատեսված հանդիպման հետ։
Կողմերի պաշտոնական տեղեկատվությունը և կարծիքներ իրադրության մասին։
- Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։ Երևանի պատասխանը Բաքվի մեղադրանքներին
- «Մենք մեր տարածքում ենք»․ Ալիևը՝ Հայաստանի հետ սահմանի և Արցախի կարգավիճակի մասին
Տեղեկություններ Երևանից
Հուլիսի 28-ի առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ադրբեջանի հետ սահմանին տեղային մարտերի մասին, որոնք սկսվել են ժամը 03:40-ին մոտ։
«Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում», — ասված է ՊՆ առաջին հաղորդագրությունում:
ՊՆ-ն նշել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Ժամը 9:20-ի դրությամբ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, որոնք հարձակում են նախաձեռնել Գեղարքունիքի մարզի (Սոթք-Վերին Շորժա) հայկական դիրքերի ուղղությամբ, հետ են շպրտվել, հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում իրավիճակը կայուն է և Հայաստանի ԶՈւ լիակատար վերահսկողության տակ է։
Հաղորդվում է, որ Հայաստանի զինծառայողներից երեքը զոհվել են, և կա չորս վիրավոր։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ադրբեջանական կողմը ռազմական սադրանք է հրահրել Մոսկվայում կայանալիք բանակցությունների նախաշեմին դիրքերը բարելավելու նպատակով։ Հուլիսի 28-ին պլանավորված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։
Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարությամբ է հանդես եկել․
«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ։
Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։ Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։ Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնելու կրակը ժամը 10.00-ից և հայտարարել է, որ համաձայնությունը հիմնականում պահպանվում է։
Սակայն Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը հաղորդել է, որ ժամը 10։30-ի դրությամբ շարունակվել է հրաձգությունը Գեղարքունիքի մարզի 6 գյուղերի ուղղությամբ ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զենքով։ Օմբուդսմենի գրասենյակում ահազանգեր են ստացվել Սոթքի, Կութի, Նորաբակի, Ներքին Շորժայի, Վերին Շորժայի բնակիչներից, նրանք հայտնել են իրենց ուղղությամբ թիրախային կրակի մասին։
Օմբուդսմենը միջազգային հանրությանը կոչ է արել առանձնահատուկ ուշադրություն դարձնել պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությանն այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ հարձակումները քաղաքական բնույթ են կրում․
«Կրակոցներն անընդհատ հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, այդ կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ»։
Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդների հետ: Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը նրանց ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը:
Նա հայտարարել է, որ սա Ադրբեջանի ամենամասշտաբային սադրանքն է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Նա շեշտել է, որ գնդակոծությունն անմիջական սպառնալիք է հարակից բնակավայրերի խաղաղ բնակչության համար:
Հայկական կողմի դիրքորոշումը միանշանակ է. Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:
Խոսքը մայիսի 12 -ից հետո ստեղծված իրավիճակի մասին է: Ադրբեջանցի զինվորականները հատել են սահմանն ու մի քանի կիլոմետր առաջացել Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը երկու ուղղությամբ՝ Սյունիքի և Գեղաքունիքի մարզերի։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այստեղ դիրքեր են տեղակայել՝ չնայած այդ տարածքները լքելու հայկական կողմի պահանջներին։ Բանակցությունները լուրջ արդյունք չեն տվել։
Այդ օրվանից հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում։ Այս ընթացքում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու հայ զինծառայող, բազմից հաղորդվել է վիրավորների մասին։
Տեղեկություններ Բաքվից
«Հուլիսի 28-ին ժամը 00:50-ին մոտ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչարի (Վարդենիսի) շրջանի տարածքի տարբեր ուղղություններում տեղակայված մարտական դիրքերից հրազենով և նռնականետերով հերթական անգամ ինտենսիվորեն հրետակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի շրջանի տարածքում։
Հրաձգության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող՝ Սադիղ Նիզամիօղլուն և Իմրան Դիլհամօղլու Իմրանլին։ Վիրավորներին անմիջապես առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Մեր զինծառայողների կյանքին ոչինչ չի սպառնում։
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են այդ ուղղությամբ, համարժեք միջոցներ են ձեռնարկում։
Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանն է կրում ողջ պատասխանատվությունը երկու երկրների միջև պետական սահմանի երկայնքով լարվածության սրացման համար», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Շուտով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հերթական հայտարարությունն է տարածել։ Դրանում ասվում է․
«Հայաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանն ու տարածվում են բացառապես ապատեղեկատվության նպատակով […]
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ ենք անում զերծ մնալ ռազմական արկածախնդրության նպատակով սադրանքներից և երկու երկրների պետական սահմանին իրավիճակի միտումնավոր սրացումից և քաղաքակիրթ ձևով բանակցություններ սկսել պետական սահմանի սահմանազատման շուրջ»։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը։
«Հայաստանին կոչ ենք անում ընդունել տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքներն ու երկու երկրների միջև սահմանազատման շուրջ բանակցություններ սկսել։
Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, մեր տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված ցանկացած քայլ վճռական պատասխան է ստանալու», — նշել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Ադրբեջանցի քաղաքական գործիչ, «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի՝ Նաթիկ Ջաֆարլիի կարծիքով՝ եթե պետական սահմանին տեղի ունեցող սադրանքների հետևում Նիկոլ Փաշինյանն է կանգնած, դրանով նա ուզում է հայ հասարակությանը ցույց տալ ՀԱՊԿ և Ռուսաստանի՝ որպես լուրջ դաշնակիցների սնանկությունը․
«Իբր, իսկ ինչո՞ւ նրանց հետ պետք է մի կազմակերպության անդամ լինենք, սրանով ասում է Փաշինյանը։ Որովհետև անգամ եթե սահմանին մեծամասշտաբ մարտեր լինեն, ՀԱՊԿ-ը չի միջամտելու, ներկա պահին դա անհնար է։ Եվ դրա հետևանքով ադրբեջանական բանակի ցանկացած հաջողություն կարագացնի Հայաստանի անջատումը Կրեմլից և այդպիսով հնարավոր կդարձնի խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Սակայն եթե սահմանային իրադարձությունների հետևում կանգնած են Մոսկվայի հետ կապված հայ գեներալները, նրանց մտադրությունները նույնպես հայտնի են․ Հայաստանի ցանկացած խոշոր ռազմական անհաջողություն Ռուսաստանին, որը չկարողացավ Փաշինյանին հաղթել ընտրություններում, հնարավորություն կտա իշխանության բերել Քոչարյանին և նրա մարդկանց», — հավելել է քաղաքական գործիչը։
Ջաֆարլիի խոսքով՝ ընտրություններում մեծ առավելությամբ Փաշինյանի հաղթանակն ու նրա մերձեցումը Եվրամիության, Ֆրանսիայի հետ, «նյարդայնացնում է Ռուսաստանին, դա ակնհայտ է»։
«Իսկ ի՞նչ պետք է անենք մենք այս իրավիճակում։ Երևում է, որ Ադրբեջանն իր ռազմական առավելությունն ավելացնելու շանս է ստացել, սակայն մենք պետք է խելոք լինենք, չտրվենք էյֆորիային, զերծ մնանք պոպուլիստական քայլերից, չխաղանք Կրեմլի կանոններով։
Հիմա մեզ պետք է խաղաղություն, կայուն խաղաղություն, սահմանների ճանաչում, իսկ ճանապարհների բացումն առաջնահերթություն է։ Մենք պետք է մի կողմ թողնենք Զանգեզուր, Գյոյչա, Իրևան տանկերով վերադառնալու պոպուլիստական տրամադրությունները, և մեր պատմական հողեր վերադառնանք ուժեղ տնտեսությամբ, աճող ժողովրդագրական առավելությամբ, որպես իրավական պետություն։ Սա երկար, բայց ճիշտ և խելամիտ ճանապարհ է։
Մեր տարածաշրջանում սոված «գայլ» է ապրում, որը սնվում է իրավիճակի լարվածությամբ, ավելի ճիշտ, դա նույնիսկ գայլ չէ, այլ «արջ»։ Մենք պետք է հասկանանք դա և գործենք՝ դրանից ելնելով։ Ադրբեջանն ամրապնդում է իր «դե ֆակտո» և «դե յուրե» կապերը, սա շատ լավ է, բայց էյֆորիա կա, ինչը վատ է։
Եթե Կրեմլը ռազմաքաղաքական լարվածությամբ հասնի նրան, ինչին չի կարողացել հասնել ընտրությունների միջոցով, և Քոչարյանն իշխանության վերադառնա, նրա հեղինակության ավելացման համար հնարավոր են սահմանային էլ ավելի մեծ սադրանքների փորձեր նաև մեր տարածքում»,- հավելել է Ջաֆարլին։