Սարսափելի հաղորդագրություն 2008թ.-ից
JAMnews` “Մեդուզա”-ի նյութերով, Մոսկվա
Ռուսաստանի քաղաքացի Օքսանա Սևասթիդին 7 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ պետական դավաճանության մեղադրանքով: 2008թ. Հարավային Օսիայի շուրջ օգոստոսյան պատերազմից առաջ նա մի քանի SMS-հաղորդագրություն էր ուղարկել Վրաստանում ապրող իր ծանոթներից մեկին: Օքսանան նրան գրել էր, որ Սոչիում տեսել է ռազմատեխնիկայով բեռնավորված գնացք, որը, ըստ իր ունեցած տեղեկության, շարժվում է Աբխազիայի ուղղությամբ:
Սևասթիդիի դեմ գործը հարուցվել էր 2015թ., դատավճիռը կայացվել էր 2016թ. մարտին: Սակայն այդ գործի մասին հայտնի է դարձել միայն հիմա: Օքսանա Սևասթիդին այժմ ունի նոր փաստաբան՝ Իվան Պավլովը, որը հայտնի է Ռուսաստանում քաղբանտարկյալների պաշտպանությամբ: Հենց նա էլ հայտարարություն է արել մեդիայի համար:
Օքսանա Սևասթիդիի դատավճռում մանրամասն նկարագրվում են այն իրադարձությունները, որոնք նախորդել են 2008թ. պատերազմին, այդ թվում նշված են զորամասերի համարները և տեխնիկայի տեսակները, որոնք տեղափոխվում էին գնացքով:
«Նրա SMS-ների տեղեկատվական նշանակությունը և զգայունությունը, դատավճռի հետ համեմատած, ինչպես կաթիլը՝ ծովում»,- ասել է Սևասթիդիի փաստաբան Իվան Պավլովը:
Օքսանան 46 տարեկան է, բնակվում է Սոչի քաղաքում: Նրա մայրը թոշակառու է: Վերջինս մեջբերել է դստեր ուղարկած հաղորդագրության տեքստը: «Օքսանան պատասխանել է իր ծանոթի հարցին այն մասին՝ արդյոք Սոչիում տանկեր կան, ընդ որում, բացասական պատասխան է տվել: «Օքսանա, ձեզ մոտ ի՞նչ է՝ հարթակում տանկե՞ր են կանգնած»: Նա պատասխանել է. «Նախկինում՝ այո, հիմա՝ չգիտեմ»»:
Կինը պնդում է, որ իր դուստրը նամակի հասցեատիրոջը տեսել է կյանքում ընդամենը 2 անգամ: Պատահական հեռավոր ծանոթ է եղել:
Այն բանից հետո, երբ Օքսանային բանտ են նստեցրել, նրա տատը ուղեղի կաթված է ստացել, որից հետո մահացել է:
Բանտում
Օքսանա Սևասթիդին մեղադրվել է պետական դավաճանության մեջ, և 2016թ. գարնանից նա պատիժը կրում է Կինեշմայի գաղութում:
Նրա մայրն ասում է, որ վերջերս Օքսանայից նամակ է ստացել. նա գրում է, որ խնդրել է Պատժի կրման դաշնային ծառայությունից իրեն տեղափոխել տանը ավելի մոտ՝ Կրասնոդարի երկրամաս, որպեսզի մայրը կարողանա իրեն այցելել: Նրան մերժել են: «Տեղափոխման համար պատճառ չկա»: Նաև գրել է, որ կյանքում առաջին անգամ ձյուն է տեսել: Եվ որ բանտում իրեն չեն նեղացնում: Պատմել է, որ իրեն կանչել է գաղութի պետը և ասել. «Թույլ տուր գոնե քեզ նայեմ, ինձ մոտ այդ հոդվածով ոչ մեկ չի նստել: Այդ ի՞նչ ես դու արել»:
Սևասթեդիի դեպքը բացառիկ չէ:
2014թ. նոյեմբերին Սոչիի բնակիչ Եկատերիկա Խարեբավային դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ նմանատիպ SMS-ի համար առ այն, որ Աբխազիայի ուղղությամբ ռազմատեխնիկա է շարժվում: Այդ գործը քննել է նույն դատարանը, որը դատավճիռ է կայացրել Սևասթիդիի գործով:
Եկատերինա Խարեբավան ծնունդով Աբխազիայից է, 1990-ականներից նա ապրում է Սոչիում, շուկայում վաճառող է աշխատել: Նա վաղաժամ ազատ է արձակվել 2016թ. հունիսին:
Հարցազրույց
«Մեդուզա»-ի թղթակից Ելենա Շակուտոն Իվանովո շրջանի№ 3 ուղղիչ գաղութումհանդիպել է Սևասթիդիի հետ:
— Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են Ձեզ ձերբակալել:
— 2015թ. հունվարի սկզբին ինձ զանգահարեցին Կրասնոդարի երկրամասի Անվտանգության դաշնային ծառայությունից և հրավիրեցին զրույցի: Իբր խոսակցությունը պետք է վերաբերեր իմ ամուսնու քաղաքացիությանը: Բայց նա հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից և ընդունել Ռուսաստանինը, ի՞նչ հարցեր կարող էին լինել:
Ես նրանց հետ գնացի Սոչիի բաժանմունք: Հետո ինձ մեքենայով տարան Կրասնոդար: Պետանվտանգության աշխատակիցները, որոնք ինձ ուղեկցում էին, վստահ էին, որ ինձ հետ կխոսեն և ազատ կարձակեն: Բայց ինձ բերեցին Կրասնոդարի բաժանմունք, և ես այլևս ազատություն չտեսա: Սկզբում կալանավորեցին 2 օրով, հունվարի 15-ին որոշում կայացվեց 2 ամսով կալանավորելու մասին: Եվ սկցվեց. ևս երկու ամիս, ևս երկու ամիս…
— Ինչպե՞ս արձագանքեցին մերձավորները Ձեր կալանավորմանը:
— Մայրս վերջերս ուղեղի կաթված է ստացել: Իսկ տատիկիս սիրտը չդիմացավ: Նա մահացավ 2015թ. ապրիլին: Ես ինքս առողջական խնդիրներ ունեմ. դատավճռում կա իմ ախտորոշումը՝ առաջին աստիճանի հիպերտոնիա: Ես ստիպված եմ դեղահաբեր ընդունել, սրսկումներ են անում, հակառակ դեպքում արյանս ճնշումը հասնում է 200-ի: Այս պատմությունից հետո շատ է վատացել նաև տեսողությունս. առանց ակնոցի գրել ու կարդալ չեմ կարողանում:
-Ինչպե՞ս է անցել դատը:
— Դատախազն անգամ ինձ արդարանալու համար խոսք չտվեց: Ամեն ինչ հավաքեցին մեկ օրում. և՛ վերջին խոսքը, և կողմերի վիճաբանությունները, և՛ դատավճիռը: Ամեն ինչ այնքան արագ ու հապճեպ էր, ինչպես երազում: Եվ հանկարծ, ինչպես մշուշի միջից, լսում եմ. «7տարի»:
Ի դեպ, նման դեպք միայն ինձ հետ չի պատահել: Խարեբավայի գործը՝ ամբողջությամբ նույնն է, ինչ իմը: Մեկուսարանում եղած ժամանակ ես լսել եմ, որ Ադլերից մի հայ կնոջ 6 տարվա ազատազրկման են դատապարտել պետական դավաճանության համար: Բոլոր դեպքերում էլ՝ ինձ մոտ, Խարեբավայի, այդ հայ կնոջ մոտ, նույն քննիչն է, նույն դատախազը և դատավորը:
— Մերձավորները Ձեզ այցելու՞մ են
— Ինձ մոտ վերջերս երկու ընկերուհի էին եկել. մեկը՝ Մոսկվայից, մյուսը եկել էր Լատվիայից: Ես չեմ ուզում, որպեսզի մայրս կամ ամուսինս այստեղ գան: Ինձ համար հետո ավելի դժվար կլինի նրանց բաց թողնել:
— Գործի ինչպիսի՞ ելք եք ակնկալում:
— Ես չգիտեմ: Չեմ հավատում, որ սա ինձ հետ է կատարվում: Ես միշտ օրինապաշտ քաղաքացի եմ եղել, ինձ վրա ոչ մի տուգանք չի եղել: Մինչ այժմ չեմ հավատում:
- 2008թ. օգոստոսին Վրաստանի և Հարավային Օսիայի միջև հակամարտությունը վերածվեց 5-օրյա ռազմական բախման, ընդ որում, Հարավային Օսիային աջակցում էր ռուսական բանակը:
- Ըստ Վրաստանի տարբերակի՝ Ռուսաստանը նախապես պատրաստվել էր զորք մտցնել ինքնավարություն, և վրացական բանակի գործողությունները պատասխան էին այդ սպառնալիքին և հարավօսիական իշխանությունների սադրանքներին:
- Մոսկվան պնդում է, որ իր բանակն օգտագործել է միայն այն բանից հետո, երբ վրացական զորքերը սկսել են ռմբակոծել Հարավային Օսիայի մայրաքաղաքը, և նպատակը եղել է պաշտպանել խաղաղ բնակչությանը և իր խաղաղպահ ուժերին, որոնք հարձակման էին ենթարկվում:
- Պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի անկախությունը, աշխարհի մյուս երկրների մեծ մասը դա համարում Վրաստանի տարածքի մի մաս: