ՀՀ-ում քննարկում են սեքսի նախարարություն ստեղծելու մասին «նախընտրական հայտարարությունը»
Սեքսի նախարարություն ստեղծելու առաջարկ ՀՀ-ում
Հայ հանրությունն ակտիվորեն քննարկում է իշխանազավթման կոչ հնչեցնելու մեջ մեղադրվող և տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությունը։
«Ուժեղ Հայաստանում չի լինելու անբավարարված կին»,- օրերս փոդքասթներից մեկի ժամանակ ասել էր Սարգիս Կարապետյանը։ Այնուհետև փոդքասթի մասնակիցները քննարկել էին երկրում ժողովրդագրական խնդիրների լուծման թեման։ Արձագանքելով «սեքսի նախարարություն» ստեղծելու մասին հարցին՝ Կարապետյանը նկատել էր․ «Ինչքանով ես գիտեմ՝ առանց սեքսի դեմոգրաֆիկ հարցերը չեն լուծվում»։
«Ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանների կողմից հիմնադրված կուսակցություն է։ Կուսակցությունը մտադիր է մասնակցել 2026 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետներն ու կառույցներն անընդունելի են համարում Կարապետյանի հայտարարությունը։ Ընդգծում են՝ գործ ունենք կանանց թիրախավորող կարծրատիպային ու խտրական մոտեցումների հետ։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ընդգծել է՝ չի կարելի կանանց օգտագործել քաղաքական քարոզարշավներում դիվիդենտներ շահելու համար։
«Կանայք և խոցելի խմբերը չեն կարող լինել քաղաքական շահարկումների թեմա, քանի որ սա խտրականության, արժանապատվության խախտման և հասարակական վնասի ուղիղ դրևսրում է»,- ասված է կոալիցիայի տարածած հայտարարության մեջ։
Սարգիս Կարապետյանի հայտարարությունը վրդովվեցրել է նաև ՀՀ քաղաքացիներին։ Նրանցից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները, մեկնաբանություններ
- «Մոսկվան փորձում է ՀՀ-ում «Իվանիշվիլի-2» գործողություն իրականացնել»․ հայ քաղաքագետ
- Փաշինյանը ՀՀ-ում ամենավստահելի գործիչն է, բայց նվազած վարկանիշով․ IRI-ի հարցման արդյունքները
- «Ոչ ոք չի կարող սպառնալ ՀՀ-ին»․ Փաշինյանը՝ ռուսաստանաբնակ հայ գործարարին
«Կոնտեքստից կտրված ձևակերպումն անհաջող էր»․ Սարգիս Կարապետյանի պարզաբանումը
Համացանցում ծավալված քննարկումներից հետո Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը ինստագրամյան էջում հրապարակել է կարճ տեսանյութ։
«Ընդունում եմ, որ շատ մարդկանց համար կոնտեքստից կտրված ձևակերպումն անհաջող էր»,- ընդգծել է նա։
Ներողություն, սակայն, Կարապետյանը չի խնդրել։ Նշել է, որ փոդքասթների ժամանակ մշտապես քննարկում են ՀՀ-ում տաբու համարվող թեմաներ, որոնք «ամենակարևորն են»։
«Մենք միշտ քննարկում ենք արտաքին վտանգները, բայց մոռանում ենք ներքին սպառնալիքների մասին։ Մի հարց տամ, ժողովուրդ ջան, փոքրիկ խմբակին [նկատի ունի իշխող ուժին]՝ հիմա ձեզ նեռվայնացրեց իմ ձևակերպո՞ւմը, թե՞ էն, որ ես խոսում եմ էս խնդիրների մասին բարձրաձայն»,- նկատել է նա։
Կարծում է՝ չի կարող լինել ուժեղ Հայաստան առանց «ֆիզիկապես, հոգեպես և բարոյապես առողջ» հասարակության։
Հանցագործության մասին հաղորդում․ «Կանայք ներկայացվում են որպես սեռական օբյեկտ»
Քաղաքացիներից մեկը Սարգիս Կարապետյանի հնչեցրած մտքերի հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Նրա փոխանցմամբ՝ Կարապետյանը և փոդքասթի մյուս երկու մասնակիցները հանրային հարթակում կատարել են հայտարարություն, որը պարունակում է կանանց արժանապատվությունը նվաստացնող, սեռային խտրականություն և հասարակության որոշակի խմբի նկատմամբ ատելություն կամ անհանդուրժողականություն տարածող արտահայտություններ։
«Վերջիններս հրապարակային կերպով հայտարարել են, թե իբր «…ուժեղ Հայաստանում չի լինի անբավարարված կին, և անհրաժեշտ է նրանց «բավարարելու» նպատակով ստեղծել «սեքսի նախարարություն»»,- հիշեցրել է նա։
Նշված հայտարարությունը, ըստ քաղաքացու, կանանց ներկայացնում է որպես սեռական օբյեկտ՝ զրկելով նրանց մարդկային և հասարակական սուբյեկտայնությունից։
Բացի այդ, նրա կարծիքով՝ հայտարարությունը՝
- «խաթարում է սեռերի իրավահավասարության սահմանադրական սկզբունքը,
- ունի հանրային վտանգավոր բնույթ,
- կարող է առաջացնել ատելության, անհանդուրժողականության կամ նվաստացման մթնոլորտ կանանց նկատմամբ»։
Մեկնաբանություններ
Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները կոշտ են արձագանքել Սամվել Կարապետյանի որդու հայտարարություններին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան․
«Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան․
«Էդ հարուստ հայրիկի բալիկին ասեք, որ սա Հայաստանն է, էստեղ կանայք՝ մայրերը, քույրերը, դուստրերը կամ ուղղակի պարզապես կանայք մեր հարգանքի ու հիացմունքի առարկան են։
Անկախ նրանից, թե ինչքան փող ունես բանկային հաշվիդ, մեր Հայաստանի կանայք քո համար ինքնահաստատվելու առարկա չեն կարող լինել։ Թե չէ պետության համին զուգահեռ գուցե Հայաստանի կանանց և զուգահեռ Հայաստանի կանանց գնահատող տղամարդկանց զայրույթի համը զգաս։
Հ.Գ. Մի տղա դաստիարակելն ի՞նչ է, որ էս աստիճանի ձախողել ես, Սամվել։ Ամոթ է»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյան․
«Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել: Պետությունը սկսվում է ընտանիքից»։
Փորձագիտական կարծիքներ
«Կանանց պիտակավորող ցանկացած քարոզչություն անընդունելի է»
Սարգիս Կարապետյանի հայտարարություններն անընդունելի է համարել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»։ Կոալիցիայի բնորոշմամբ՝ դրանցում առկա են կանանց թիրախավորող և խոցելի խմբերին վերաբերող կարծրատիպային ու խտրական մոտեցումներ․
«Մենք դատապարտում ենք ցանկացած քաղաքական քարոզարշավ, որը հիմնված է ատելության խոսքի, խտրականության և հասարակության տարբեր խմբերի միջև պառակտում մտցնելու վրա»։
Շեշտվում է, որ կանայք հասարակության լիիրավ անդամներ են, և նրանց նկատմամբ ցանկացած բռնություն կամ խտրականություն անթույլատրելի է։ Կառույցն անընդունելի է համարում ցանկացած հայտարարություն կամ քարոզչություն, որը «փորձում է կանանց կամ այլ խոցելի խմբերի պիտակավորել կամ վիրավորել»։
«Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին զերծ մնալ նման հայտարարություններից՝ հարգելով մարդու հիմնարար իրավունքները և խթանելով հանդուրժողականությունը հասարակության մեջ»,- ասված է հայտարարության մեջ։
«Թիրախավորվել են նաև տղամարդիկ»
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում նկատել է՝ առանց խորքային հետազոտությունների նման թեմայով հրապարակային քննարկում ծավալելը շատ մակերեսային և խոցելի մոտեցում է։
Կարծում է՝ փոդքասթում հնչած հայտարարություններն ավելի շատ թիրախավորել են տղամարդկանց։
«Նրանց խոսքից դատելով՝ տղամարդիկ են մեղավոր, որ չեն կարողացել բավարարել [կանանց]։ Այստեղ կորելացիան հենց դուրս է գալիս տղամարդկանց ունակությունների և կարողությունների կասկածի տակ դնելու շրջանակը։ Իրենք մտածում են, որ կանանց են թիրախավորում, հակառակ պատկերն է ստացվել»,- շեշտել է Հովհաննիսյանը։
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ նման խոսույթի նպատակը հասարակության մեջ հուզումներ և քննարկումներ առաջացնելն է․
«Բումային, աժիոտաժային երևույթ առաջացնելու միտում են ունեցել, և այս դեպքում կապ չունի՝ քննարկումը կծավալվի դրակա՞ն, թե՞ բացասական նոտայի վրա»,- արձանագրել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Սեքսի նախարարություն ստեղծելու առաջարկ ՀՀ-ում