Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը: Ի՞նչ է կանգնած դրա ետևում
Լուսանկարը՝ Վլադիմիր Վալիաշվիլիի
Մեկ օրում՝ մայիսի 29-ին, երկու իրադարձություն տեղի ունեցավ: Սիրիան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, և Վրաստանը հայտարարեց, որ խզում է հարաբերությունները Սիրիական Արաբական Հանրապետության հետ:
Հարավային Օսիայի արտգործնախարարության կայքում և Աբխազիայի նախագահի կայքում հաղորդագրություն է հրապարակվել Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և փոխադարձ ճանաչման մասին պայմանավորվածության վերաբերյալ:
Թբիլիսիում կայացած հատուկ բրիֆինգի ժամանակ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան ասել է, որ Ռուսաստանը «Դամասկոսին մանիպուլյացիայի է ենթարկում», իսկ այդ որոշումը ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտության պահպանման միջազգային իրավական խախտում է:
«Վրաստանը Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթաց է սկսել», — ասաց Դոնդուան:
Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանն ադեկվատ արձագանքել կատարվածին և «պատասխան միջոցներ ձեռնարկել Ասադի ռեժիմի ապօրինի որոշման դեմ»: Նախարարությունում չեն հստակեցրել, թե ինչ միջոցների է սպասում Վրաստանը միջազգային հանրությունից:
Վրացի քաղաքական գործիչներն ու փորձագետները գնահատում են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Սիրիայի կողմից ճանաչելու իրավիճակը
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը, միջազգային հարաբերությունների փորձագետ Սերգի Կապանաձե.
Ռուսաստանը թշնամի է և շարունակում է իր թշնամական քաղաքականությունը: Պետք է դադարել խաբել ինքներս մեզ: Ոչ մի զիջում, որն անում է Վրաստանը, ոչինչ չի փոխի: Չեն օգնի ոչ ժնևյան բանակցությունները, ոչ «Կարասին-Աբաշիձե» բանակցային ձևաչափը [Մոսկվայի և Թբիլիսիի 2 հատուկ ներկայացուցիչների բանակցային գործընթացը – JAMnews], ոչ էլ Վրաստանի վարչապետի շողոքորթ նամակները:
• Ի՞նչ էր Կրեմլին ուղղված նամակում գրել Վրաստանի վարչապետն ու ինչ էին նրան ասել վրացի փորձագետները
Ռուսաստանի հենքը միջազգային հարթակում կիսալեգիտիմ ռեժիմներն են դարձել, որոնց չի աջակցում քաղաքակիրթ աշխարհը: Այդ ռեժիմներն անցյալ կդառնան և Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնիշխանությունների ճանաչումը հօդս կցնդի:
Ի՞նչ պետք է ձեռնարկի Վրաստանը: Անմիջապես խզի դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ և ուժեղացնի Մերձավոր Արևելքի պետությունների և Արաբական լիգայի երկրների հետ դիվանագիտական աշխատանքը:
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլի.
Սիրիան այնքան է սկսել կախվածություն ունենալ Ռուսաստանից, որ Վրաստանի իշխանությունները ոչ մի կերպ չէին կարող ազդել կատարվածի վրա, ասել է Զաքարեիշվիլին «Ինտերպրեսնյուս» տեղեկատվական գործակալությանը:
«Ռուսաստանը բավականին երկար է աշխատել Սիրիայի հետ, որպեսզի համոզի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը: Սիրիան էլ թերևս չի դիմացել ճնշմանը: Այն, որ Սիրիան երկար ժամանակ զերծ էր մնում այդ քայլից, կարող է վկայել այն մասին, որ Սիրիայում այդ հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ կային: Սակայն արդյունքում, ճանաչելով Աբխազիան և Հարավային Օսիան, Սիրիան այդպիսով շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար»:
Նրա խոսքով՝ հիմա կարևոր է, որ միջազգային հանրությունն ադեկվատ արձագանքի, որպեսզի այլ պետությունները, որոնք, հնարավոր է, նույնպես քննարկում են Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հնարավորությունը, հասկանան, թե որքան թանկ կնստի նրանց վրա այդ քայլը:
«Վրաստանը պետք է ՄԱԿ-ում Սիրիայի պատասխանատվության հարցը բարձրացնի և ահազանգի: Հիմա շատ կարևոր է, որպեսզի արաբական պետությունները Սիրիայի որոշման դեմ հանդես գան, և Վրաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ: Կարելի է Ռուսաստանի դեմ էլ հանդես գալ, սակայն Սիրիան ինքնիշխան պետություն է, և ուշադրությունն ամբողջությամբ Ռուսաստանի վրա տեղափոխել, նրա վրա պատասխանատվություն դնել չի ստացվի: Մենք պետք է ամենայն լրջությամբ Սիրիայի դեմ հանդես գանք»:
Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր, Քաղաքականության ինստիտուտի տնօրեն Կորնելի Կակաչիա.
Մինչև այսօր ոչ մի արաբական պետություն չէր ճանաչել դե ֆակտո ռեժիմները, սակայն Սիրիայի որոշումն արաբական աշխարհում կարող է շղթայական արձագանք առաջացնել, ասել է Կորնելի Կակաչիան «Ինտերպրեսնյուս» տեղեկատվական գործակալությանը:
Նա համարում է նաև, որ Վրաստանի ԱԳՆ-ն պետք է ակտիվանա չճանաչման քաղաքականություն իրականացնելու գործում:
«ԱԳՆ-ն պետք է հաշվարկեր Սիրիայի այս քայլը, քանի որ Բաշար Ասադի ռեժիմը ռուսական սվինների վրա է պահվում և պատրաստ է կատարել Ռուսաստանի ցանկացած կամք: Նախարարությունն այժմ պետք է բացատրի, թե ինչու է իր աշխատանքը ոչ բավականաչափ եղել»: