Սերմեր և որոմ
Գորիի շրջանի Նիկոզի գյուղը սահմանակից է Ցխինվալին: Գյուղի ծայրին, մոտ 500 մ-ի վրա ռուս զինվորականներն ու ռուսական դիրքերն են:
Նիկոզին հակամարտության գոտի է:
Սեպտեմբերի 1-ին այստեղ որոշ ժամանակներից ի վեր առանձնահատուկ թրթիրռով են սպասում: Արդեն 6-րդ տարին է՝ գյուղն ընդունում է անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը:
Այս տարի նույնպես Նիկոզիում հյուրերի հոսք է: Հայտնի անիմատորներն իրենց աշխատանքները կներկայացնեն և վարպետաց դասեր կանցկացնեն երիտասարդ գործընկերների համար:
Նիկոզիում շատ են երիտասարդ անիմատորները: 2013-ից ի վեր գյուղում կիրակնօրյա դպրոց է գործում, որտեղ երեխաներին անիմացիայի հիմքեր, համակարգչային գրաֆիկա, կերամիկա, ձեռագործություն, նկարչություն, երաժշտություն և անգլերեն են սովորեցնում: Այստեղ գործում է նաև Ստվերների թատրոնի արվեստանոց: Գորիի և Նիկոզիի թեմի առաջնորդ Իսաիայի նախաձեռնությամբ բացված դպրոցում հակամարտության գոտու 120 երեխա է սովորում:
Այ փառատոնին համար Նիկոզիի անիմատորները «Սերմեր և որոմ» ֆիլմն են պատրաստել: Հենց այս ֆիլմով սեպտեմբերի 1-ին բացվեց փառատոնը, որը կշարունակվի մի շաբաթ:
Փառատոնը կազմակերպվել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարությունն Ազգային կինոկենտրոնի, Դյումայի կենտրոնի, Գյոթեի ինստիտուտի և Իտալիայի դեսպանության հետ համատեղ:
Նիկա Մչելիձե, 15 տարեկան, գյուղ Նիկոզի.
«Մենք 7 ընկերներով ենք աշխատել ֆիլմի վրա: Մեկուկես տարի ենք ծախսել: Սցենարը գրվել է «Սերմեր և որոմ» հայտնի առակի մոտիվներով: Ֆիլմի միջոցով ուզում ենք ասել, որ աշխարհում կա բարի և չար, պետք է կարողանալ դրանք զատել միմյանցից, և բարին կյանքի հիմք դարձնել»:
Քեթի Թեդեևա, 14 տարեկան, Նիկոզի գյուղ.
«Այսօր եղբայրներիս հետ եմ եկել: Կարծում եմ՝ նրանք ինձնից ավելի ուրախ են, որ փառատոնին իմ ֆիլմն է ցուցադրվելու: Ես ու ընկերներս այս ֆիլմից բացի նաև 3 այլ ֆիլմերի հեղինակ ենք: Ծնողներս ուրախ են, որ հետաքրքրվում եմ այս գործով: Կարծում են, որ նման փառատոնին մասնակցելը մեծ հաջողություն է»:
Նիկա Կոբերիիձե, 14 տարեկան, գյուղ Նիկոզի.
«Ես այս փառատոնին մի ամբողջ տարի սպասել եմ: Ես նույնպես սովորում եմ անիմացիոն ֆիլմեր նկարել կիրակնօրյա դպրոցում: Դա շատ հետաքրքիր գործընթաց է: Ֆիլմերի թեմաները առակներն են, Ավետարանն է: Հետո էտյուդներ ենք գրում, որոնցից սցենարի համար ընտրում ենք ամենահաջողը: Այնուհետև սկսում ենք սցենարի համաձայն նկարել: Յուրաքանչյուր կադր առանձին թղթի վրա ենք նկարում: Այդ ամենն անում ենք մեր ճաշակով, սակայն ուսուցիչներ ունենք՝ վարպետներ Գելան և Էլենեն: Էլենեն մեր նկարները հավաքում է հատուկ համակարգչային ծրագրով, և ֆիլմ է ստացվում»:
Լուկա, 12 տարեկան, գյուղ Նիկոզի.
«Ինձ ավելի շատ Ստվերների թատրոնն է հետաքրքրում: Նկարել նույնպես սիրում եմ, սակայն քրոջս օրինակով ուզում եմ անիմացիայով զբաղվել: Քույրս արդեն ֆիլմեր է անում: Երևի ես նույնպես անիմատոր դառնամ և կարողանամ լավ ֆիլմեր նկարել: Այս միջոցառումը շատ օգտակար է երեխաների համար: Գալիս են, տեսնում, թե ինչ է կատարվում փառատոնին, և սովորելու ցանկություն է առաջանում: Երեխաները զվարճանքի կարիք ունեն: Մեկ Գորի ենք գնում համերգների, մեկ ինքներս ենք համերգներ կազմակերպում»:
Մերաբ Կվիցինաձե, 78 տարեկան, գյուղ Նիկոզի.
«Նիկոզին իմ հարազատ գյուղն է: 2008թ-ի պատերազմի ժամանակ մենք շատ տուժեցինք: Կյանքը բարդացավ: Որոշ տների պատուհաններ հենց ռուսական դիրքերին են նայում: Դրան հարմարվելն այնքան էլ հեշտ չէ: Բացի այդ, այստեղ բոլոր օրերը միմյանց նման են: Կիրակնօրյա դպրոցից բացի, ըստ էության, երեխաներն այլ տեղ չունեն գնալու: Այդ պատճառով էլ մենք բոլորս ուրախ ենք, որ այս փառատոնն ավանդական է դարձել: Եթե այն չլիներ, կյանքն այստեղ ավելի գորշ կլիներ»:
Սեսիլիա Խուցիշվիլի, 76 տարեկան, Գորի.
«Ամեն տարի գալիս եմ այս փառատոնին: Առաջին հերթին որովհետև կյանքը գյուղում չի մահանում: Պարտադիր է, որ տեղացիները զգան, թե ինչ ուրախ ենք նրանց հանդիպել, շփվել: Այս գյուղը չպետք է դատարկվի: Տեղի երիտասարդության համար այստեղ պետք է հետաքրքիր կյանք ստեղծել»:
Նիկոլոզ Մարիամիձե, 11 տարեկան, դաշնակահար.
«Ես 11 տարեկան եմ: Ապրում եմ Նիկոզիում: Շատ եմ սիրում նվագել: Ամենաշատն ուրախ եմ, որ մեր գյուղ այսքան հյուրեր են եկել, համերգներ ու փառատոններ են կազմակերպվում: Այս փառատոնին առանձնահատուկ թրթիռով ենք սպասում: Երբ նվագում եմ հանդիսատեսի համար, բոլորովին չեմ հուզվում: Կարծում եմ՝ արդեն սովոր եմ»:
Լիկա Սիդամոնիձե, 18 տարեկան, ուսանող.
«Կարծում եմ՝ մեր գյուղը հայտնի է դարձել փառատոնի շնորհիվ: Այս օրերին գյուղը փոխվում է, ուրախ է դառնում: Կիրակնօրյա դպրոցից բացի երիտասարություն այլևս ոչինչ չունի անելու: Իմ կարծիքով, այս դպրոցը միակն է, որը երեխաների մոտ նոր հետաքրքրություններ է առաջացնում»: