Շվեդիայում սպանվել է չեչեն բլոգեր Թումսոն, ով արշավ էր իրականացնում ընդդեմ Կադիրովի
Սպանվել է չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովը
Սպանվել է չեչեն վիդեոբլոգեր, Կադիրովի մոլի քննադատ Թումսո Աբդուրախմանովը, ով աքսորի մեջ ապրում էր Շվեդիայում։ «Կովկասյան հանգույցը» գրում է, որ համախոհները հաստատել են տեղեկությունը, թեև Շվեդիայի իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել այն։
Աբդուրախմանովն անհետացել էր դեկտեմբերի 1-ին, սոցիալական ցանցերում անմիջապես սկսել էին գրել, թե հնարավոր է՝ նրան սպանել են։ «Кавказ Фронт» տելեգրամյան ալիքը, որն աջակցում է Ուկրաինայում ռուսական ագրեսիային, տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված էր տղամարդու դի, ով նման է Թումսո Աբդուրախմանովին։
Սակայն «Վայֆոնդ» ասոցիացիայի և Եվրոպայի չեչենների ասամբլեայի ներկայացուցիչներն այդ ժամանակ հայտարարեցին, որ այդ տեղեկությունները հավաստի չեն թվում:
Այժմ Աբդուրախմանովի համախոհները պատմում են, որ բլոգերը գնդակահարվել է հենց դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը։ Նրա եղբորը՝ Մուհամեդին թաքցնում են շվեդական հատուկ ծառայությունները, այդ իսկ պատճառով նա նույնպես «անսպասելիորեն և առանց բացատրության այլևս հասանելի չէ բոլոր կոնտակտներին»։ Այդ մասին հայտնել է չեչենական «Վայֆոնդ» իրավապաշտպան ասոցիացիան, որը նույնպես գտնվում է Շվեդիայում:
Թումսո Աբդուրախմանովը Շվեդիայում քաղաքական փախստականի կարգավիճակ էր ստացել 2021 թվականի հոկտեմբերին։ 2020 թվականի փետրվարի 26-ին մի տղամարդ ներխուժել էր Ստոկհոլմի նրա բնակարան և փորձել մուրճով սպանել նրան։ Թումսոն կռվի մեջ էր մտել նրա հետ և կարողացել զինաթափել։ Ավելի ուշ հարձակվող Ռուսլան Մամաևը դատարանում պնդել էր, որ չի ծրագրել սպանել բլոգերին, բայց դա արել է, քանի որ չէր կարող չենթարկվել իրեն Գրոզնիից Շվեդիա ուղարկած մարդկանց։
Շվեդիայի դատարանը Ռուսաստանի քաղաքացիներ Ռուսլան Մամաևին և Էլմիրա Շապիաևային ճանաչել էր Թումսո Աբդուրախմանովի վրա հարձակման մասնակիցներ և նրանց դատապարտել համապատասխանաբար տասը և ութ տարվա ազատազրկման:
- Ո՞վ է Եվրոպայում սպանում չեչեններին, որոնք քննադատում են Չեչնիայի ղեկավար Կադիրովին
- «Համայն ժողովրդի նվաստացում»։ Չեչնիայի իշխանությունների հակառակորդին ստիպել են նվաստանալ տեսախցիկի առջև
- Չեչնիայի ղեկավարն ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել է երկու գնդացիրներով
Ո՞վ է Թումսո Աբդուրախմանովը
1985 թվականին ծնված Թումսո Աբդուրախմանովն աշխատել է Գրոզնիի «Էլեկտրոսվյազ» պետական ընկերությունում՝ սկզբում որպես ինժեներ, հետագայում՝ փոխտնօրեն։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մերձավոր ազգականի հետ կոնֆլիկտից հետո նա ենթարկվել է հետապնդումների, ընտանիքի անդամներին ուղարկել արտերկիր, իսկ հետո անձամբ փախել Ռուսաստանից։
Չեչնիայում քրեական գործ է հարուցվել Աբդուրախմանովի դեմ՝ անօրինական զինված խմբավորումների մասնակցելու համար։ Չեչնիայի իշխանությունները պնդում էին, որ նա Սիրիայում կռվել է Ռուսաստանում արգելված Իսլամական պետության դատարանի որոշմամբ: Տեսաբլոգերն ասում էր, որ իր դեմ հարուցված գործը շինծու է, և ինքը երբեք չի եղել Սիրիայում։ 2019 թվականին Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը հայտարարեց, որ բլոգերի դեմ գործը կարճվել է։
Թումսոյի հայրը՝ Ումալթ Աբդուրախմանովը, ժամանակին մահապատժի է դատապարտվել խորհրդային ռեժիմի դեմ պայքարելու համար, այնուհետև պատիժը փոխարինվել է երկարաժամկետ ազատազրկմամբ։ Աշխատել է Ռուսաստանից անկախություն հռչակած Իչկերիայի կառավարությունում, վիրավորվել է առաջին չեչենական պատերազմում՝ ռուսական զորքերի դեմ կռվելիս։
Ռուսաստանից փախչելուց հետո Թումսո Աբդուրախմանովը Youtube-ի իր ալիքում պարբերաբար և կոշտ քննադատության էր ենթարկում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին և նրա շրջապատին, հարյուր հազարավոր հետևորդներ ձեռք բերեց։ Թումսոյի մասին սկսեցին խոսել ոչ միայն Չեչնիայում։
Արդյունքում, էմիգրանտ Աբդուրախմանովին հաջողվեց աննախադեպը՝ կադիրովականներին հրավիրել հանրային երկխոսության։ Նրանց հետ բանավեճում հնչեցին բազմաթիվ ամպագոռգոռ հայտարարություններ։ 2017 թվականի հուլիսի սկզբից Աբդուրախմանովի տեսանյութերը Աբու-Սադամ Շիշանիի ալիքում սկսեցին հարյուր հազարավոր դիտումներ հավաքել։
Հատկապես հայտնի դարձան տեսաբլոգները, որտեղ հայտնվում էին Չեչնիայի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրանցից մի քանիսի ժամանակ նա հեռախոսով զրուցում է Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովի հետ՝ «Լորդ» մականունով։ Նրա ալիքի ամենահայտնի տեսանյութն այսօր ավելի քան 5,5 միլիոն դիտում ունի։ Այն կոչվում է «Զրույց կադիրովյան Լորդի հետ»։
«Կովկասյան հանգույցի» փոխանցմամբ՝ 2019 թվականի մարտին իրավիճակը փոխվեց։ Դաուդովը Թումսո Աբդուրախմանովին արյան թշնամի հայտարարեց Ախմաթ Կադիրովի (հանրապետության անկախության համար մղված պատերազմների ավարտից հետո Չեչնիայի առաջին ղեկավարը, Ռամզան Կադիրովի հայրը) մասին հնչեցրած խոսքերի պատճառով։
Դաուդովը պարզաբանեց, որ դա սպառնալիք չէ, «բայց (մենք) թույլ չենք տա ինչ ասես խոսել։ Լեհաստանը (այն ժամանակ Աբդուրախմանովն այնտեղ էր) այդքան էլ հեռավոր վայր չէ։ Եվ ոչ մի հեռավոր վայր էլ չկա, բոլոր հասանելի վայրերում մենք պատասխանատվության կկանչենք՝ Ամենակարողի թույլտվությամբ»,- հայտարարել էր Դաուդովը։