Սոթքի «ոսկե» օդը
Սոթքի ոսկու հանքավայրերը
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը հայտնի է Հայաստանի տարածքում ամենամեծ ոսկու հանքավայրով, որը գտնվում է գյուղից 10 կմ հեռավորության վրա: Ըստ գնահատականների, հանքավայրը մոտ 10 տոննա ոսկու պաշարներ ունի և շահագործվում է «GeoProMining» ընկերության կողմից: Գյուղի բնակիչները` Ադրբեջանից փախստականները, հանքավայրը միաժամանակ սեփական փրկությունն ու խնդիրն են համարում:
Տարիներ շարունակ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում արտագաղթը մեծագույն խնդիրներից էր: Ընդամենը հինգ տարվա ընթացքում ` 2008-2012թթ. նրա բնակչության թիվը կրճատվեց 1135-ից մինչև 811: 1992թ. Սոթքի բնակչությունը մոտ 3000 մարդ էր կազմում. նրանք Ադրբեջանի Խանլարի (Գյոյգյոլի) շրջանի գյուղերից էին, հիմնականում Միրզիկ (Շահրիյար) և Զուռնաբադ գյուղերից:
Սահմանամերձ գյուղերի բնակիչները ստիպված էին փոխանակել իրենց տները 1980-ական թթ. վերջին սկսված հայ-ադրբեջանական միջէթնիկ հակամարտության պատճառով, որը 1990-ական թթ. սկզբին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմի վերածվեց:
«Այստեղ առնվազն երկու անգամ շատ մարդ էր ապրում, մոտ 6000 ադբրեջանցի կար: Զոդ (հին անվանումը) գյուղն ամբողջությամբ ադրբեջանական էր: Բնակիչների մեծամասնությանը հաջողվեց փոխանակել տները և տեղափոխել գույքը: Իհարկե, կային և այնպիսիք, ովքեր չհասցրեցին»,- ասում է Սոթքի գյուղական համայնքի ղեկավար Նիկոլայ Շահսուվարյանը, ով ծագումով Զուռնաբադ գյուղից է:
Սոթքի գյուղական համայնքի ղեկավար Նիկոլայ Շահսուվարյանը
Նրա խոսքով, հայ փախստականները լքել են Սոթքը ոչ միայն սոցիալական պայմաններից դրդված, այլև խստաշունչ ձմռան պատճառով: «Սոթ» բառը Սյունիքի մարզի բարբառով նշանակել է «ուժեղ քամի»: Դեռևս 13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի աշխատություններում տեղեկություններ կան այդ վայրերում «անդադար ձյունահողմերի ու սառը եղանակի» վերաբերյալ:
«Իմ հայրենի Միրզիկ գյուղում կլիման նույնքան մեղմ էր, որքան մեզ մոտ Իջևանում: Այստեղ կլիման մի փոքր այլ է, բայց ոչ այնքան, որ դժվար լինի ընտելանալ»,- ասում է գյուղի բնակիչ 42-ամյա գործարար Հակոբ Ավետյանը:
Հայրենի գյուղում նա ապրել է մինչև 13 տարեկանը, այնուհետև տեղափոխվել Երևան` ուսումը ֆիզմաթ դպրոցում շարունակելու համար: Արդեն հաջորդ տարի`1989թ. սկսվել է ղարաբաղյան հակամարտությունը, և Ավետյաննների ընտանիքը ստիպված փախել է Հայաստան`Սոթք:
Բարձրագույն տնտեսագիտական կրթությունը ստանալով Հայաստանի մայրաքաղաքում` Հակոբը տեղափոխվում է հարազատների մոտ ու սկսում սեփական բիզնեսը: 19 տարվա աշխատանքի ընթացքում Հակոբ Ավետյանը կարողացել է դառնալ գյուղի ամենաունևոր մարդը`հիմնականում կարտոֆիլ աճեցնելով: Բացի այդ, Հակոբի մասին պատմում են, որ նա հաճախ է օգնում կարիքավոր համագյուղացիներին:
Գործարար Հակոբ Ավետյանն ընտանիքի հետ
«Ինձ միանշանակ օգնել է իմ տնտեսագիտական կրթությունը: Կարտոֆիլի իմ բիզնեսը խոշոր է նույնիսկ հանրապետության մասշտաբով. 140 հեկտար Սոթքում ու ևս 20 հեկտար Էջմիածնում»,- ասում է Հակոբ Ավետյանը:
Այս տարի Հակոբը վերջապես ավարտեց իր երազանքի տան շինարարությունը: Այստեղ նա ապրում է կնոջ`Նարինեի և երկու երեխաների հետ: Նարինեի ու Հակոբի խոսքերով, գյուղի բնակիչները ստիպված էին բազմաթիվ փորձություններ հաղթահարել: Ավագ սերունդը մինչ օրս կարոտով է հիշում անցյալը: Այնուամենայնիվ, Հակոբի կարծիքով, ելք միշտ էլ կա:
«Դժվարություններ միշտ էլ կան, պատերազմներում երբեք հեշտ չի լինում: Բայց արդեն համարյա 30 տարի է անցել այն օրերից: Իհարկե, ոմանք իրենց անհաջողությունները կապում են այն ժամանակի հետ, բայց երեք տասնամյակի ընթացքում կարելի է ինչ-որ բան փոխել սեփական կյանքում»,- համոզված է Հակոբը:
Ինչևէ, ճակատագիրը նրանց ձեռքերում է, ով չի հուսալքվում ու շարունակում է ձգտել իր նպատակին, կարծում է նա: Կան մարդիկ, ովքեր հիասթափվում են կամ չեն կարողանում շարունակել աշխատանքը, ու կան այնպիսիք, ովքեր չեն հանձնվում:
Հակոբ Ավետյանի կինը` Նարինեն, իր դստեր հետ, տան շինարարության ժամանակ հայտնաբերված հինավուրց կարասի կողքին
Աշխատատեղերի թվով Հակոբի դաշտերը մրցակցում են Սոթքի ոսկու հանքավայրի հետ: Գործարարի խոսքով, ամեն տարի սեզոնային աշխատանքներում նա մինչև 600 աշխատակից է ներգրավում, ովքեր 3 անգամ ավելի շատ են վաստակում, քան հանքավայրում, որտեղ մի քանի տասնյակ գյուղացիներ են աշխատում:
Գյուղի բյուջեն գրեթե կիսով չափ բաղկացած է հողի հարկերից, որ 2010թ. ի վեր ընկերությունը ոչ թե մարզպետարանին է վճարում, այլ` Սոթքի գյուղական համայնքին: Գյուղի բյուջեն հավասար է 6-7 հայկական գյուղերի բյուջեին, կազմելով 110 միլիոն դրամ ($ 230 000), որից 66 միլիոնը ($138 000) գոյանում է «GeoProMining» ընկերության կողմից վճարվող հողի հարկից: Գյուղը նաև բնապահպանական դոտացիաներ է ստանում պետական բյուջեից:
Սոթքի ոսկու հանքավայրը
«2011թ.-ից ի վեր հողի հարկերը մի քանի անգամ բարձրացել են: Մեր բյուջեն մեծ է. այդ գումարների հաշվին մենք ջրատար ենք կառուցել, կարող ենք զանազան նախագծեր իրականացնել, օգնում ենք համագյուղացիներին: Դրա շնորհիվ արտագաղթը մեր գյուղից զգալիորեն կրճատվել է վերջին 7 տարիների ընթացքում: Այսօր նույնիսկ եթե մարդիկ հեռանում են, գյուղի բնակչությունը նորից աճում է հարևան գյուղերից այստեղ տեղափոխվող մարդկանց հաշվին»,- ասում է Նիկոլայ Շահսուվարյանը:
Գյուղական համայնքի ղեկավարի խոսքով, գյուղի 180 ընտանիքներից 150-ն ապահովված են աշխատանքով: «Մարդիկ աշխատում են հանքավայրում, զորամասում, գյուղապետարանում և դպրոցում»:
Սակայն գյուղաբնակները խոստովանում են, որ քամին հաճախ փոշու ամպեր է բերում հանքից, ինչը չի կարող ազդեցություն չգործել գյուղատնտեսության վրա: Մինչդեռ, Ավետյանի կարծիքով, գյուղատնտեսության զարգացումը կարող է գյուղի բնակիչների համար ոչ պակաս շահավետ լինել, քան հանքավայրում աշխատանքը:
«Եթե հանքավայրն ազդում է օդի վրա, այն, անշուշտ, ազդում է նաև հողի ու ջրի վրա, ու չի կարող չազդել նաև բերքի վրա: Մենք ծիլերից հասկանում ենք, թե ինչ վիճակում է կարտոֆիլը: Հանքավայրը հարկեր է վճարում ու աշխատանք տալիս գյուղի բնակիչներից ոմանց, և վերջ: Երեք ամիս հանքավայրում աշխատելով կարելի է 400 հազար դրամ ($836) ստանալ, իսկ ինձ մոտ այդքանը կարելի է վաստակել մեկ ամսում»,- ասում է Հակոբը:
Սոթքի ոսկու հանքավայրը
Հնարավոր է, որ գյուղի բյուջեն մոտ ապագայում զգալիորեն կրճատվի: Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրն ընդգրկում է նաև Սոթքը: Այն 17 այլ գյուղերի հետ մեկտեղ միավորվելու է մեկ համայնքում, իսկ նոյեմբերի 5-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրությունները:
«Մենք դեռ չենք պատկերացնում, թե ինչպես է բաշխվելու բյուջեն, բայց, կարծում եմ, մեր գյուղը կարող է տուժել, եթե ֆինանսավորումը մյուսների միջև բաշխվի: Մեր գյուղն է աղտոտված օդը շնչում, ու մեզ այդ միջոցներից զրկելն անարդար կլիներ»,- ասում է Նիկոլայ Շահսուվարյանը: