Սուրկովն «արևմտամետ չարք է» և խրախուսում է կոռուպցիան Հարավային Օսիայում
Ռուսաստանում հայտնի «Սիվկովի ժամ» առցանց հաղորդումն անդրադարձել է Հարավային Օսիայի թեմային:
Հաղորդման անվանումն աղմկոտ է՝ «Հարավային Օսիայի անհայտ գաղտնիքները»: Հայտարարագրված թեմաներն էլ ավելի աղմկոտ են, մասնավորապես. ինչո՞ւ է հանրապետությունում այդքան սուր կոռուպցիայի հարցը և ինչո՞ւմ է կայանում Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի (որին հաղորդման մեջ անվանում են «Հարավային Օսիայի և Աբխազիայի համակարգող») բացասական ազդեցությունը տեղական քաղաքականության վրա:
Իր պատասխաններն այս և այլ հարցերի վերաբերյալ տվել է Հարավային Օսիայի երկրորդ (նախկին) նախագահ, ներկայիս առաջատար ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդուարդ Կոկոյտին:
Հաղորդավարը Կոնստանտին Սիվկովն է, որը ներկայանում է որպես ռազմական գիտությունների դոկտոր:
JAMnews-ն առաջարկում է ընդհանուր պատմություն՝ զրույցում արծարծված հիմնական թեմաների շուրջ:
Արևմտամետ ուժերը Հարավային Օսիայում
Կոնստանտին Սիվկով.
«Ես նամակ եմ կարդացել, որը գրված էր Հարավային Օսիայի ամենահեղինակավոր քաղաքական կուսակցությունների և շարժումների կողմից [այն ստորագրել է 14 հոգի — JAMnews] և ուղղված էր Ռուսաստանի Դաշնության նախագահին: Այնտեղ ասված է, որ պ-ն Սուրկովը, որը ՌԴ կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածաշրջանների պատասխանատուն է, իր գործողություններով ապակայունացնում է իրավիճակը երկրում: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանի հայրենասիրական ուժերը նույնպես հաշիվներ ունեն պ-ն Սուրկովի հետ 1990-ականներին և 2000-ականներին գործածների համար»:
Էդուարդ Կոկոյտի.
Էդուարդ Կոկոյտին հարցին պատասխանելիս Վլադիսլավ Սուրկովին և նրա թիմը «արևմտամետ ուժերի» շարքին դասեց և ասաց, որ դրանից պետք է «հստակ գլուխ հանել»:
«Մենք՝ բոլոր քաղաքական ուժերս, պետք է զգոն լինենք: …Մենք բոլորս շնորհակալ ենք Ռուսաստանին այն օգնության և աջակցության համար, որը նա ցուցաբերել է, …յուրաքանչյուր օս շնորհակալ է:
Սակայն մենք շատ լավ գիտենք, թե ինչով են հիմա հետաքրքրված համակարգողները… Մեծ անճշտություններ կան այն կապալառու կազմակերպությունների աշխատանքում, որոնց նրանք բերել են Հարավային Օսիա: Դա և բազմաբնակարան համալիրի, և թատրոնի, և այլ օբյեկտների շինարարությունն է: Փողերը դուրս են գրվել, իսկ շինարարությունը կամ ավարտին չի հասցվել, կամ մեծ տեխնոլոգիական խախտումներ ունի: Փաստացի որոշ շենքեր դեռ կառուցած չեն, սակայն արդեն վթարային են, այդ թվում՝ Հերոսների փողոցի համալիրը:
Այն կապալառու կազմակերպությունները, որոնք բերվել են համակարգողների կողմից, «սերը քաշել են» և հեռացել: Նույնը 2011թ-ին է եղել: Դա տեղի է ունենում այսպես.
- Աշխատանքը ձախողելով՝ կապալառու կազմակերպությունն արագ հանձնում է օբյեկտը օս կապալառուներին:
- Օս կապալառուները հանձն են առնում շարունակել աշխատանքն այն երաշխիքներով, որ ամեն ինչ կֆինանսավորվի:
- Անում են իրենց աշխատանքը և կոտրած տաշտակի առջև մնում:
Իմ ընդդիմադիրներից շատերն ինձ կշտամբում են, իբր իմ ելույթները Ռուսաստանի դեմ են: Իսկ ես նրանց ասում եմ՝ հավանաբար ձեր համակարգողնե՞րն են դա ձեզ ներշնչել: Ես փնովում եմ ձեր համակարգողներին, որովհետև նրանք կրիտիկական իրավիճակի են հասցրել: Եթե դա հետաքրքիր է ՌԴ քննչական կոմիտեին և գլխավոր դատախազությանը:
Մեզ անհանգստացնում է ՌԴ հեղինակությունն այդ բարդ շրջանում, երբ ՌԴ դեմ պատժամիջոցներ են կիրառվում, [երկրի համար] անտանելի պայմաններ են ստեղծվում ողջ աշխարհի կողմից: Այսօր կոտրվում է միաբևեռ աշխարհը՝ շնորհիվ Պուտինի և Ռուսաստանի: Եվ դա շատերին հանգիստ չի տալիս, և, բնականաբար, այստեղ արևմտամետ ուժերն անում են ամեն ինչ, որպեսզի կաշկանդեն… Պուտինին:
Եկեք հարցնենք Հարավային Օսիայի ժողովրդին, թե որքան ազատ են իրենց սկսել այստեղ զգալ արևմտամետ և վրացամետ ուժերը: Դա նույնպես Հարավային Օսիայի ղեկավարող համակարգողների շնորհիվ է»:
Կոկոյտին ասաց նաև, որ «նոր տեղեկատվական տեխնոլոգիաների դարում երիտասարդության ուղեղները թունավորվում են, այդ պատճառով էլ պետք է շատ զգոն լինել, ձեռքերը ծալած չնստել և կողքից չնայել»:
Իրավիճակի զարգացումը Հարավային Օսիայում այսօր
Էդուարդ Կոկոյտի.
«Մեզ մոտ՝ Հարավային Օսիայում, որպես նոր նախագահ Բիբիլովին են ընտրել, մի մարդու, որը կռվել է Հարավային Օսիայի համար, որը ոչ ոքի թիկունքում չի թաքնվել: Այն բանից հետո, երբ մենք [Կոկոյտիի կողմնակիցները — JAMnews] նրան պաշտոնապես աջակցեցինք, շատ մարդիկ հայտնվեցին, որոնք փորձում են մեզ գժտեցնել: Այդ թվում՝ այն արևմտամետ ուժերը, այն համակարգողները, որոնք սկսում են ազդել [նախագահի վրա]՝ թույլ չտալով նրան արդյունավետ շփվել Հարավային Օսիայի հայրենասիրական ուժերի հետ:
Մենք չենք պատրաստվում մի կողմ քաշվել և նայել, թե երբ մարդը կսայթաքի: Մենք, ընդհակառակը, պատրաստ են օգնելու նրան, մենք հասկանում ենք, թե ինչ բարդ իրավիճակում է նա, քանի որ գիտենք, որ նրա վրա լուրջ ազդեցություն է գործադրվելու, այդ թվում՝ ֆինանսավորման դադարեցման սպառնալիքներ, դրանք արդեն հնչել են որոշ քաղաքագետների կողմից:
Ուզում եմ ասել, որ քաղաքագետների սիրած ամբիոնը, որոնք տարբեր գնահատականներ էին տալիս նախընտրական արշավին և քննադատում էին ինձ, Թբիլիսին է: Այդ քաղաքագետները գլխավոր ջութակի դեր էին տանում Հարավային Օսիայում նախընտրական արշավի ժամանակ, որոշում էին, թե ով է մասնակցլեու ընտրություններին, ով՝ ոչ: Ես մեր դատական մարմիններից չէի սպասում, որ ինձ թույլ չեն տա մասնակցել: Մենք շատ հնարավորություններ ունեինք դիմակայելու դրան, սակայն մենք պահպանեցինք կայունությունը, քանի որ Հարավային Օսիայի հեղինակությունը թանկ է մեզ համար»:
Արևմուտք, Վրաստան և Հարավային Օսիա
Կոնստանտին Սիվկով.
«Կա՞ արդյոք հնարավորություն թուլացնելու արևմտամետ և վրացամետ ուժերի բացասական ազդեցությունը»:
Էդուարդ Կոկոյտի.
«Ինձ տագնապալի է թվում այն, որ մինչև 2011թ-ը Հարավային Օսիայում վրացամետ ուժեր չկային: Այժմ այդպիսի ուժեր կան, և մեզ հաջողվել է հասնել այն բանին, որ այդ մարդիկ իշխանությունում չմնան: Նոր թիմում նրանք էլ չկան:
Տագնապ է առաջացնում նաև այն, որ Ռուսաստանից գործուղված մարդկանցից ոմանք, որոնք ուժային կառույցներ են ներկայացնում, ոչ բոլորն են Ռուսաստանի հանդեպ հայրենասիրական պարտքով լեցուն: Նրանք… ընդունել են նրանց պայմանները, որոնք այսօր զբաղվում է շինարարության և միջոցների «սղոցման» տարբեր հարցերով»:
Դիմում ՌԴ գլխավոր դատախազություն Հարավային Օսիայում միջոցների վատնման վերաբերյալ հետաքննություն անցկացնելու առաջարկով
Ծրագրի հաղորդավար Կոնստանտին Սիվկովը դիմեց ՌԴ գլխավոր դատախազություն՝ առաջարկելով փաստաթղթեր ներկայացնել, որոնք հաստատում են Հարավային Օսիայում միջոցների ոչ նպատակային ծախսի և ուղղակի կոռուպցիայի փաստերը:
Միաժամանակ նա հայտարարեց, որ դա օրինական միջոց կլինի «արևմտյան չարքերի դեմ, որը ճնշում է [Ռուսաստանին] և Հարավային Օսիային»:
Էդուարդ Կոկոյտին պատասխանեց, որ հարավօսական և որոշ ռուսական կապալառուներ արդեն հայտերով դիմել են Ռուսաստանի նախագահին և բողոքել, որ չեն ստացել այն միջոցները, որոնք պետք է ստանային:
«Եկեք սպասենք նրանց նամակների և դիմումների պատասխաններին, իսկ ես մեծ հաճույքով պատրաստ եմ օգնելու», — հայտարարեց Կոկոյտին: