«Անիրատեսական է»․ կարծիք Բաքվի հետ առանց միջնորդի բանակցելու մասին
Սամվել Բաբայանը՝ Բաքվի հետ ուղիղ բանակցելու մասին
«Բավականին վտանգավոր խոսույթ է, որի շոշափումը համապատասխանում է Ադրբեջանի շահերին»,- քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն այսպես է բնորոշել Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ Ադրբեջանի հետ առանց միջնորդների բանակցելու առաջարկը։
Նախօրեին Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ինքը Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների կողմնակից է։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը նաև նշել է, որ ի տարբերություն Արցախի իշխանության և ընդդիմության, ինքը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել և ձևավորել փաստաթուղթ այն մասին, թե ինչ կետերի շուրջ են լինելու բանակցությունները։
Սամվել Բաբայանի հարցազրույցի կարևոր դրվագները, փորձագիտական կարծիք
Սամվել Բաբայան․ «30 տարի բանակցել ենք, ոչնչի չենք հասել»
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշել է՝
- «Չեմ համարում, թե Ադրբեջանը դեմ է ցանկացած բանակցության։ Վերջերս ԱՄՆ առաջարկով պետք է լինեին բանակցություններ, արցախյան կողմը հրաժարվեց, այսինքն՝ ինչ-որ ձևի այդ բանակցությունները էսպես, թե էնպես լինում են»։
- «Եթե մենք չենք գնում այդ ճանապարհով, և փոխվստահություն չի լինում, ես Ձեզ վստահեցնում եմ՝ 30 տարի բանակցել ենք, ոչնչի չենք հասել, և 30 էլ բանակցելու ենք, էլի չենք հասնելու, որովհետև Ադրբեջանը ինչքան էլ սեղմի, որ շուտ, արագ արդյունքներ ունենա և դուրս բերի Ռուսաստանն այստեղից՝ իր նպատակը գլխավոր, չի ստացվելու, եթե փոխվստահություն մենք իրար հանդեպ չենք ձևավորում»։
- «Առաջին հերթին, պետք է մենք ձևավորենք այն փաստաթուղթը՝ ինչ կետերի շուրջ ենք բանակցելու, փոխվստահություն ներշնչելու իրար նկատմամբ, նոր միայն անցնենք մնացած խնդիրներին»։
- «Արցախը՝ իր քաղաքական ուժերի հետ, պետք է ստեղծի մի փաստաթուղթ, առաջարկի Ադրբեջանին, Ադրբեջանը այդ փաստաթուղթը ուսումնասիրելուց հետո առաջարկի իր տարբերակը, որտեղ որ ոչ թե կարգավիճակ, ապագա, Ղարաբաղի հարց և այլն, ո՛չ։ «Փոխվստահություն» բառակապակցությունը ես իզուր չեմ օգտագործում, այսինքն՝ այդ քայլերով մենք իրար վստահում ենք, սկսում ենք նոր փուլ՝ երկրորդ փուլ, որտեղ արդեն և՛ կարգավիճակ, և՛ մյուս, մյուս բոլոր խնդիրները»։
- «Եկեք հնարավորություն ստեղծենք, իրենք գրավոր պատասխանեն, մենք էլ միջնորդներին՝ այն գերտերություններին, որոնք շահարգրգռված են տարածաշրջանում, ներկայացնենք, որ մենք պատրաստ ենք այս քայլերին, Ադրբեջանը ոչնչի չի գնում, որևէ քայլ չի անում։ Բայց մենք ոչինչ չենք անում, ասում ենք՝ իրենք սա են պահանջում, գրավոր դա դրե՞լ են մեր դիմաց։ Ես չեմ տեսել»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ ուղիղ բանակցություններով շահագրգռված է Ադրբեջանը, քանի որ դա Բաքվին թույլ կտա բանակցությունները ներկայացնել որպես «ներքին գործընթաց՝ ինտեգրման օրակարգով»։
«Չգիտեմ՝ որքանով է նպատակահարմար խոսել ուղիղ բանակցությունների մասին հատկապես քաղաքական հարցերի վերաբերյալ։ Եթե խոսքը ինչ-որ տեխնիկական, ենթակառուցվածքային հարցերի մասին է, էլի կարելի է քննարկել, բայց երբ խոսքը գնում է համապարփակ ինչ-որ լուծումների մասին, չեմ կարծում, թե ուղիղ բանակցությունները բխում են արցախյան կողմի շահերից»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ուժերի հարաբերակցության առկա պայմաններում առանց միջնորդների բանակցությունների մասին խոսելը շատ անիրատեսական է․
«Դժվար է պատկերացնել, թե Արցախն ինչպես կարող է առանց միջնորդների բանակցել Ադրբեջանի հետ, որպեսզի դա չդառնա Ադրբեջանի պահանջների աստիճանական իրագործման գործընթաց»։
Ինչ վերաբերում է ոչ քաղաքական հարցերի քննարկմանը, Գրիգորյանը հիշեցրել է՝ նախկինում նման բանակցություններ վարվում էին ռուսական կողմի միջնորդությամբ։ Ասում է՝ բարդ է հասկանալ՝ Ադրբեջանը որքանով է հետաքրքրված նմանատիպ բանակցություններով, և արդյոք հնարավոր է Բաքվի հետ բանակցել առանց միջնորդների․
«Այն դիրքորոշումը, որ միջազգային ձևաչափ, միջազգային միջնորդություն պետք է գոյություն ունենա, ավելի խելամիտ է։ Այդ դիրքորոշումը կիսում են նաև այս հարցով զբաղվող չասեմ՝ հիմնական միջնորդները, առնվազն ամերիկյան կողմը»։
Անդրադառնալով ամերիկյան կողմի միջնորդությամբ բանակցություններից արցախյան կողմի հրաժարվելու մասին պնդմանը՝ Գրիգորյանն ընդգծել է՝ թյուր պատկերացում է, այդ բանակցություններից Ստեփանակերտը չի հրաժարվել։ Իսկ բանակցություններ՝ նույնիսկ հումանիտար հարցերի շուրջ, ըստ նրա, վերջին ամիսներին առհասարակ տեղի չեն ունեցել։
Փոխվստահության մթնոլորտի ձևավորման մասին Սամվել Բաբայանի առաջարկը նոր չի համարում։ Ասում է՝ վերջին ամիսներին բազմիցս է հնչեցրել։ Կարծում է՝ այս դեպքում ևս ամենակարևոր խնդիրը հետևյալն է՝ Բաքուն պատրա՞ստ է կառուցողական գործընթաց սկսել Ստեփանակերտի հետ, թե՞ ոչ։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի դիրքորոշումը «շատ հստակ է ու մաքսիմալիստական»։
«Բաքուն չի պատրաստվում ինչ-որ բովանդակային հարցի շուրջ բանակցել Ստեփանակերտի հետ և պարզապես վերջնագրեր է ներկայացնում՝ նշելով, որ ինտեգրացիայի օրակարգից բացի ոչինչ չի պատրաստվում քննարկել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»,- շեշտել է նա։
Նկատում է՝ Արցախում նաև իշխանության համար պայքար է ընթանում, և Բաբայանի պնդումները պետք է ընկալել նաև այդ համատեքստում։ Մյուս կողմից, ըստ Գրիգորյանի, պարզ չէ, թե նրա՝ պատասխանատվություն ստանձնելու դեպքում ինչի ականատես կարող ենք լինել։
«Ամիսներ առաջ, երբ Արցախում պետնախարար նշանակվեց Ռուբեն Վարդանյանը, բանակցողը նա չէր, բայց ինչ-որ պահից Ադրբեջանը նախապայման դրեց՝ նշելով, որ Վարդանյանը պետք է հեռացվի պաշտոնից և գնա Արցախից։ Չգիտեմ՝ արդյոք Բաբայանի դե ֆակտո իշխանության գալու դեպքում նման պայմաններ լինելո՞ւ են, թե՞ ոչ, բայց չի կարելի նաև բացառել»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սամվել Բաբայանը՝ Բաքվի հետ ուղիղ բանակցելու մասին