«Սումգայիթի ջարդերը ազգային հողի վրա արված ոճրագործություն էին»․ ՀՀ ԱԳՆ
Սումգայիթի ջարդերի 35-ամյա տարելիցը
Հայաստանում ոգեկոչում են Սումգայիթյան ջարդերի 35-րդ տարելիցը։ Վաղ առավոտյան այս առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել Հայաստանի վարչապետը, նախագահը, խորհրդարանի խոսնակն ու Անվտանգության խորհրդի անդամները։
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում «ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին» զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:
35 տարի առաջ, փետրվարի 27-29-ը խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր։ Զոհվեցին հարյուրավոր մարդիկ, հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։
Հայաստանի արտաքին գերատեսչության բնորոշմամբ՝ այդ ջարդերը «ադրբեջանական իշխանությունների հրահրման և հանցավոր անգործության հետևանք» էին, դրանք Բաքուն «նախապես էր ծրագրել»։
1988 թ. փետրվարին Սումգայիթում սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ ու կանայք։ Խորհրդային բանակը լռության մատնեց իրադարձությունները, Սումգայիթ հասավ փետրվարի 28-ին, բայց ջարդերը դադարեցին միայն հաջորդ օրը:
Մինչ օրս հայտնի չէ՝ քանի զոհի մասին է խոսքը։ Ողբերգության օրերին իրենց հարազատներին փնտրող հայերը, սակայն, վկայում էին Սումգայիթի և Բաքվի դիահերձարաններում հայերի 100-ավոր դիակների առկայության մասին։
Հայաստանում կարծում են, որ այդ կոտորածները պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնցով նրանք փորձում էին իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը:
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988 թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։
Տարելիցի մյուս ուղերձները՝ ատորև
«Զանգվածային ոճրագործություն էր»․ պաշտոնական Երևանի գնահատականը
Հայաստանի արտաքին գերատեսչությունն այսպես է բնորոշել Սումգայիթի ջարդերն ու նշել, որ ոճրագործությունը կատարվել է «ազգային հողի վրա»։ Նախարարության գնահատմամբ՝ Սումգայիթի ջարդերի նպատակն էր «բիրտ ուժով ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը»։
ԱԳՆ-ն հիշեցնում է՝ միջազգային հանրությունը դատապարտել է այն, Եվրոպական խորհրդարանը բանաձևեր է ընդունել, բայց «ոճրագործության իրական կազմակերպիչներն ու իրագործողները» պատասխանատվություն չեն կրել։
«Ոգևորված անպատժելիությունից ու ամենաթողությունից, հայատյացության և անհանդուրժողականության նոր ալիք բարձրացրեցին՝ հայերի նոր ջարդեր և կոտորածներ իրականացնելով նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում»,- ասված է հաղորդագրությունում։
Արտգործնախարարությունը նկատում է՝ հետագա իրադարձությունները ցույց տվեցին «ադրբեջանական իշխանությունների հիշյալ ոճրագործությունները ոչ թե առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ»։ Հիշեցնում է՝ ավելի ուշ բռնի տեղահանվեցին նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի, իսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով նաև Հադրութի, Շուշիի, ինչպես նաև հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր:
Հաղորդագրությունում անդրադարձ է արվում նաև մեր օրերին, խոսվում է ԼՂ-ը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին։ Ըստ ԱԳՆ-ի՝ դրա նպատակը նույնպես «հայերի տեղահանումն է, ԼՂ-ի հայաթափումը»։
«Ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են»,- նշում է գերատեսչությունն ու հավելում, որ Հայաստանն «անհետաձգելի հրամայական» է համարում տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատումը։
«Նպատակը սեփական տանն ապրող հայերի բռնի տեղահանումն ու ունեզրկումն էր»․ նախագահի ուղերձը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի դիտարկմամբ՝ 35 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձություններն ակնհայտ դարձրին Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը։ Հիշեցնում է՝ անպատժելիության հետևանքով նման «բարբարոսություններ» տեղի ունեցան նաև Ադրբեջանի այլ քաղաքներում, բացի այդ՝ «ադրբեջանական իշխանությունները փորձեցին էթնիկ զտման իրենց քաղաքականությունն իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղում»։
Խաչատուրյանի խոսքով՝ Արցախում ապրող հայերն այն ժամանակ ոտքի կանգնեցին իրենց հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու անքակտելի իրավունքների համար, և այդ պայքարը շարունակվում է մինչ օրս։
«Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում»,- շեշտել է նախագահը։
Սումգայիթի ջարդերի 35-ամյա տարելիցը