Սահմանների վերանայում է նախանշվում
Նախորդ շաբաթ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը 3 նշանակալի իրադարձություն ցնցեց. սիրիական Հալեպում հաշտեցումը «սահմանագծին էր», Թբիլիսիում մի խումբ երիտասարդ ազգայնականներ ներխուժեցին թուրքերին պատկանող խանութներ: Գրեթե հենց այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն անսպասելիորեն հայտարարեց Լոզանի պայմանագրի վերաբերյալ իր դժգոհությունը:
Թվում է՝ ինչ կապ կա այս իրադարձությունների միջև, սակայն եթե ավելի խորը նայենք, կտեսնենք, որ այս բոլոր իրադարձությունները հանգում են մեկ կարևոր հարցի՝ Մեծ Մերձավոր Արևելքի տարածքային բաժանման հիմքին, որը կանխորոշում է դրա ազգային-դավանական և պետական բաժանումը:
Նման հիմք է հանդիսանում 1923թ-ին Լոզանում կնքած պայմանագիրը, որը վավերացրեց Օսմանական կայսրության անկումն ու հռչակեց Թուրքական հանրապետության ստեղծումը: Ավելի վաղ՝ 1920թ-ին, նման պայմանագիր կնքվել էր Սևրում, սակայն Թուրքիան կարողացավ պայմանավորվել Ռուսաստանի հետ և Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը կնքել, որոնք թույլ տվեցին Անկարային վերահսկողություն սահմանել հայկական, վրացական, հունական համարվող տարածքների վրա: Լոզանի պայմանագիրը շատ ավելի շահեկան է Թուրքիայի համար, քան Սևրինը:
Ուրեմն ի՞նչն է առաջացրել Էրդողանի դժգոհությունը: Նրա խոսքով, Լոզանի պայմանագիրը Թուրքիային զրկել է որոշ հունական կղզիների հանդեպ վերահսկողությունից: Այս խոսքերը միանգամից Հունաստանի վարչապետի մակարդակի բողոք առաջացրին, վարչապետը կոչ արեց չվերանայել մեծ տարածաշրջանում վարչատարածքային բաժանման հիմքերը: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, Էրդողանի խոսքերը ոչ թե հունական կղզիների հանդեպ կարոտից դրդված են հնչել, այլ Սիրիայի բաժանման հեռանկարից, եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չկարողանան համաձայնության գալ:
Թուրքիան մեկ ամիս անց ռազմական ներխուժում է իրականացրել Սիրիա և թուրք-սիրիական սահմանի երկայնքով 90 կիլոմետրանոց շերտ գծել: Էրդողանի խոսքերը շատերն ընկալեցին որպես Սիրիան մոտ ժամանակներս բաժանելու նախապատրաստում և Սիրիայի նախկին օսմանական տարածքների մի մասի հանդեպ Թուրքիայի հավակնություն:
Արդյո՞ք կվերանայվի Լոզանի պայմանագիրը: Ի՞նչ կփոխարինի դրան և ի՞նչ տեղի կունենա այդ և Օսմանական կայսրության անկումն ամրագրող պայմանագրերի առարկա հանդիսացող երկրներում:
Այս առումով Թբիլիսիի կենտրոնում թուրքական խանութների վրա հարձակումն ընդհանուր խճանկարի մի մաս է թվում. ինչպես նաև Վրաստանի պատասխան Անկարայի գաղտնի նկրտումներին: Ճիշտ է՝ մի փոքր անհասկանալի է, թե ով է տալիս այդ պատասխանը և ով է կանգնած այդ դեպքերի ետևում:
Հայաստանում նույնպես սևեռուն հետևում են Լոզանի պայմանագրի հնարավոր չեղարկման նախապատրաստմանը, որը կարող է տեղի ունենալ, եթե Սիրիան այնուամենայնիվ բաժանվի և Քրդական պետություն ստեղծվի: Եվ թեև Հայաստանը չի հիշատակվում Լոզանի պայմանագրում, և նրա ճակատագիրն ու սահմանները որոշվել են ռուս-թուրքական սեպարատ պայմանագրերով, տարածաշրջանի պայմանագրային հիմքի վերանայման դեպքում Հայաստանի հարցը նույնպես կբարձրանա:
Մասնավորապես, կրկին արդիական կդառնա Նախիջևանի հարցը, ինչպես նաև Ղարաբաղինը, ինչը կարգավորման հիմք կարող է դառնալ: Պատահական չէր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորումը խաղաղ ճանապարհով դեռևս անհեռանկար է, և առաջնորդները պատրաստ չեն որոշման:
Վերլուծաբանները կարծում են, որ ղարաբաղյան հակամարտությունը 1921թ-ի ռուս-թուրքական պայմանագրերի ուղղակի խախտում է, սակայն հայերի ազգային-ազատագրական շարժումն ամբողջությամբ տեղավորվում է տարածաշրջանում սահմանները վերանայելու ամերիկյան պլանների մեջ, եթե նման բան տեղի ունենա:
Այդ պլանների շրջանակում տեղավորվում է նաև հայերի ցեղասպանության ճանաչման պատմությունը. վերջերս ԱՄՆ Սենատը հաղթահարել է նախագահի վետոն և հաստատել ամերիկացիների իրավունքը դիմելու դատարան Սաուդյան Արաբիայի դեմ հայցերով, որպես 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ողբերգության մեղավոր երկրի:
Թուրքիան ԱՄՆ-ին կոչ էր անում նման օրենք չընդունել, հայտարարելով, որ եթե երկրների դատական իմունիտետը հանվի, շատ երկրների կարելի կլինի պահանջներ ներկայացնել, այդ թվում նաև՝ տարածքային: Պետք է ենթադրել, որ Թուրքիան հայկական հարցը նկատի ուներ:
20-րդ դարի 20-ական թվականներին ԱՄՆ-ի ուժը չհերիքեց սեփական հայեցողությամբ որոշել Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի սահմանները: Չնայած որ Սևրի պայմանագրի հիմքում ամերիկացի նախագահ Վիլսոնի արբիտրաժն էր ընկած՝ Ռուսաստանը, Թուրքիան ու մի շարք եվրոպական երկրներ հաջողացրին «հետաձգել» Սևրի պայմանագիրը և մի շարք «սեփական պայմանագրեր» կնքել՝ Մոսկվայինը, Լոզանինն ու մնացածը:
100 տարի տարածաշրջանն ապրել է «ոչ ամերիկյան» պայմանագրերով. 2011թ-ին Էրդողանը նույնիսկ Մոսկվա մեկնեց Մոսկովյան պայմանագրի 90-ամյակին մասնակցելու, և Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ նրանք հաստատեցին այդ պայմանագրին հավատարիմ լինելը: Այն բանից հետո, երբ 2015թ-ի նոյեմբերին Թուրքիան խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը, միանգամից Մոսկվայի պայմանագրի չեղարկման հավանականության մասին հարց ծագեց, սակայն երկու երկրները միանգամից բացառեցին նման հնարավորությունը:
Այժմ խոսքը գնում է հիմքերի հիմքի՝ Լոզանի պայմանագրի հնարավոր վերանայման մասին: Շատ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ-ն Բարակ Օբամայի նախագահության մայրամուտին կարող է տարածաշրջանի բաժանման իր պլանն առաջարկել՝ «Օբամայի արբիտրաժը», որը կարող է փոխարինել չկայացած «Վիլսոնի արբիտրաժին»:
Հրապարակվել է` 04.10.2016