Ռուս փաստաբանը, որը պաշտպանում էր պետական դավաճանության համար մեղադրվողներին, Վրաստան է տեղափոխվել
Ռուս փաստաբան Իվան Պավլովը Ռուսաստանից Վրաստան է տեղափոխվել իշխանության հետապնդումների պատճառով։ Պավլովը գործեր էր վարում, որոնք կապված էին պետական դավաճանության մեղադրանքի հետ։ Այդ թվում՝ այսպես կոչված «կանանց գործը», որով մի քանի կանայք դատապարտվել են 2008 թ-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ ռուսական «ռազմական գաղտնիքը» Վրաստանին փոխանցելու համար։ Նա նաև պաշտպանում էր Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի շահերը, որը հիմնել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
«Այժմ ես էմիգրանտ եմ։ Դեռևս Վրաստանում եմ՝ մի երկրում, որի հետ ինձ շատ բան է կապում։ Այստեղ է ծնվել մայրս, թաղված է պապս, այստեղ եմ ապրել մանկությանս երեք տարիները, դպրոց գնացել…», — գրել է Իվան Պավլովն իր Տելեգրամ ալիքում։
- Կոռուպցիայի դեմ պայքարը՝ որպես ահաբեկչություն։ Ռուսական դատարանն օրենքից դուրս է հայտարարել Նավալնու կազմակերպությունները
- Լապտերներ, սեր և Նավալնի․ ֆոտոռեպորտաժ Ռուսաստանում անցկացված ակցիաներից
- Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի Եվրոպական դատարանում․ գործը դեռ փակված չէ
Ինչպես հաղորդում է ռուսական «Նովայա գազետան», Պավլովը ստիպված է եղել մեկնել այն բանից հետո, երբ նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ լրագրող Իվան Սաֆրոնովի գործով տեղեկությունների «հանրայնացման» հետ կապված, նրան արգելվել է շփվել վկաների հետ, ինչպես նաև օգտագործել կապի միջոցներն ու ինտերնետը, ինչը նրա աշխատանքն «անհնար» է դարձրել։
«Արգելքները միայն մի բանի չէին վերաբերում՝ երկիրը լքելու հնարավորությանը։ Դա նշանանակում էր, որ ելքն են ցույց տալիս։ Ամիսներ եմ ծախսել նրա վրա, որպեսզի իմ վստահորդների համար հուսալի փաստաբան գտնեմ, որոնք կշարունակեն աշխատել Ռուսաստանում», — հայտարարել է Պավլովը։
Երկրից մեկնելու օրը իրեն սկսել են հետևել, ողջ օրը Պետերբուրգի իր տան մոտ հերթափոխել են ինչ-որ անձինք, իր հետ միասին մեկնել են օդանավակայան և ուղեկցել մինչև ինքնաթիռ, հաղորդում է Պավլովը։ «Սակայն թռիչքին չեն խոչընդոտել՝ չնայած նրան, որ տոմսս մեկ ուղղությամբ էր», — հայտարարել է նա։
«Ամպերը վաղուց էին կուտակվել։ Ապրիլի 30-ին խուզարկություն եղավ, ամռանը «Թիմ 29»-ը (Իվան Պավլովի և նրա գործընկերների իրավապաշտպան նախաձեռնությունը) անցանկալի կազմակերպություն ճանաչվեց։ Լարվածությունն աճում էր, և դա լավատեսություն չէր ներշնչում։ Կարող էր ավելի վատ էլ լինել։ Ինչպես ասում են՝ շնորհակալություն, որ ողջ եմ», — ասել է Պավլովը «Կոմերսանտ» ռուսական պարբերականին։
Պավլովն ընդգծել է․ չնայած նրան, որ ինքը ժամանակավորապես ստիպված է արտասահմանում ապրել, իր ներկան ու ապագան նա կապում է Ռուսաստանի հետ։
«Կանանց գործը»
2013-2015 թթ-ին վեց կանայք՝ Սոչի քաղաքի բնակիչներ, դատապարտվել են պետական դավաճանության հոդվածով։ Առիթն sms-հաղորդագրություններն էին, որոնք նրանք ուղարկել էին Վրաստանի իրենց ծանոթներին 2008 թ-ի օգոստոսին ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։
Այդ բոլոր կանանց գործը վարում էր «Թիմ 29»-ը, որը կազմված էր իրավաբաններից և լրագրողներից։ Դրա հիմնադիրները փաստաբաններ Իվան Պավլովն ու Եվգենի Սմիրնովն էին։ «Թիմ 29»-ի կայքում ասված է, որ իրավաբանական օգնություն են տրամադրում նրանց, ում «անարդարացիորեն մեղադրել են պետական դավաճանության, պետական գաղտնիքի հանրայնացման և լրտեսության» համար։