«Սյունիքի գյուղերը սնունդ ստանում են»․ էկոնոմիկայի նախարար
Ադրբեջանական զինծառայողների` Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակելու հետևանքով Սյունիքի մի շարք գյուղեր հայտնվել են շրջափակման մեջ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը արդեն երկու օր է ահազանգում է, որ գյուղերի բնակչությունն ունի սննդամթերքի հասանելիության լուրջ խնդիր։
Կարմրաքար-Շուռնուխ և Գորիս-Որոտան հատվածների փակման արդյունքում սահմանափակվել է գյուղերի կապը երկրի մյուս բնակավայրերի հետ։ Խոսքը Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերի և Նոր Առաջաձոր գյուղի թաղամասերից մեկի մասին է։ Թաթոյանի խոսքով՝ այս համայնքներում ապրող մարդիկ կանգնած են հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խնդրին անդրադարձել է էկոնոմիկայի նախարարը։
Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Սյունիքի գյուղերի պարենային ապահովման հարցերը քննարկվել են այսօր նախարարությունում կայացած նիստի ժամանակ․
«Քննարկել ենք նաև Հայաստանի պարենային անվտանգության հարցը, նախանշել ենք ծրագիր, որպեսզի պարենային անվտանգությունն ուժեղացնենք` այդ ոլորտում որևէ խնդիր չունենալու համար։ Այս պահին Սյունիքի գյուղերը ստանում են սնունդ»։
Էկոնոմիկայի նախարարն ասել է լրագրողներին, որ բնակիչներին սնունդ հասցնում են ռուս խաղաղապահները, խնդիրը փորձում են լուծել նաև շրջանցիկ ճանապարհի միջոցով։