Ֆիդանը Բաքվում հայտարարեց, որ «ամեն բան կարգին է», բայց լարվածությունը պահպանվում է
Սառնություն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամանեց Բաքու։ Նրա այցի պաշտոնական պատճառը Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովն էր, որտեղ Ֆիդանը ներկայացնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այնուամենայնիվ, այցը տեղի ունեցավ վերջին շաբաթներին երկու երկրների միջև լարված հարաբերությունների ֆոնին, ինչը մեծ ուշադրություն հրավիրեց այցի յուրաքանչյուր դետալի վրա։
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ֆիդանին դիմավորեց Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Ղայիբովը։ Թուրք նախարարին դիմավորելու գործառույթը նրան հանձնարարելու որոշումը տարաբնույթ արձագանքներ առաջացրեց սոցիալական ցանցերում՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում։ Հոկտեմբերի 15-ին Ֆիդանը հանդիպեց նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նույն օրը՝ գագաթնաժողովի ընթացքում, նա մի շարք այլ պատվիրակությունների ներկայացուցիչների հետ միասին լքեց դահլիճը, երբ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը սկսեց իր ելույթը։
Հանդիպումից հետո Ֆիդանը խոսեց երկու ժողովուրդների միջև հարաբերությունների ամրության և անխախտելիության մասին։ Միաժամանակ, նրա խոսքերում հնչեց խոստովանություն առ այն, որ Բաքվի և Անկարայի միջև որոշակի տարաձայնություններ, այնուամենայնիվ, առկա են։
Վերջին շրջանում հարաբերությունների սրման հիմնական պատճառներից մեկը Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքն է՝ թեմա, որին JAMnews-ը մանրամասն անդրադարձել էր նախորդ հրապարակումով։ Այս անգամ, սակայն, ուշադրության կենտրոնում մեկ այլ խնդիր է։
Ի՞նչ է կատարվում Բաքվի և Անկարայի հարաբերություններում, որքա՞ն լուրջ է նրանց միջև առաջացած լարվածությունը
Ֆիդանի ուղերձը․ «Կան տարաձայնություններ, բայց…»

Բաքվում լրագրողների հետ զրույցում Ֆիդանը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունները դիմակայել են պատերազմների ու ճգնաժամերի փորձությանը, իսկ նրանց ղեկավարները կապված են «անխախտ բարեկամությամբ և եղբայրությամբ»։ Նա հավելեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ այցը իրեն կոնկրետ հանձնարարականներ է տվել։
Միաժամանակ, նախարարը բացահայտորեն ընդունեց, որ որոշ հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները կարող են տարբերվել։ Ֆիդանն ընդգծեց, որ նման տարաձայնությունները չպետք է վնասեն նրանց ռազմավարական հարաբերություններին.
«Մենք հին պատմություն ունեցող ժողովուրդ ենք։ Մենք պետք է լուծենք մեր խնդիրները այնպես, ինչպես վայել է նման անցյալ ունեցող ազգին՝ նստելով բանակցային սեղանի շուրջ և քաղաքակիրթ կերպով քննարկելով դրանք»։
Նախարարը նաև նշեց, որ տարաձայնությունները չպետք է վերածվեն սոցիալական ցանցերում քարոզչական գործիքների։ Նա հավելեց, որ հենց այս ոգով էլ ընթացել է Ալիևի հետ նրա զրույցը, որի ընթացքում թուրքական կողմը ծանոթացել է Ադրբեջանի նախագահի դիրքորոշմանը և իրավիճակի վերաբերյալ նրա տեսլականին։
Իր հայտարարության մեջ Ֆիդանն ուղղակիորեն չանդրադարձավ հիջաբի խնդրին, Իսրայելին կամ հոկտեմբերի 2-ին Ալիևի արած արտահայտություններին։ Այնուամենայնիվ, այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «մեր խնդիրները», «մոտեցումների տարբերությունները» և «տարաձայնությունների շահարկումը», վկայում են այն մասին, որ Անկարան, չժխտելով խնդիրների առկայությունը, նախընտրում է դրանք լուծել դիվանագիտական խողովակներով, այլ ոչ թե հրապարակային։
Միաժամանակ, սոցցանցերում մեծ ուշադրության արժանացան այցի ընթացքում արված լուսանկարները։ Որոշ օգտատերեր, վերլուծելով Ֆիդանի մարմնի լեզուն, նշեցին, որ նա բավականին հանգիստ տեսք ուներ՝ թե՛ օդանավակայանում, թե՛ նախագահի հետ հանդիպման ժամանակ, կարծես երկու երկրների հարաբերություններում որևէ խնդիր գոյություն չունենար։ Թեև նման գնահատականները սուբյեկտիվ են, դրանք ցույց են տալիս, թե որքան ուշադիր է հանրությունը հետևում Բաքվի և Անկարայի ներկայացուցիչների յուրաքանչյուր ժեստին։
Այցի, թերևս, ամենաուշագրավ դրվագը կապված էր Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ելույթի հետ։ Բաքվում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ֆիդանը հրաժարվեց լսել ելույթը և դուրս եկավ դահլիճից։ Հատկանշական է, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչի՝ դահլիճում մնալու որոշումը Թուրքիայում սուր քննադատության էր արժանացել։
Ինչո՞վ է պայմանավորված լարվածությունը
Վերջին երեք շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ հանգեցրել են Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունների սրմանը.
- Սեպտեմբերի 23— ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս Էրդողանը «որոշ երկրներում» գործող՝ դպրոցներում գլխաշոր կրելու արգելքը որակեց որպես կանանց իրավունքների ոտնահարում։ Նույն նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը մնաց դահլիճում այն պահին, երբ Նեթանյահուն, ով Էրդողանին անվանեց «բռնապետ», հանդես էր գալիս ելույթով։
- Հոկտեմբերի 2— Իշխող «Նոր Ադրբեջան» («Էնի Ադրբեջան») կուսակցությանհամագումարում Ալիևը՝ առանց անուններ նշելու, հայտարարեց, որ յուրաքանչյուր ոք պետք է «իմանա իր տեղը», և որ ոչ ոք իրավունք չունի միջամտելու ադրբեջանական ժողովրդի կենսակերպին։ Նա ընդգծեց, որ ռազմական հաղթանակները ձեռք են բերվել առանց արտաքին հովանավորության, իսկ սպառազինությունը գնվել է երկրի սեփական միջոցներով (JAMnews)։
- Հոկտեմբերի 9–12— Ադրբեջանի դպրոցներում սկսվեցին ստուգումներ, որոնց ընթացքում հիջաբ կրող աշակերտուհիներին և ուսուցչուհիներին արգելեցին մասնակցել դասերին։ Սա բողոքի ակցիաների առիթ դարձավ, ինչի արդյունքում 37 մարդ բերման ենթարկվեց (JAMnews)։
- Հոկտեմբերի 12— Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը կոչ արեց Ադրբեջանին հնարավորինս շուտ «ուղղել այդ սխալը»։ Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Լեյլա Շահին Ուստան։
- Հոկտեմբերի 13— «Նոր Ադրբեջան» («Էնի Ադրբեջան») կուսակցության մամուլի ծառայությունը քննադատական հայտարարություն տարածեց՝ ուղղված Սարալին և ԱԶԿ-ի օրենսդիրներին՝ նշելով նրանց անունները։ Հայտարարության մեջ ԱԶԿ-ին կոչ էր արվում հրաժարվել իր «վնասակար քաղաքականությունից», ինչպես նաև ակնարկ էր արվում «հեգեմոն հավակնությունների» մասին:
- Հոկտեմբերի 14–15— Ֆիդանը ժամանեց Բաքու և հանդիպեց Ալիևի հետ։
Այս իրադարձությունների ֆոնին ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը սահմանափակվեց հայտարարությամբ այն մասին, որ երկու երկրների առաջնորդները կապված են «իսկապես եղբայրական հարաբերություններով»։
Լարվածության պատճառները․ Իսրայելը, Ռուսաստանը և «ավագ եղբոր» դերի հավակնությունները
Դեռևս Ֆիդանի այցից առաջ JAMnews-ին հարցազրույց տված բոլոր փորձագետները կարծիք են հայտնել, որ հիջաբ կրելու հարցը Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում առկա ավելի խորը խնդիրների ընդամենը մեկ դրսևորումն է։
«Երկու մրցակիցների միջև ընտրություն կատարելու անհրաժեշտությունը»

«Երրորդ հանրապետություն» պլատֆորմի հիմնադիրներից քաղաքական գործիչ Արազ Ալիևը JAMnews-ի հետ զրույցում առաջացած լարվածությունը կապել է Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսի հետ։
Նրա կարծիքով՝ Բաքուն սկսել է իրեն ընկալել որպես «աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներից մեկը»։ Սակայն, ի տարբերություն Միացյալ Նահանգների կամ Չինաստանի, Ադրբեջանը չունի բավարար հնարավորություններ՝ միաժամանակ սերտ հարաբերություններ պահպանելու երկու պատերազմող պետությունների հետ.
«Առաջիկա տասը տարում Թուրքիան և Իսրայելը կլինեն երկու հիմնական մրցակիցները Մերձավոր Արևելքում: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը երկու երկրների ռազմավարական դաշնակիցն է: Երբ Նեթանյահուն խոսում է, թուրքական պատվիրակությունը լքում է դահլիճը, բայց ադրբեջանական պատվիրակությունը չի կարող դա անել, նույնիսկ եթե ուզենա: Ի վերջո, Իսրայելը նույնպես ներդրումներ է կատարում Ադրբեջանում և աջակցություն է ցուցաբերում նրան: Բնականաբար, դա դժգոհություն է առաջացնում Թուրքիայում»:
Արազ Ալիևը նշում է, որ Ադրբեջանն առաջին անգամ բախվեց այս «բազմավեկտոր քաղաքականության» բացասական հետևանքներին այն բանից հետո, երբ աջակցեց Պակիստանին՝ Հնդկաստանի հետ վերջինիս դիմակայության հարցում։
Քաղաքական գործչի խոսքով՝ Հնդկաստանն արգելափակեց Ադրբեջանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը, ինչի հետևանքով տուժեցին երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները, որոնց ծավալը հասել էր երկու միլիարդ դոլարի։
Որպես երկրորդ գործոն՝ Ալիևը մատնանշում է Ռուսաստանը։ Նա նկատում է, որ օգոստոսից ի վեր Բաքուն քայլեր է ձեռնարկում Մոսկվայի հետ հարաբերությունները ջերմացնելու ուղղությամբ: Որպես այս փոփոխության վկայություն՝ նա մատնանշում է AZAL-ի ինքնաթիռի կործանման շուրջ ծագած վեճերի կարգավորումը։ Միաժամանակ, քաղաքական գործիչը նշում է, որ պատմականորեն Ադրբեջանի՝ Ռուսաստանին մերձենալուն ուղղված ցանկացած քայլ ուղեկցվել է Թուրքիայից որոշակի հեռավորություն պահելով։
Արազ Ալիևն այս զարգացումները կապում է նաև Միացյալ Նահանգների ներքաղաքական իրավիճակի հետ։ Նրա խոսքով՝ Բաքվի արտաքին քաղաքական ռազմավարությունը, որը մեծապես կողմնորոշված է դեպի Դոնալդ Թրամփի վարչակազմ, կարող է վտանգվել, եթե հանրապետականները պարտություն կրեն այս նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններում։ Քաղաքական գործիչը կարծում է, որ նման սցենարի հետ կապված մտահոգությունները ադրբեջանական իշխանություններին ստիպում են այլընտրանքային հենասյուներ փնտրել արտաքին քաղաքականության համար։
«Ես կախված չեմ քեզնից»

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության» (DEM) ներկայացուցիչ Օմեր Ֆարուկ Գերգերլիօղլուն JAMnews-ին հայտնել է, որ Ալիևի՝ հոկտեմբերի 2-ին արած հայտարարությունները պետք է դիտարկել որպես Թուրքիայի՝ «ավագ եղբոր» դերն ստանձնելու հավակնության մերժում․
«Թուրքիան միշտ իրեն դիտարկել է որպես «ավագ եղբայր» Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի համար։ Ալիևը, սակայն, համաձայն չէ դրա հետ։ Նրա ուղերձը, ըստ էության, հետևյալն էր՝ ես կախված չեմ քեզնից. դու ինձ պետք ես այնքանով, որքանով ես՝ քեզ։ Մենք ունենք փոխադարձ շահեր, սակայն մեր հարաբերությունները «ավագ եղբայր-կրտսեր եղբայր» ձևաչափով չեն»։
Ըստ պատգամավորի՝ Բաքուն Իսրայելի հետ համագործակցությունը դիտարկում է որպես «փրկօղակ», որն օգնում է պահպանել կառավարման ավտորիտար համակարգը, և այս հարցում զիջումների գնալու մտադրություն չունի։
Գերգերլիօղլուն մատնանշում է նաև Էրդողանի դիրքորոշման մեջ առկա հակասությունները։ Մինչ Թուրքիայի նախագահը կոշտ քննադատության է ենթարկում Իսրայելին, նա «աչք է փակում» թուրքական Ջեյհան նավահանգստից Իսրայել իրականացվող նավթի մատակարարումների վրա (նավթ, որը նավահանգիստ է հասնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով)։ Պատգամավորը պնդում է, որ ինքը բազմիցս կառավարությանը ներկայացրել է այդ մատակարարումները հաստատող փաստաթղթային ապացույցներ․
«Եթե Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը սրվի, կարծում եմ՝ Ալիևը բացահայտորեն կկանգնի Իսրայելի կողքին։ Նրա համար «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը երկրորդ պլան է մղվում: Նա աշխարհին նայում է առաջին հերթին սեփական իշխանությունը պահպանելու տեսանկյունից»։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում Ֆիդանի՝ Բաքվում Իսրայելի նախագահի ելույթը լսելուց հրաժարվելու փաստը։ Այս դեպքում Անկարան ցուցադրեց, որ Իսրայելի հարցում իր դիրքորոշումը տարբերվում է Ադրբեջանի դիրքորոշումից, ընդ որում՝ դա տեղի ունեցավ հենց մայրաքաղաք Բաքվում։
Թուրքական հասարակության մեջ աճող դժգոհությունը

Լրագրող և վերլուծաբան Ջավիդ Աղան նշում է, որ թուրքական հասարակության շրջանում Ադրբեջանի հանդեպ դժգոհությունը դուրս է գալիս հիջաբ կրելու խնդրի շրջանակներից։
Ըստ նրա՝ թուրք գործարարները վաղուց են բողոքում Ադրբեջանում բիզնես վարելու դժվարություններից, հարկային մարմինների կողմից ոչ պաշտոնական վճարումների պահանջից, ինչպես նաև վրաց-ադրբեջանական սահմանին բեռնատարների արհեստական ուշացումներից․
«Թուրքական հասարակության մեջ Ադրբեջանի դեմ բողոքների զգալի կուտակում կա։ Սակայն միայն ամառվանից սկսած դրանք սկսեցին բացահայտ և ավելի ակտիվ կերպով արտահայտվել։ Նախկինում Էրդողանի մերձավոր շրջապատը իր կողմից ֆինանսավորող խմբերի միջոցով զսպում էր այդ դժգոհությունը, մարդիկ լռում էին նախագահի առաջին իսկ ազդանշանից հետո։ Այժմ, սակայն, Instagram-ում, TikTok-ում և նույնիսկ այնպիսի հարթակներում, որտեղ նախկինում նման բաներ պատկերացնելն անգամ անհնար կլիներ, ես տեսնում եմ Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին աջակցող գրառումներ»։
Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները
Հարցված փորձագետներից ոչ ոք չի ակնկալում Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշինքի խզում։ Այնուամենայնիվ, նրանք բոլորն էլ կարծում են, որ երկու երկրների հարաբերություններում դեռ որոշ ժամանակ կպահպանվի որոշակի սառնություն։
Արազ Ալիևի դիտարկմամբ՝ լարվածությունը կմնա քաղաքական մակարդակում և ժամանակի ընթացքում կթուլանա.
«Թուրքիան ունի Ադրբեջանի կարիքը, իսկ Ադրբեջանն առավել ևս ունի Թուրքիայի կարիքը, մասնավորապես՝ ազգային անվտանգության, տնտեսության և պաշտպանության ոլորտներում։ Երկու երկրների ղեկավարությանը մոտ կանգնած ընկերությունները կարող են փոխադարձ ճնշման ենթարկվել, սակայն ես չեմ կարծում, թե բուն դաշինքը վտանգի տակ է։ Շուտով մենք կրկին կլսենք «եղբայրության» մասին խոսակցություններ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Սառնություն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում