Սեռական կրթությունը Վրաստանում․ փակ և վտանգավոր թեմա
«Մեր նախնիներն այդ ամենը չեն անցել։ Ի՞նչ է, երեխա չե՞ն ունեցել»․ սա առավել տարածված փաստարկներից է, որը բերում են Վրաստանում սեռական կրթության հակառակորդները։
Բարդ է ասել, թե այսօր ինչ գիտեն դեռահասները սեռական առողջության մասին, սակայն մասնագետները հաճախ են խոսում այն մասին, որ այդ գիտելիքները սուղ են, հաճախ՝ ծայրահեղ կասկածելի։
Վրաստանում այս թեման բարձր ամբիոնից բարձրացնելու փորձերը միշտ ձախողման են ենթարկվում։ Երկար տարիներ անփոփոխ է մնում եկեղեցու դիրքորոշումը, որը սեռական կրթությունն այլասերություն է համարում։ Իսկ դա բնակչության կողմից հարգված ինստիտուտ է, որին վստահում է ճնշող մեծամասնությունը։ Հետևաբար, իշխանությունները երկու ճանապարհ ունեն․ ոչ պոպուլյար որոշում ընդունել և իրենց դեմ տրամադրել ընտրողների մի մասին կամ հաշվի առնել եկեղեցու կարծիքը և դրա փոխարեն ստանալ նրա հավատարմությունը։ Որպես կանոն, իշխանությունը երկրորդ տարբերակն է ընտրում։
Դեռահասներին սեռական բնույթի հարցերի պատասխան տալ կրթության նախարարությունը փորձում է կենսաբանության դասերի միջոցով՝ դա քողարկելով «վերարտադրողական առողջություն» անվամբ։
«Մնացած ամեն ինչ արդեն սովորե՞լ եք»
39-ամյա Դիանա Բալեսիաշվիլին՝ երեք և ինը տարեկան երեխաների մայրը, կողմ չէ դպրոցներում սեռական կրթությանը։
«Դպրոցական տարիքում, հատկապես՝ կրտսեր դասարաններում, դա չի կարելի ուսումնասիրել, քանի որ երեխաների մոտ էլ ավելի իրազեկ լինելու մղում կարթնանա։ Իսկ երեխան պետք է երեխա մնա։ Ավելի լավ է, թող դպրոցական ծրագրում կրոնի դասեր ներառվեն, որոնք կսովորեցնեն մերձավորին սիրել և Բարձրյալի հանդեպ վախ կներշնչեն», — ասում է նա։
Դիանան կարծում է, որ սեռական անվտանգության մասին տեղեկությունները երեխան պետք է ծնողներից ստանա։
«Ես ինքս դրանով կզբաղվեմ, երբ հարկ համարեմ։ Ծնողները երեխաների հոգեբանությունն ավելի լավ գիտեն և ավելի լավ են պատկերացնում, թե երբ երեխան պատրաստ կլինի այդ թեմայի քննարկմանը», — կարծում է Դիանան։
Երկու երեխաների մայր 38-ամյա Գուլո Պուտկարաձեն համոզված է, որ սեռական առողջության մասին բաց խոսակցություններն այն թեման չէ, որ պետք է արծարծվեն դասերին, որոնց միաժամանակ ներկա են լինում աղջիկներ և տղաներ։ Այդ հարցերով ավելի լավ կլինի, որ ծնողները զբաղվեն։
«Երեխայի հետաքրքրությունը լիովին կարող է բավարարել մայրը կամ հայրը, եթե խոսքը տղայի մասին է։ Ծնողներից լավ ոչ ոք չգիտի, թե ինչպես ներկայացնել նրան այս կամ այն թեման», — ասում է նա։
Մեր մյուս զրուցակիցը 27-ամյա Նանուկա Շիխաշվիլին է։ Նա ասում է, որ ինքը սեռական գիտելիքներ դպրոցում չի ստացել, սակայն դրա պատճառով կյանքում ոչ մի խնդիր չի ունեցել։
«Ես դա դպրոցում չեմ ուսումնասիրել և, հավատացեք, ոչ մի խնդիր երբևէ չեմ ունեցել։ Ամուսնացել եմ, ինչպես հարկն է, երեք երեխա եմ ունեցել։ Գիտելիքների պակաս չեմ զգացել։ Դպրոցում այդպիսի առարկա չեմ անցել։ Ինչ-որ վատ բա՞ն է հետս կատարվել։ Ոչ, որովհետև միայն մեկ տղամարդու հետ եմ հարաբերություններ ունեցել՝ ամուսնուս», — ասում է նա։
Այնուամենայնիվ, Վրաստանում ծնողների շրջանում սեռական կրթության կողմնակիցները քիչ չեն։
Մարիամ Զուլիաշվիլին պատրաստվում է՝ կարծես պատահմամբ համապատասխան գրականությունը «հրամցնել» իր երեխային, երբ նա մեծանա։ Այժմ նա դեռ մեկ տարեկան յոթ ամսական է։
«Ավելի լավ է, որ երեխան մեր ներկայացրածով հասկանա, թե ինչ է մարմինը, գիտակցի սեռերի միջև տարբերությունը և այլն, քան տեղեկություններ հավաքի կասկածելի աղբյուրներից։ Վստահ եմ, որ ճիշտ սեռական կրթությունը կկանխի մեր կյանքում հաճախակի դարձած վաղաժամ հղիություններն ու աբորտները, սեռական վարակների տարածումը, քանի որ դեռահասները տեղեկացված կլինեն այն մասին, թե ինչպես խուսափել այդ բոլոր անախորժություններից», — ասում է Մարիամը։
32-ամյա Նինո Գուգեշաշվիլին, որը երեք երեխաների մայր է, կարծում է, որ յոթ-ութ տարեկան երեխաները պետք է անվտանգ լինելու մասին տեղեկություններ ստանան, օրինակ, թե ում կարելի է վստահել։
«Ինը-տասը տարեկան շատ աղջիկների մոտ դաշտան է սկսվում, և հաճախ ծնողները չեն կարողանում ճիշտ բացատրել, թե ինչն ինչոց է։ Աղջիկներն ամաչում են դաշտանից՝ դա ամոթալի բան համարելով, գաղտնի են իրենց համար միջադիր գնում։ Դա լուրջ խնդիր է։ Կարծում եմ, որ այս ոլորտում կրթությունն անհրաժեշտ է։ Բնականաբար, տեղեկությունները պետք է տալ երեխայի տարիքին համապատասխան, և դա պետք է անեն պրոֆեսիոնալները», — ասում է նա։
Սակայն Վրաստանում միջնակարգ կրթության ակնհայտ անկման ֆոնին սեռական կրթության կողմնակիցների մոտ արդարացի կասկածներ են առաջանում ուսուցիչների որակավորման առնչությամբ, որոնք դեռահասների հետ պետք է ունակ լինեն սեքսի մասին խոսել։
«Այսօր մաթեմատիկայի կամ նկարչության «ավանդական» դասերն է դժվար նորմալ անցկացնել։ Հաճախ մանկավարժը հեղինակություն չի վայելում, և երեխաները դասերին ոչինչ չեն անում։ Այդ պատճառով էլ սեռական կրթության մասին դասերը կարող են ծիծաղաշարժ դառնալ», — իր մտավախություններով է կիսվում երեք երեխաների մայր 46-ամյա Նաթիա Տարաշվիլին։
Հոգեբանի կարծիք
Խորհրդատու հոգեբան, Թբիլիսիի Իլյայի պետական համալսարանի պրոֆեսոր Նատա Մեպարիշվիլին, որն աշխատում է դեռահասների հետ, ասում է, որ դեռահասության տարիքում շատերի մոտ են սեռական կապեր հաստատվում։ Երբեմն սեքսով են զբաղվում երեխաներ, որոնք մինչև վերջ չեն հասկանում, թե ինչ է սեռական ակտիվությունը, և թե ինչպիսին կարող են լինել դրա հետևանքները՝ ֆիզիոլոգիական և հոգեբանական․
«Եթե անհրաժեշտ է համարվում, որ երեխաներն իմանան մարսողական համակարգի, շնչուղիների և տեսողական օրգանների մասին, ուրեմն ինչո՞ւ նրանք չպետք է իմանան սեռական օրգանների և վերարտադրողական պրոցեսի մասին», — ասում է պրոֆեսորը։
«Ծայրահեղ կարևոր է, որ աղջիկները պաշտպանվեն և ստիպված չլինեն աբորտ անել 15 տարեկանում կամ մայր դառնալ 16-ում»։
Պրոֆեսորը կարծում է, որ սեռական կյանքի մեկնարկին պետք է դեռահասին հստակ տեղեկացնել, թե ինչպես նա պետք է պաշտպանվի, և ինչ է անվտանգ սեքսը։
Ավելի կրտսեր տարիքում երեխան բավական է, որ ճանաչի իր մարմնի մասերն, իմանա, թե ինչպես են դրանք կոչվում, իսկ գլխավորն այն է, որ որևէ մեկին թույլ չտա խախտել իր անձնական տարածքի սահմանները։
«Երեխան պետք է հստակ հասկանա, որ կողմնակի անձինք չեն կարող դիպչել իր ինտիմ մասերին», — բացատրում է Նատա Մեպարիշվիլին։
Ըմբռնումը, թե ինչ է սեռական բռնությունը, սեռական կրթության կարևոր մաս է, ընդգծում է պրոֆեսորը։
Դեռահասի համար, որի մոտ սեքսի թեմայով հարցեր են առաջանում, հեշտ չէ տեղեկություններ ստանալ։ Ծնողներն ամաչում են նրանց հետ խոսել, որակավորված ուսուցիչներ չկան, գրականությունը, որը սեքսի մասին հարցերի պատասխաններ է պարունակում, այն էլ՝ հասանելի լեզուներով, Վրաստանում փաստացի անհնար է։ Համացանցը լավագույն դեպքում խեղաթյուրված տեղեկություններ և միֆեր է առաջարկում, վատագույն դեպքում՝ պոռնկագրական նյութեր։
«Դա հղի է սթրեսով, վախերով, ապագայում զուգընկեր ընտրելու անկարողությամբ», — ասում է Մեպարիշվիլին։
Նա հիշեցնում է նաև Վրաստանի որոշ շրջանակներում մինչև հիմա ընդունված «ավանդույթի» մասին, երբ դեռահաս տղային մոտ ազգականը կամ ընտանիքի ընկերը տանում է մարմնավաճառների մոտ։
«Դա սովորաբար տեղի է ունենում 13-14 տարեկանում, երբ երեխան բացարձակ պատրաստ չէ դրան։ Իսկ նրան տանում են սեքս-աշխատակցի մոտ, բացի այդ էլ սպասում են, որ նա պետք է պատմի, թե ինչպես է ամեն ինչ անցել։ Ես դեպքեր եմ ունեցել, երբ նման դեպքերում սթրես ապրած դեռահասները դիմել են հոգեբանի օգնությանը», — ասում է Մեպարիշվիլին։
Նրա խոսքով՝ երկրում ռեսուրսներ կան, պրոֆեսիոնալները կարող են աշխատել այդ թեմաների վրա, ադեկվատ գրականություն ստեղծել, որը կօգնի և երեխաներին, և նրանց ծնողներին։
Սպառնալիքներ տեսադասերի պատճառով
Այն, որ Վրաստանում սեռական կրթությունը վտանգավոր բան է, հաստատում է Խաթիա Ախալայայի օրինակը։ Այն բանից հետո, երբ նա սկսել է այդ թեմաներով տեսադասեր նկարահանել և համացանցում տարածել, նրա հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել, հատկապես՝ ուլտրաաջ խմբավորումների ներկայացուցիչների կողմից։ Նրան սպառնում են կտտանքների ենթարկել, բռնաբարել, անգամ բռնության ենթարկել նրա երեխաներին։
Խաթիան պատմում է, որ կազմակերպությունը, որտեղ նա աշխատում է՝ «Լուսավորության և աշխատանքի ասոցիացիան», մի քանի տարի առաջ Թբիլիսիի դպրոցներում հետազոտություն է անցկացրել սեքսի, ալկոհոլի, ծխախոտի, սեռավարակների, վաղաժամ ամուսնությունների, բռնության և այլ հարցերի մասին դեռահասների իրազեկվածության աստիճանը ճշտելու նպատակով։ Պարզվել է, որ իրազեկության մակարդակը բավականին ցածր է, իսկ գիտելիքները՝ սխալ։
Ավելի ուշ կազմակերպությունը սկսել է այդ թեմաներով թրեյնինգներ կազմակերպել 12 տարեկանից բարձր դեռահասների և նրանց ծնողների համար։ Այնուհետև տեսադասեր է նկարահանել ավելի լայն լսարանի համար։
Այդ տեսադասերը գործընկերների հետ պատրաստում է Խաթիա Ախալայան։ Թեմայի ընտրությունից հետո, նա խորհրդակցում է համապատասխան ոլորտի մասնագետների հետ, այնուհետև տեսանյութը նկարահանում է տանը կամ գրասենյակում։
Այդ տեսադասերի պատճառով նա ստիպված է եղել կտրուկ փոխել կենսակերպը․ նա չի կարող օգտվել հասարակական տրանսպորտից, մութն ընկնելուն պես խուսափում է փողոցում գտնվել և այլն։ Նրանք, ովքեր Խաթիային սպառնացել են, գիտեն նրա տան և գրասենյակի, անգամ նրա երեխայի մանկապարտեզի հասցեն։
Գործի հետաքննությունը ձգձգվում է, չնայած այն բանին, որ ոստիկանությունը շատ լավ գիտի, թե ով է Խաթիային սպառնացել։ Պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվել։ Խաթիան ասում է, որ իր օրինակով ստացվում է, որ պետությունը փաստացի խրախուսում է բռնությունը։
Նա պահանջում է ոչ միայն պատժել նրանց, ովքեր սպառնում են իրեն ու իր երխային, այլ որ պետությունը դեռահասների համար ապահովի սեռական կրթություն։ Խաթիան ասում է, որ հասկանում է, թե ինչ դժվար պայքարի մեջ է մտել, սակայն չի պատրաստվում կանգ առնել, քանի որ համոզված է, որ զբաղված է օգտակար և պետքական գործով։
«Ես պատրանքներ չունեմ այն բանի վերաբերյալ, որ իմ տեսադասերը լուծելու են խնդիրը, և սեռական բռնությունը, վաղաժամ ամուսնությունները վերանալու են, իսկ աղջիկները դադարելու են անհարմար զգալ դաշտանի պատճառով։ Այդ խնդիրների լուծումը համալիր մոտեցում է պահանջում, առաջին հերթին՝ պետության մասնակցություն և անհրաժեշտ ազգային ուսումնական ծրագրում կարգապահության ներմուծում», — ասում է Խաթիան։
«Վերարտադրողական առողջություն»
Խաթիա Ախալայայի տեսադասերի հետ կապված պատմությունից հետո մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի նախագահ Սոֆիա Կիլաձեի մոտ երեխաների իրավունքների օրենսգրքում դրույթ մտցնելու գաղափար է ծնվել, որի համաձայն՝ սեռական կրթություն երեխան կարող է ստանալ միայն ծնողների համաձայնության դեպքում։ Սոֆյա Կիլաձեն իր առաջարկը բացատրում է ոչ պաշտոնական կրթության ծրագրում նման տեսադասեր ներառելու «ինչ-որ հասարակական կազմակերպությունների» հնարավոր փորձերը կանխելու անհրաժեշտությամբ։
Կիլաձեն անհրաժեշտ է համարում նաև այդ դասերին հոգևորականների ներկայություն ապահովելը, բայց «միայն ճգնաժամային իրավիճակներում» և ծնողների ցանկությամբ։
Պետությունը խոստովանում է խնդրի առկայությունը, սակայն միաժամանակ դիմադրում է ուսումնական ծրագրում հատուկ առարկա ներառելուն։ Ավելին, կրթության նախարարությունը տվյալ համատեքստում ընդհանրապես չի օգտագործում «սեքսուալ» կամ «սեռական» եզրերը՝ դրանք փոխարինելով «վերարտադրողական առողջություն» եզրով։
Դեռահասություն և դրան բնորոշ փոփոխություններ, կնոջ և տղամարդու վերարտադրողական համակարգ, պտղաբերություն, սեռական վարակներ, վաղաժամ ամուսնություններ, հղիություն, աբորտ․ նոր ազգային ուսումնական ծրագիրն առաջարկում է այս բոլոր թեմաներով տեղեկությունների դրամադրում 7-10-րդ դասարանների աշակերտներին։ Նոր ծրագիրը գործարկվելու է այս տարվա սեպտեմբերին։ Ենթադրվում է, որ այս թեմաներն ուսումնասիրվելու են կենսաբանության դասերին։
Մասնագետները ենթադրում են, որ այդ տեղեկությունները լիովին բավարար են։ Խնդիրն այն է, որ մանկավարժները պետք է վերապատրաստվեն։ Կրթության նախարարությունում խոստովանում են, որ հաճախ ուսուցիչները փորձում են խուսափել այդ «անհարմար» թեմաներից։
«Երբ ուսուցիչը վստահ է իր վրա և անհարմարության զգացում չունի, դասարաններում ոչ մի խնդիր չի առաջանում։ Մենք պիլոտային դասընթացներ ենք անցկացրել, և, կարելի է ասել, որ 8-9-րդ դասարանցիները լիովին հանգիստ են վերաբերվում այդ հարցերին։ Խնդիրը հաճախ մանկավարժինն է, որը խուսափում է այդ թեմաներից», — ասում է կրթության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի դեպարտամենտի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Մանանա Վարազաշվիլին։
Միաժամանակ Վարազաշվիլին կարծում է, որ դրությունը բարելավվում է, և ավելի ու ավելի շատ ուսուցիչներ են վերապատրաստում անցնում։
Վիճակագրություն
Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը վերջին երեք տարում հետևյալ տվյալներն է գրանցել վաղաժամ հղիությունների և աբորտների վերաբերյալ․
• 2017 թ․ — հղիության 813 դեպք, աբորտի՝ 103;
• 2018 թ․ — հղիության 675 դեպք, աբորտի՝ 78;
• 2019 թ․ (նախնական տվյալներ) – հղիության 261 դեպք, աբորտների՝ 27։
Կենտրոնի տվյալներով՝ մինչև 14 տարեկան դեռայասների շրջանում հաճախ են հանդիպում սեռական վարակ ձեռք բերածներ, այդ թվում՝ տարբեր տեսակի սիֆիլիսի դեպքեր։
«Մեդիացանցի» աջակցությամբ