Ոսկու հանքը հայ-ադրբեջանական նոր սահմանին։ Ինչպե՞ս կիսել այն
Հայաստանն ու Ադրբեջանն արցախյան երկրորդ պատերազմից հետո փորձում են կիսել ոսկու հանքը, որը տեղակայված է Հայաստանի Սոթք գյուղում։ Բանն այն է, որ, ըստ Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի, Քարվաճառի շրջանն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Հայաստանի Սոթք գյուղի մոտ գտնվող ոսկու հանքը վիճելի տարածք է դարձել։
Հանքի կեսը գտնվում է Հայաստանի տարածքում, մյուս կեսը՝ Քարվաճառի տարածքում։ Սահմանն անցնում է հենց հանքի միջով։
Վերջին իրադարձությունները
Նոյեմբերի 26-ին խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորականները Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Սոթքի ոսկու հանքավայրի տարածքի մոտ են։
«Ադրբեջանի զինծառայողները կոտրել են կողպեքները․․․ Քիչ առաջ ինձ զանգահարեցին Սոթքի աշխատակիցները՝ հաղորդելով, որ իրենք սարսափահար փորձում են դուրս բերել տեխնիկան ու մարդկանց։ Մենք պետք է արձանագրենք, որ այսօր Հայաստանում չունենք իշխանություն», — ասել է նա։
Տեսանյութում, որը ցուցադրել է Զոհրաբյանն, ադրբեջանցի զինվորականներ են երևում, որոնք ձնածածկ լեռնային վայրում են։
Այնուհետև «Լուսավոր Հայաստան» մյուս ընդդդիմադիր խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը Ֆեյսբուքում հաղորդել էր, որ, ըստ իր տեղեկությունների, Սոթքի հանքավայր է ներխուժել ադրբեջանցի 80 զինվոր։
Տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանցիները ներխուժել են հանքի տարածք, հաստատել է նաև Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Տեղեկությունները ճիշտ են։ Սակայն հրաձգություն կամ հարձակում չկա։ [Նրանք] եկել են, տեղավորվել և պահանջել ազատել տարածքը։ Այժմ բանակցություններ են տարվում», — ասել է Ավետյանը։
Նա հավելել է, որ առանց ռուս խաղաղապահների «իրավիճակը լավ չի ավարտվի»։
Ի՞նչ են ասում Հայաստանում
Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Հայաստանի Սոթքի հանքավայր ներխուժած ադրբեջանցի զինծառայողների մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
Այդ լուրը հերքել են նաև վարչապետի մամուլի քարտուղարն ու Գեղարքունիքի մարզպետը։
Այնուհետև Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանին, այժմ՝ հայ-ադրբեջանական սահմանին, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները սահմանազատման աշխատանքներ են տանում։ Ընդ որում, այդ աշխատանքների մի մասը տարվում է Սոթքի հանքի հատվածում։
«Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը, կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով»,- ասված էր հաղորդագրությունում։
Ուշ երեկոյան Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը ստիպված էր ասուլիս տալ և ավելի մանրամասն մեկնաբանել իրավիճակը։
Խաչատրյանը նշել է, որ պետական սահմանն անցնում է հանքի հենց միջով։ Այն շահագործող ռուսական ընկերությունն անվտանգության ապահովման նպատակով լրացուցիչ միջոցներ էր ձեռնարկել, ճանապարհին անցակետ էր տեղադրվել։ Ադրբեջանցիները նախազգուշացված են եղել, որ դա ռուսական օբյեկտ է։
Հայկական զորքերն, ըստ Խաչատրյանի, չեն մասնակցել այդ հատվածի պահպանմանը, դրանով զբաղվել է ռուսական կողմը։ Քարվաճառ ադրբեջանցիների մուտքից հետո նրանք հայտարարել են, որ բոլորն, ովքեր տարածքի պահպանություն են իրականացնում, պետք է լքեն այն։
«Ադրբեջանցիները պահանջել են դուրս գալ, մենք զգուշացրել ենք ադրբեջանցիներին, ինչպես նաև հաղորդել ենք այս մասին ռուսներին։ Բանակցություններ են ընթացել, այդ թվում՝ ռուսների մասնակցությամբ։ Չգիտեմ, թե ինչի շուրջ են նրանք պայմանավորվել, սակայն բոլոր ուժերն այնտեղից դուրս են եկել», — ասել է Խաչատրյանը։
Ադրբեջանզի զինվորականների մասնակցությամբ միջադեպը մեկնաբանել է նաև Հայաստանի ԱԳՆ-ն․
«Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»:
Մեկնաբանություն Հայաստանի վարչապետից
Նոյեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձի ժամանակ հայտարարել է, որ ինչ-որ խմբեր երկրում աղմուկ են բարձրացրել, սկսել խոսել Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքի մի մասն Ադրբեջանին զիջելու մասին։
Ըստ վարչապետի՝ նման ստահոդ տեղեկության տարածումը միայն մեկ նպատակ ունի՝ «Հայաստանում անիշխանության տպավորություն ստեղծել, քաոս տարածել և պատերազմը երկրի տարածք տեղափոխել»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքահետ Վահե Դավթյանը կարծում է, որ Սոթքի հնարավոր կանգնեցումը բազում սոցիալ-տնտեսական խնդիրների կհանգեցնի․
«Բացի նրանից, որ հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է, հարցականի տակ է հայտնվում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի հետագա շահագործումը։
Միաժամանակ, պարալիզացման վտանգի տակ է հայտնում նաև «Հարավկովկասյան երկաթուղին», որի բեռնաշրջանառության ամբողջ ծավալի ավելի քան 50%֊-ն ապահովվում է Սոթքից Արարատ իրականացվող հանքաքարի փոխադրման շնորհիվ»։
Ի՞նչ են ասում Ադրբեջանում
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումից հետո Սոթքի ոսկու հանքավայրի մի մասն անցել է ադրբեջանական կողմին։
Ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Թայիր Միրքիշիլիի խոսքով՝ Ադրբեջանում արդեն կան ստորագրված պայմանագրեր այդ հատվածում երկրաբանական հետախուզման անցկացման մասին։ Այդ պայմանագրերը ստորագրվել են մի քանի տարի առաջ, սակայն աշխատանքներ չեն տարվել հասկանալի պատճառներով։
Այլ կարծիքի է AzerGold ընկերության մամուլի քարտուղար Արիզ Թարվերդիևը։ Նրա խոսքով՝ 1997 թ-ին «Ազերգըզըլ» պետական ընկերությունը պայմանագիր է ստորագրել երկրաբանական հետախուզման, արդյունահանման և մասնաբաժնային մասնակցության մասին ամերիկյան RV Investment Group Sevrvices LLS ընկերության հետ։
Այդ փաստաթղթի սուբյեկտները Զանգելանի և Քելբաջարի շրջաններում ոսկու երեք հանքերն են։ Սակայն «Ազերգըզըլը» հետագայում լուծարվել է։
«Այդ հանքերի ուսումնասիրման և արդյունահանման հարցով AzerGold-ին ոչ ոք չի դիմել», — հայտարարել է Թարվերդիևը։