«Մեկուսացված հանգիստ». ռուս օլիգարխն Աբխազիայում «անկլավ» է կառուցում
Ռուս օլիգարխն «անկլավ» է կառուցում Աբխազիայում
Ռուս օլիգարխ Տկաչովին պատկանող ընկերությունն Աբխազիայում կառուցում է գրեթե ամբողջությամբ մեկուսացված, անկլավային ոճով բնակարանային համալիր: Այս մասին ասել է ընկերության մենեջերը՝ ակնհայտորեն շփոթեցնելով Աբխազիայի և Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարներին, ովքեր եկել էին շինհրապարակը զննելու։ Համալիրի հայտարարված հայեցակարգը օբյեկտիվորեն հակասում է հանրապետության շահերին և ոչնչացնում է Աբխազիայի կառավարության փաստարկները բնակարանների մասին աղմկահարույց օրենքի ընդունման օգտին։
«All inclusive», և կարիք չկա դուրս գալ «շրջագծից»
Սոցցանցերի աբխազական հատվածում ակտիվորեն վերահրապարակվում է տեսանյութ, որում ռուս օլիգարխ Ալեքսանդր Տկաչովի մենեջերը, ով Պիցունդա առողջարանային քաղաքում մեծ բնակելի համալիր է կառուցում, շինհրապարակ եկած Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովին և Աբխազիայի էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանին պատմում է այն մասին, թե ինչ է լինելու վերջնարդյունքում։
«Մեր հյուրերը սովոր են ապրել «All inclusive» համակարգով, և այս նախագիծը կօգնի կյանքի կոչել այն: Ստեղծել փակ շրջանակ, առողջարանային համալիրի անկլավ, որտեղ բոլոր ծառայությունները կլինեն ներսում։ Այս շրջագծից դուրս գալու կարիք չի լինի։ Յուրաքանչյուրն իր ժամանցային ծրագիրն ու նման բաները կունենա»,— նախարարների մոտ պարծեցել է մենեջերը։
Նրանք, ըստ երևույթին, չեն կիսել մենեջերի ոգևորությունը։
«Սա, իրոք, պետք չէ ամբողջովին մեկուսացնել, այլապես ինչ-որ տեղ այնքան էլ ճիշտ չէ»,— փորձել է առարկել Ռեշետնիկովը:
«Զբոսաշրջությունը հիմնական մուլտիպլիկատորներից մեկն է, և չնայած այն հանգամանքին, որ շրջանակը փակ է լինելու, աշխատուժը և անձնակազմը, վերապատրաստումը, հյուրերը, այս ամենը ներառված են լինելու»,— շարունակում է մենեջերը:
- Անվճար բնակարան Աբխազիայում. ո՞ւմ համար է նախատեսված
- Ո՞ր տարածքներն ու օբյեկտներն է Ռուսաստանն ուզում վերցնել Աբխազիայից․ մեկնաբանություն
- Հակառուսական պատժամիջոցների պատճառով Աբխազիան մասամբ հանել է Վրաստանից ներկրվող ապրանքների էմբարգոն
«Ես չգիտեմ մի նորմալ զբոսաշրջիկի, ով չի գնա և չի տեսնի Ռիցա լիճը (Աբխազիայի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկը – JAMnews)…»,— կրկին միջամտել է Ռեշետնիկովը։
«Միևնույն է՝ դա ավանդաբար լինելու է»,- նրան աջակցել է Քրիստինա Օզգանը։
«Մեր հոլդինգն ունի իր տուրօպերատորը, որն այսօր կենտրոնացած է Աբխազիայի վաճառքի վրա, և մենք ինքներս չափազանց շահագրգռված ենք դրանում»,- չի հուսահատվել մենեջերը՝ չհասկանալով, որ ոչնչացնում է Աբխազիայում բնակարանների կառուցման կողմնակիցների հիմնական փաստարկը, ովքեր պնդում են, թե դա, իբր, ձեռնտու է հանրապետության բնակչությանը։
Վիճահարույց օրենք
Հունիսին Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խորհրդարան է ուղարկել օրինագիծ, որը թույլ է տալիս բնակարաններ կառուցել՝ հնարավորություն տալով դրանք հետագայում վաճառել օտարերկրացիներին (փաստացի՝ ռուսներին)։ 10 տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել 30 հազար բնակարան։
Նախագահի խոսքով՝ այդ գաղափարի իրականացումը խթան կհաղորդի տեղական տնտեսության զարգացմանը։ Իսկ նախագծի ընդդիմախոսների կարծիքով՝ դա ոչ մի տնտեսական օգուտ չի բերի, ընդհակառակը՝ շատ վնաս կհասցնի։
Հակափաստարկներ
- Աբխազիայում բնակարան ունեցող մեծ թվով օտարերկրացիների հոսքը կտրուկ կխախտի հանրապետության ժողովրդագրական պատկերը, ինչն իր հերթին անվտանգային լուրջ սպառնալիք կստեղծի։ Աբխազիայի բնակչությունը կազմում է մոտ 250 հազար մարդ։ Հենց ժողովրդագրական անհավասարակշռությունից խուսափելու համար հանրապետությունում արգելվում է բնակարան վաճառել օտարերկրացիներին։ Շատերի կարծիքով՝ բնակարանների մասին նոր օրենքը ոչ այլ ինչ է, քան այս արգելքը շրջանցելու փորձ։
- Տեղական զբոսաշրջային բիզնեսը մեծապես կտուժի այս նախաձեռնությունից։ Եթե ռուս զբոսաշրջիկները կարողանան իրենց համար բնակարաններ գնել, ապա հյուրանոցներն ու պանսիոնատները կկորցնեն պոտենցիալ հաճախորդների։ Եվ, համապատասխանաբար, երկրի բյուջեն ավելի քիչ հարկեր կստանա։
- Կա հավանականություն, որ բնակարանային հսկայական համալիրների կառուցման արդյունքում ողջ շրջակա ենթակառուցվածքը, այդ թվում՝ առևտրի օբյեկտները, կհայտնվեն ռուս ներդրողների վերահսկողության տակ։ Եվ դա հակասում է նաև տեղական բիզնեսի շահերին։
Ի դեպ, նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է խոսել առողջարանային գոտում բնակարանների վնասակարության մասին։ Սոչիում բնակարանների հետ կապված իրավիճակի մասին նրա քննադատական ելույթից մի հատված ակտիվորեն օգտագործվում է սոցիալական ցանցերում՝ որպես Աբխազիայում բնակարանների մասին օրենքի ընդունման դեմ մեկ այլ փաստարկ։
Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:
Ռուս օլիգարխն «անկլավ» է կառուցում Աբխազիայում