Սահմանամերձ Խաչիկ գյուղը՝ սեպի պես խրված Նախիջևանի տարածք
Խաչիկ հայկական գյուղը սահմանակից է Ադրբեջանի հետ։ Այն երեք կողմերից՝ հարավարևելյան, հարավային և արևմտյան, սեպի պես խրված է Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի տարածք։ Խաչիկը Նախիջևանի հետ ունի 27 կմ պետական սահման։
«Եթե հայկական Արենի գյուղը մեզանից 21 կմ հեռավորության վրա է, ապա ադրբեջանական մոտակա գյուղը 4-5 կմ է հեռու։ Արցախյան վերջին պատերազմից հետո գյուղում անհանգստություն կա։ Տագնապը մեծացել է։ Եթե նախկինում հաղթած վիճակում էինք, կարծես ավելի ամուր էինք, հիմա ավելի պատասխանատու ենք, իրավունք չունենք գյուղը լքելու, սահմանները չպետք է թուլանան։ Խաչիկում ապրող յուրաքանչյուր մարդ արդեն իր հերոսական պարտքն է կատարում», — ասում է գյուղի միջնակարդ դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյանը։
Խաչիկը գտնվում է Երևանից 130 կմ հեռավորության վրա, ունի 700 բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ այստեղ կրակոցներ չեն հնչել, սակայն անվտանգության նկատառումներով՝ երեխաներին տարհանել են։
Ինչպե՞ս է ապրում գյուղը պատերազմից հետո, պատմում են տեղացիները։
- Մենթոր դպրոցներ Հայաստանում․ օգնություն հեռավոր և սահմանամերձ գյուղերին
- Դեպոպուլյացիա Հայաստանում․ չծնված աղջիկներ, զոհված տղաներ, համավարակ
- Զբոսաշրջության զարգացում Հայաստանի հարավում՝ ի հեճուկս համավարակի ու պատերազմի
Երեխաների մասին
86 աշակերտ ունեցող գյուղի դպրոցը հակառակորդի ուղիղ նշանառության տակ է։
«Երեխաների հոգեբանության վրա այս ամենը խիստ ծանր է ազդում։ Ամեն պահի, ամեն վայրկյան պատասխանատվություն կա։ Դուք չեք պատկերացնում, երբ հակառակորդի դիրքերում շարժ է նկատվում, երեխաները դա տեսնում են անգամ դասասենյակից, դասի նստած ժամանակ։ Բավականին ծանր է այդ առումով վիճակը», — ասում է դպրոցի տնօրենը։
Երեք աղջիկների մայր Արմինե Պետրոսյանը ցավում է, որ իր մանկությունը վերապրում են սեփական երեխաները.
«90-ականներին, երբ փոքրիս տարիքին էի, տեսել եմ պատերազմը Խաչիկում։ Հիմա նա է տեսնում՝ դարձյալ նույն վիճակը, դարձյալ պատերազմ։ Ճիշտ է, պատերազմի օրերին նրանց տեղահանեցինք գյուղից։ Գուցե մեզ նման չեն լսել կրակոցների ձայներ, բայց միևնույն է, անցնում են այդ ամենի միջով։ Շատ կուզեի, որ չունենան այն նույն ապրումները, ինչ ես՝ ժամանակին։ Նրանք ամեն ինչ հասկանում են, հնգամյա աղջիկս հետևում է իրադարձությունների ընթացքին հեռուստատեսությամբ ու բազմաթիվ հարցեր տալիս»։
Արմինեն դպրոցում ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդում է, իսկ ամուսինը պայմանագրային զինծառայող է, ծառայում է գյուղի զորամասում։
«Սա մեր տուն է, մենք այստեղ ապրում ենք, աշխատում։ Բնականաբար, անհանգիստ ենք լինում, սահմանը ինքն արդեն մտածմունքն է և անհանգստություն՝ երեխաների համար հավելյալ մտահոգությամբ», — ասում է Արմինեն։
Հարևանը շատ մոտ է
Խաչիկի վարելահողերն ու այգիները գտնվում են գյուղից ավելի ներքև՝ հայկական և ադրբեջանական դիրքերի ուղիղ մեջտեղում։
«Մենք ապրում ենք ու չգիտենք մեզ հետ ինչ կլինի։ Ես գնում եմ խնձոր հավաքելու, բայց չգիտեմ կվերադառնա՞մ, թե ոչ։ Խնձորը հավաքելիս, մենք անգամ իրենց ճաշի հոտն ենք զգում, թեյ են դնում, խոսում են, մենք լսում ենք իրենց։ Բայց մենք գնալու ենք, վարելու ենք, ցանելու ենք։ Որովհետև եթե մենք մեկ տարի չարեցինք, այլևս չենք համարձակվի իջնել։ Մեր տրակտորը հենց սահմանի բերանին վարում է, կոմբայնը հավաքում է։ Մենք քնում ենք, մեր պատուհանից Նախիջևանի վառվռուն լույսերն են», — պատմում է Խաչիկի բնակիչներից Սոնա Մակարյանը։
Նա ժողովրդական վարպետ է, Խաչիկի և հարակից գյուղերի երեխաներին սովորեցնոմ է գորգ և կարպետ գործել։
Սոնան պատմում է, որ խորհրդային տարիներին խաչիկցիները Երևան են գնացել Նախիջևանով․
«Երևան գնում էինք Հաջի գյուղով, դուրս էինք գալիս միանգամից Երասխ, այդպես բավականին կրճատվում էր ճանապարհը»։
Ժամանակներն ուրիշին էին, հարաբերություններն էլ։ Իսկ հիմա խաչիկցի Սեդա Գրիգորյանն ասում է՝ տհաճ է, երբ անընդհատ զգում ես ինչ որ մեկի հսկողությունը, հայացքը․
«Դաշտում աշխատում ես, նայում են, բայց մենք կարծես սովորել ենք այս ամենին։ Չեմ կարծում, որ երեխեքի մոտ վախը մեծ է։ Մենք ունենք զորամաս, ունենք նաև լավ հոգևոր համայնք և դպրոց․ եռյակ է, որի մեջ մեծանում են երեխաները։ Երեխաներից մեկի եղբայրը, մեկի հայրիկը, քեռին ծառայության մեջ են, ու նրանք այդ միջավայրում են մեծանում»։
«Ամեն ինչ ունենք, բացի փողից»
Սոնա Մարկոսյանը հպարտանում է, որ իր պապերը Խաչիկում բնակություն են հաստատել դեռևս հինգերորդ դարից։ Սեդա Գրիգորյանն էլ ասում է, որ այստեղ դարավոր պատմություն ունեցող շատ ընտանիքներ են բնակվում․
«Մեզ ասում են հին հայեր, ինչպես արենցիներին։ Ու մեր տարածքում ապրում են նաև նոր հայեր, որոնք եկել են Բայազետից՝ Արևմտյան Հայաստանից, և Խոյից 1800-ական թվականներին։ Ես մեզ նմանեցնում են բույսերի այն էնդեմիկ տեսակին, որոնք և՛ անձրևին, և՛ արևին, և՛ քամուն կանգնած են, իրենք պարտավոր են աճել ու աճում են»։
Բնութագրելով տեղացիներին՝ Սոնան ասում է՝ հյուրասեր են, ստեղծող․
«Մենք ամեն ինչ ստեղծում ենք, բայց գումար չունենք։ Մեր մառանները լցված են, բայց չենք կարողանում իրացնել եղածը, շուկային մոտիկ չենք, գյուղ էլ հազվադեպ են մարդիկ բարձրանում։ Եղածը լցնում ենք հյուրերի պայուսակները ու ճանապարհում։ Ամեն ինչ ունենք՝ բացի փողից։ Մի ատամնաբույժի, աչքի բժշկի գնալու համար գումար չունենք»։
Սեդա Գրիգորյանն էլ ավելացնում է, որ աշնան այս սեզոնին չգիտեն, թե որտեղ մթերել խաղողը, խնձորը․
«Շատ լավ կլիներ գյուղում որևէ վերամշակող արտադրամաս բացվեր, չորանոցներ, որտեղ կաշխատեին կանայք, նաև գյուղի եղած մթերքի իրացման հարցը հեշտությամբ կլուծվեր»։
Խաչիկում զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ։ Վերջին տարիներին գյուղում բացվել է կարի արտադրամաս, որտեղ գյուղի կանայք են աշխատում։
Ինչու երիտասարդները չեն ամուսնանում
Դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյանն ասում է, որ դպրոցի աշակերտների թիվը գնալով նվազում է, բայց խնդիրը ոչ թե միգրացիան է, այլ գյուղի երիտասարդությունը։
«70 հոգուց ավելի երիտասարդներ ունենք, որոնք չեն ամուսնանում բնակարանային խնդրի պատճառով։ Աշխատանք ունեն, գյուղից չեն հեռանում, բայց չեն էլ ամուսնանում։ Գյուղի մի մասը կավե հին տներ են, մի հատվածը նորակառույց է, սակայն բնակարանաշինության այդ ծրագիրը կասեցված է։ Մինդեռ այստեղ հնարավոր չէ սեփական միջոցներով տուն կառուցել, խաչիկցին չունի այդքան եկամուտ», — բացատրում է դպրոցի տնօրենը։
Քաջիկ Խաչատրյանի խոսքով՝ պետությունը գտել էր գյուղը պահելու բանաձևը․
«2014-2018 թվականներին պետության կողմից տրվում էր որոշակի գումար շինանյութի համար, մնացածը պարտավորվում էինք մենք անել։ Դա անվերադարձ գումար էր, աշխատուժն էլ՝ գյուղի կողմից։ Մի քանի տներ կառուցեցին, հետո կառավարության փոփոխությունից հետո ծրագիրը դադարեցվեց։ Հույս ունենք, որ նախկին ծրագիրը նորից կիրականացնեն, գյուղը կշարունակի ամրանալ»։
Աղջիկների ֆուտբոլը
Ուղիղ սահմանին, հակառակորդի նշանառության տակ ֆուտբոլ են խաղում Խաչիկի աղջիկները։ Նրանք երկրպագում են հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, ֆուտբոլ խաղում են՝ մրցակցելով գյուղի տղաների թիմի հետ։
«Զարմանալի է, բայց մեզ մոտ ստացվեց։ Տասներկու հոգին ենք, պարապում ենք ակտիվ ու դեռ առաջ ենք գնալու», — ասում է թիմի աղջիկներից Սոնա Օհանյանը։
Թիմը ստեղծվել է դպրոցում ֆիզիկական կուլտուրա դասավանդող Գարիկ Ղազարյանի նախաձեռնությամբ։
«Աղջիկներն ավելի մեծ կամք ունեն, տղաները մի քիչ այլ կերպ են մտածում, ու աղջիկների հետ ավելի հեշտ է։ Թիմի անդամները 12-14 տարեկան են։ Ֆուտբոլը տղաների խաղ է, բայց աղջիկներն էլ արդեն համաշխարհային մակարդակով ֆուտբոլի առաջնություններին են մասնակցում, նաև Հայաստանում է այն զարգացում ապրում», — ասում է մարզիչը։
Արդեն երեք ամիս է Գարիկ Ղազարյանը նաև ՈՄԱ (ողջ մնալու արվեստը) կազմակերպության մասնաճյուղ է բացել Խաչիկում։ ՈՄԱ-ի նպատակն է Հայաստանում ունենալ ավելի մարտունակ բնակչություն։
«Խաչիկը ռազմավարական կարևոր նշանակության գյուղ է, և այստեղ յուրաքանչյուրը, երեխաներից սկսած՝ պետք է տիրապետեն թե՛ զենքի կանոններին, թե՛ ռազմավարությանը, թե՛ տակտիկային։ Շաբաթական երկու անգամ պարապում ենք։ Պատկերացրեք, եթե ոչ ցուցադրական, բայց գոնե ներքուստ ամեն երեկո մտավախություն ունես, որ անմիջական հակառակորդի հարևանությամբ ես գլուխդ դնում բարձին։
Այդ խնդիրն ունենք, բայց կոտրվելու տարբերակ չկա։ Եթե մեզանից յուրաքանչյուրը կոտրվեց, մանավանդ եթե պատասխանատու ես գյուղում ինչ-որ մի կառույցի համար, քո հիասթափությունը կփոխանցվի մի քանի տասնյակ ընտանիքիների, այդ պատճառով պարտավոր ենք ամուր լինել», — ասում է Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյանը։