Վտանգավո՞ր է ՀՀ համար․ սահմանազատման մասին ընդդիմության նախագիծը
Սահմանազատման մասին ընդդիմության հայտարարությունը
Հայաստանում քննարկվող թիմ մեկ թեման շարունակում է մնալ Ադրբեջանի հետ ընթացող սահմանազատման գործընթացը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել ԱԺ հայտարարություն ընդունելու նախաձեռնությամբ։ Առաջարկում են որպես հիմք ընդունել ոչ թե 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, այլ 1993 թ․-ի սեպտեմբերի 24-ի դրությամբ եղած շփման գիծը։ Հայտարարում են, թե պիլոտային սահմանազատման անվան տակ տեղի է ունենում «ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց»։
Իշխող ուժի համոզմամբ՝ հայտարարությունը վտանգներ և ռիսկեր է պարունակում Հայաստանի Հանրապետության պետականության համար:
Բացատրում են՝ սահմանազատման հիմք ընդունելով շփման գիծը, նշանակում է հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանից, որը իրավաբանական հիմնավորում ունի փաստաթղթերով և քարտեզներով:
«Իսկ շփման գիծ ինքնին նշանակում է մի գիծ, որը ձևավորվել է ուժի արդյունքում՝ ով որտեղ կարողացել, կանգնել է: Այսինքն՝ դուք լեգիտիմացնում եք ուժի իրավունքը, և երբ կսկսի գործել ուժը, ձեր դաշնակիցները իրենց պարտվորությունները չեն կատարելու, ու լինելու է ի՞նչ, այն, ինչը բազմիցս եղել է»,- հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնությանը։
Ընդդիմությունը, սակայն, պնդել է՝ իշխող թիմն իրականացնում է իր հայտարարածի ուղիղ հակառակը, ուստի չի բացառվում, որ հենց նրա գործողությունների արդյունքում «Հայաստանը վերածվի գուբերնիայի»։
Հայտարարության նախագիծն օրակարգում չի ներառվել, մերժվել է։ Նախագծին կողմ է քվեարկել 27, դեմ՝ 51 պատգամավոր։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ սահմանազատման հանձնաժողովները «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածները համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը համաձայնել է հետ քաշվել Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերից, որոնք Ադրբեջանն անվանում է իր «ոչ անկլավային գյուղերը»։
Նախօրեին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։ Սահմանազատման գործընթացին զուգահեռ երկրում ընթանում են բողոքի ակցիաներ։ Տավուշցիները նշում են, որ միակողմանի զիջումներ են արվում, իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Իշխանությունները, սակայն, պնդում են՝ պատրաստ են լուծել այդ բոլոր խնդիրները։
Ի՞նչ է առաջարկել ՀՀ ընդդիմությունը
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ընդունել ԱԺ հայտարարության նախագիծ, ըստ որի՝
- սահմանազատման հիմք պետք է հանդիսանա 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ սահմանը,
- ահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա՝ որպես ուղենիշ ունենալով ԵԱՀԿ քարտուղարության կողմից մշակած փաստաթուղթը սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ,
- անհրաժեշտ է խաղաղություն հաստատել, որպեսզի լինի իրական սահմանազատում, սահմանազատումը և սահմանագծումը պետք է լինեն իրար հաջորդող գործողություններ,
- սահմանագիծը պետք է ճշգրտվի ամբողջ պարագծով և հետո անցնեն սահմանագծման,
- Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային կոնտուրների որոշումը որևէ կերպ չի կարող ազդել արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի վրա։
Ընդդիմադիրները պնդում են՝ առաջարկի բուն նպատակը հետևյալն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգության ավելի բարձր մակարդակ՝ պաշտպանված միջազգային իրավունքով։
Իշխող ուժը կարծում է, որ ներկայացված նախագիծը չի նպաստում Հայաստանի կառավարության հռչակած խաղաղության գործընթացին, հակոտնյա է ՀՀ պետական շահերին:
«ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում»
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը վստահեցրել է․
«ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում։ Այս պահին ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրման գործընթացներ»։
Կարապետյանի խոսքով՝ 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ սահմանը հիմք ընդունելով՝ Հայաստանը կհրաժարվի իր պետական սահմանից և կվերադառնա ռազմական գործողության տրամաբանության։
«Սա բացարձակապես անընդունելի է և պարունակում է իր մեջ Հայաստանի Հանրապետության համար իրավական, քաղաքական, դիվանագիտական և ռազմական ռիսկեր»,- նկատել է նա։
Պատգամավորի խոսքով՝ սա «Դաշնակցության և կայսրության [ՌԴ] համատեղ նախագիծն» է։
«Դաշնակցության անկեղծ ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, ցավոք, օգտագործվում է կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի, կամ, առհասարակ, Հայաստանի պետականության վերացման»։
«Հանրաքվե է պետք, ոչ թե խորհրդակցական մարմնի որոշում»
ԱԺ հայտարարության նախագիծը լիագումար նիստում ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա պնդել է՝ սահմանազատման հանձնաժողովը, որ ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խորհրդակցական մարմին է, որին «որևէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնել՝ որտեղով է անցնում սահմանը»։
«Սահմանի ցանկացած փոփոխություն [ըստ Սահմանադրության] պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, տարածքի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով»,- նկատել է նա։
Իշխող թիմից հակադարձել են՝ նշելով, որ տեղի է ունենում եղած սահմանի հստակեցում, ոչ թե փոփոխություն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում հարց է ուղղել իշխանություններին՝ ինչո՞ւ է սահմանը վերարտադրվում հենց այդ հատվածում, ոչ թե ամբողջությամբ։
«Հատվածական սահմանազատում կոչվածը միջազգային պրակտիկայում գոյություն չունի։ Դա Ադրբեջանի հորինածն է ու ձեզ պարտադրածը»։
Ռուստամյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանն այս փաստը չի էլ թաքցրել, հայտարարել է՝ եթե սահմանազատման չգնանք, պատերազմ կսկսվի։
«Բաքուն էր ուզում, որ սահմանը լինի լղոզված»
Հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության ներկայացրած հայտարարությանը։ Նրա խոսքով՝ մինչ ապրիլի 19-ին պայմանավորվածության ձեռբքերումը Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին «գործի ուժեղի իրավունքը», այն է՝ «ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են»։
Ռուբինյանի գնահատմամբ՝ այդ տրամաբանությունը լեգիտիմացնելուն է լծվել նաև ԱԺ ընդդիմությունը․
Իսկ շփման գիծ ինքնին նշանակում է մի գիծ, որը ձևավորվել է ուժի արդյունքում՝ ով որտեղ կարողացել, կանգնել է: Այսինքն՝ դուք լեգիտիմացնում եք ուժի իրավունքը,
Շեշտել է՝ Երևանի դիրքորոշումը հետևյալն է՝ երկու երկրների միջև սահմանը պետք է որոշվի իրավաբանական հիմնավորում ունեցող փաստաթղթերով ու քարտեզներով։ Հիշեցրել է՝ հանձնաժողովների վերջին պայմանավորվածության համաձայն՝ սահմանազատման հիմքը լինելու է Ալմա-Աթայի հռչակագիրը։
«Ընդդիմության համար պետությունը փոփոխական է»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունն էլ շատ լավ գիտի, որ այդ 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու համար։
«Ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ այս պրոցեսը տեղի չունենա՝ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար, հետո հայտնի սցենարով փրկիչներին բերելու համար, Հայաստանում մի գավառապետ նշանակելու համար՝ իր գեղեցիկ միջանցքով, սա է ընդդիմության նպատակը»։
Իշխող թիմի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեջբերել է ՀՀԿ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի խոսքերը։ Այն է՝ «Հայրենիքը մշտական է ու հավիտենական, պետությունը՝ փոփոխական, պետության սահմանները կարող են ընդարձակվել և փոքրանալ»։
Սա, ըստ նրա, վկայում է այն մասին, որ ընդդիմության համար պետությունը փոփոխական է․
«Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր են, վաղն ինչ-որ «գարադսկոյ դումայի» պատգամավոր կլինեն «արմյանսկոյ օբլաստի», իրենց համար մեկ է՝ պետությունը փոփոխական է։ Այսօր մեր ընդդիմադիր գործընկերները ՀՀ եռագույնին են ասում եռագույն, վաղը մի ուրիշ եռագույնի եռագույն կասեն՝ այն վերևի երիզը սպիտակ, ոչ մի տարբերություն»։
Ուստի, ըստ Ալեքսանյանի, իշխանությունն ու ընդդիմությունն ունեն գաղափարական տարբերություններ։
«Մեզ համար ՀՀ-ն անփոխարինելի է, ՀՀ անկախությունը անսակարկելի է, իսկ այս մարդկանց համար՝ ոչ։ Ու նրանք բացահայտ են դա հայտարարում, մնացած բոլոր հետևությունները ձերն են՝ Հայաստանի Հանրապետությո՞ւն, թե՞ «Արմյանսկայա օբլաստ»,- պարզաբանել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սահմանազատման մասին ընդդիմության հայտարարությունը