Սիրո պատմություն
Պատմություն առաջին. Լամիա
Բոլոր հարևանները սարսափած էին. կատակ բան չէ` նշանված աղջիկը հարսանիքից մեկ շաբաթ առաջ փախչում է ուրիշի հետ, այն էլ հարսնացուի և փեսացուի ընտանիքների միջև տասնամյակների ընկերությունից հետո: Ավելին` հայ աղջիկը լքում է հայ տղային ու փախչում ադրբեջանցու հետ:
Դեպքը պատահել է 1986թ. ամռանը Բաքվի մոտակայքում գտնվող Խուտոր գյուղում, որտեղ հիմնականում հայեր էին բնակվում:
Լուսինեն` խայտառակության մեղավորը, բնավ չի զղջում իր արարքի համար:
«Ես ու Հրայրը ծնվել ու մեծացել ենք հարևան ընտանիքներում: Նույն դպրոցում ենք սովորել: Մեր ընտանիքները դեռ մանկուց մեզ իրար հետ էին նշանել: Ես կարծում էի, թե Ռաիկին [Հրայրի կրճատ ձևը` հեղ.ծանոթ.] եմ սիրում, քանի որ ամբողջ կյանքս նրան ճանաչում էի: Առանց մտածելու համաձայնեցի ամուսնանալ: Ես շատ երիտասարդ էի, ու հիմա հասկանում եմ, որ ընկերությունը սիրո հետ էի շփոթել: Երբ ծանոթացա Ռասիմի հետ, հասկացա, թե ինչ է իսկական սերը»:
Լուսինեն ու Ռասիմը միասին երաժշտական ուսումնարան էին գնում: Ռասիմը մինչև ականջները սիրահարված էր նրան, այնպես որ նրան չէին հուզում ո’չ աղջկա ազգությունը, ո’չ դավանանքը, ո’չ էլ Լուսինեի նշանված լինելու հանգամանքը: Նրանք չէին կարող այդ մասին պատմել հարազատներին. նրանց չէին հասկանա ո’չ Ադրբեջանի հարավում` Լենքորանում ապրող Ռասիմի ընտանիքը, ո’չ էլ Լուսինեի մայրը, որ հարազատ քրոջ պես էր ընդունում Հրայրի մորը` Նինային: Իսկ Հրայրի հայրը` պարոն Վազգենը, Լուսինեի հոր մահից հետո հարազատ դստեր պես էր վերաբերվում աղջկան:
Ի վերջո, Լուսինեն ու Ռասիմը երեք ընտանիքներից թաքուն պաշտոնապես գրանցեցին իրենց ամուսնությունը, իսկ հետո միասին փախան:
«Երկուսիս ընտանիքներն էլ երկար ժամանակ մեզ հետ չէին խոսում: Ռաիկի ընտանիքը` նույնպես»,- պատմում է Լուսինեն:
Նորապսակներն սկսեցին առանձին ապրել, առանց հարազատների օգնության: Մի փոքր սենյակ վարձեցին, Ռասիմը և’ աշխատում էր, և’ միաժամանակ` սովորում:
Սակայն շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց ղարաբաղյան հակամարտությունը: 1988թ.-ին, երբ ծնվեց Լուսինեի ու Ռասիմի առաջնեկը, Լուսինեի ընտանիքը ստիպված էր հեռանալ Ադրբեջանից:
Լուսինեի մայրը, հասկանալով, որ նեղանալու ժամանակը չէ, առաջին անգամ այցելեց երիտասարդ ամուսիններին, որպեսզի տեսնի թոռնիկին:
«Չեմ ուզում ստել, պարզապես մտքովս չէր անցնում, որ իրավիճակն այդքան լուրջ է: Կարծում էի` խնդիրները կհարթվեն, ու մարդիկ իրենց տուն կվերադառնան: Մայրս էլ էր կարծում, թե այս ամենը ժամանակավոր է: Բայց միևնույն է, չէր ուզում ինձ թողնել, ասում էր` երեխային վերցրու, արի մեզ հետ: Ես չհամաձայնեցի: Այն, ինչ ժամանակավոր էին համարում, արդեն ձգվում է գրեթե 30 տարի»:
Լուսինեի բոլոր հարազատները հեռացել են Խուտորից` թողնելով նրան իրենց երկու բնակարաններից մեկը:
«Մայրիկս ու մեր բոլոր հարազատները Ռոստովում են բնակվում: Պատերազմի ավարտից հետո մենք դեռ երկար չտեսնվեցինք, միայն նամակագրությամբ էինք շփվում: Մի օր մայրս գրեց, որ պատերազմում զոհվել է Հրայրի կրտսեր եղբայրը` Ռոբերտը (մենք նրան Ռոբիկ էինք ասում):
Հետո պատերազում զոհվեց ամուսնուս զարմիկը, որին շատ էի սիրում, իսկ ամուսնուս եղբայրը վիրավորվեց: Հավասարապես տանջվելով և’ նրանց, և’ Ռոբիկի պատճառով, կրկին գիտակցեցի, թե որքան անիմաստ է պատերազմը»:
Երբ բոլոր հայերը հեռացան Խուտորից, նրանց փոխարինեցին Հայաստանից փախած ադրբեջանցիները: Այդ ժամանակ Լուսինեն արդեն պաշտոնապես փոխել էր անունը, դարձել «Լամիա»: Այնուամենայնիվ, հարևաններն իմացան, որ նա հայ է:
«Սկզբում խեթ-խեթ էին նայում ինձ, լսում էի, որ բամբասում են ինձանից: Դե, իրենց կարելի է հասկանալ` տներն էին կորցրել: Բայց այդ ամենը կարճ տևեց. երբ իրար ավելի լավ ճանաչեցինք, նրանք սկսեցին ինձ ավելի լավ վերաբերվել: Իսկ Հայաստանից եկած ադրբեջանցի մի կնոջ հետ մենք ավելի մտերիմ դարձանք, քան իմ մայրն ու տիկին Նինան»:
1990-ական թթ. սկզբին Ռասիմի ավագ եղբայր Ռաուֆն ու նրա կինը`Ռաֆիգան, Խուտոր գյուղում տուն գնեցին ու տեղափոխվեցին Բաքու: Ռասիմի ու Լամիայի ընտանիքում այդ ժամանակ երկրորդ աղջիկը ծնվեց: Ռաուֆն ու Ռաֆիգան վաղուց ամուսնացած էին, բայց երեխաներ չունեին:
«Նրանք շատ էին ուզում երեխա ունենալ, բայց Աստված նրանց չէր տվել: Ու մենք մեր երկրորդ աղջկան նրանց տվեցինք: Անունը դրեցին Ամինա: Հետո մենք եւս երկու աղջիկ ու մեկ տղա ունեցանք:
Բայց ինչքան էլ երեխաներ լինեն, մոր սրտում միշտ յուրաքանչյուրն իր տեղն ունի, ու ես շատ էի զղջում արարքիս համար: Արդեն չէի կարողանա դստերս վերադարձնել, նրանք պաշտոնապես որդեգրել էին նրան: Իմ ու ամուսնուս եղբոր հարաբերությունները փչացան. 1996թ. մենք վաճառեցինք մեր տունն ու տեղափոխվեցինք Լենքորան, հիմնականում, հենց այդ պատճառով»:
Պատմություն երկրորդ. Ամինա
Մինչև 19 տարեկանն Ամինան կարծում էր, որ Ռաուֆն ու Ռաֆիգան իր ծնողներն են:
«Մայրիկն ու հայրիկն ինձ այնքան էին սիրում, որ մտքովս էլ չէր անցնի, թե իրենց երեխան չեմ: Ցավոք, հայրս մահացավ, երբ 14 տարեկան էի: Մայրս ու ես մենակ մնացինք այս աշխարհում, ու ավելի մտերմացանք»:
19 տարեկանում Ամինան իմացավ իր ծագման մասին. նրա խոսքով, դա իր կյանքի ամենասարսափելի պահն էր: Դա բացատրելու համար նա պատմում է իր առաջին սիրո պատմությունը:
«Ես 17 տարեկան էի, Ալին`20: Նա մեր հարևանի տղան էր, սիրահարված էինք իրար: Նրա մայրն ու տատիկը եկան մեր տուն` խնամախոսության: Մայրս ո’չ «այո» ասաց, ո’չ էլ մերժեց, ասելով. «Աղջիկս դեռ երիտասարդ է, թող սովորի, ձեր տղան էլ որևէ գործ գտնի: Եթե մի քանի տարի հետո նրանց որոշումն անփոփոխ լինի, ես դեմ չեմ լինի»:
Դա շատ իմաստուն քայլ էր: Եթե նա ինձ արգելեր ամուսնանալ, մենք կհամառեինք ու, միևնույն է, կամուսնանայինք, գուցե նույնիսկ փախչեինք միասին: Իսկ հետո հաստատ կզղջայինք այդ մասին, քանի որ մի քանի տարի հետո հասկացանք, թե որքան տարբեր ենք, ու մեր ճանապարհները բաժանվեցին: Ընդ որում, առանց իրարից նեղանալու: Հիմա նա էլ է ամուսնացած, ես էլ, ու երկուսս էլ երջանիկ ենք: Ես նրան շատ եմ գնահատում, հրաշալի մարդ է»:
Այն օրը, երբ Ամինան իմացավ ճշմարտությունը, Ալին փորձում էր պաշտպանել նրան:
«Ես 19 տարեկան էի: Արդեն Ալիի հետ միասին չէինք, պարզապես ընկերներ էինք: Դպրոցից տուն էի վերադառնում, երբ բակում ինձ կանգնեցրեց Հայաստանից եկած մի ծերունի, մեր հարևանը, ով բնավորությամբ կռվարար էր ու չար լեզու ուներ: «Ո՞նց է քո հայ մայրը»,- հարցրեց նա: Ես ոչինչ չհասկացա: «Չե՞ս ամաչում, պապի, այդպես ես խոսում, հայը դո’ւ ես»,- պատասխանեցի ես:
Աղմուկը լսելով` տնից դուրս եկավ Ալին, սաստեց ծերունուն, ինձ էլ ասաց, որ գնամ տուն, չլսեմ նրան: Ես էլ ավելի շփոթվեցի: Իսկ ծերուկը շարունակում էր. «Բայց մայրդ հայ է, հո չե՞մ ստում»: «Մայրս թաթար է, ի՞նչ ես հիմարություններ խոսում»,- ասացի ես: «Ես Ռաֆիգայի մասին չեմ խոսում, այլ Լամիայի, նա է քո իսկական մայրը, համ էլ հայ է, նա է քեզ Ռաֆիգային տվել»:
Կարծես երկինքը գլխիս փուլ եկավ, քարացա տեղում: Հարևանները դուրս թափվեցին բակ, հարձակվեցին ծերունու վրա, իսկ ինձ տուն տարան»:
Այդ դեպքից հետո Ամինան հոգեբանի օգնությանը դիմեց ու երկարատև բուժում անցավ:
«Դա կյանքումս ամենադժվարին ժամանակաշրջանն էր: Ես իմ մասին միանգամից երկու բան իմացա, որ ամենավատ մղձավանջում անգամ չէի տեսնի. ես որդեգրված եմ, ու կիսով չափ հայ: Ալին ու նրա ընտանիքն այդ մասին գիտեին: Նրանք Խուտորի տեղաբնակներ էին, դեռևս «հայերի ժամանակներից»: Ալին սիրում էր ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Ու ես նրան միշտ երախտապարտ կլինեմ»:
Ամինան երաժիշտ է, ինչպես և նրա կենսաբանական ծնողները: Դաշնամուր է նվագում ու դասավանդում երաժշտական դպրոցում:
Ինչ վերաբերում է մորը, Ամինան ասում է, որ մեկ մայր ունի` այն կինը, որ մեծացրել է իրեն: Հարազատ եղբայրներին ու քույրերին որպես զարմիկներ է ընկալում, ու չի կարող դա փոխել:
Այժմ Ամինան ինքը մայր է, երկու զավակ ունի: Նրա ընտանիքը գիտի, որ Ամինան որդեգրված երեխա է, բայց չգիտի, որ իսկական մայրը հայ է:
«Գուցե դա նրանց համար խնդիր չլիներ, բայց մայրս չհամարձակվեց պատմել նրանց այդ մասին, ու ինձ էլ թույլ չտվեց»:
Ամինայի խոսքով, ինքը քիչ բան գիտի ղարաբաղյան հակամարտության մասին. նա ծնվել է արդեն զինադադարի կնքումից հետո: Նախկինում այդ ամենն իրեն քիչ էր հետաքրքրում: Իմանալով, որ պատկանում է հակամարտության երկու կողմերին էլ, հիմա այլ կերպ է նայում դրան:
«Իմ կենսաբանական ծնողները սիրում էին միմյանց, հիմա էլ են սիրում, իսկ արդեն քանի՜ տարի է անցել: Ալին սիրեց ինձ, թեև ամեն ինչ գիտեր իմ մասին: Ուրեմն, ազգությունը չի կարող սիրո համար խոչընդոտ լինել: Ափսոս, որ մարդիկ հաճախ ոչ թե սերն են ընտրում, այլ ատելությունն ու վիրավորանքը, թեև պատերազմից ոչ մեկին ոչ մի օգուտ չկա, բացի քաղաքական գործիչներից: Երանի մարդիկ հասկանային դա ու երբեք չմոռանային»:
Լամիան, ում հանդիպեցինք Խուտորում, ասում է, որ հազվադեպ է այստեղ գալիս:
«Կարծես ուրիշ գյուղ եմ գալիս` շատ բան է փոխվել, ամեն ինչ կառուցապատել են, ազատ տեղ չեն թողել: Շատ եմ կարոտում նախկին Խուտորը, որտեղ մարդկանց համար միևնույն էր` հայ ես, թե մահմեդական, բոլորն ընկերներ էին: Մենք չէինք էլ պատկերացնում, թե ինչ երջանկություն էր, երբ միասին տոնում էինք թե’ Զատիկը, թե’ Նովրուզը:
Սուտ կլինի, եթե ասեմ, որ վատ եմ ապրում. ամուսնուս ընտանիքն ինձ լավ է վերաբերվում, երբեք չեն կշտամբել: Ամուսինս կյանքում իմ հենարանն է, մենք սիրում ենք իրար, ինչպես առաջին օրը: Տարին կամ երկու տարին մեկ գնում եմ Ռոստով` մորս ու քույրերիս-եղբայրներիս տեսնելու:
Բայց եթե ընտանիքից դուրս ստիպված եմ թաքցնել, որ հայ եմ, արդյո՞ք ամեն ինչ լավ է ինձ մոտ: Ահա թե պատերազմն ինչ արեց մեզ հետ»: