Ռուս-թուրքական խնդիրների անդրադարձը Հայատանում
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կոնֆլիկտը կարող է լուրջ խնդիր դառնալ ողջ Հարավային Կովկասի համար, սակայն ամենացավոտը Հայաստանին կարող է հարվածել: Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության համատեքստում Հայաստանում խոսում էին նույնիսկ հայ-թուրքական սահմանին խնդիրների առաջացման հնարավորության մասին: Հատկապես, որ ռուս քաղաքական գործիչներն այս օրերին առանց կաշկանդվելու խոսում էին Թուրքիայի դեմ հայկական գործոնի օգտագործման անհրաժեշտության մասին:
Մասնավորապես, Ալեքսեյ Նավալնին իր բլոգում գրում էր.
«Ինձ թվում է, որ առաջին քայլը հավի մսի ու զբոսաշրջիկների հետ կապված կեղծավոր հիմարության փոխարեն պետք է լինի հայերի Ցեղասպանության պաշտոնական ընդունումը: Կատարյալ պահ է, այս միջոցը հենց քաղաքական է, սակայն Թուրքիայի համար՝ ծայրահեղ ցավոտ: Սա հենց այն շարքից է «ախ այդպե՞ս, դե ուրեմն մենք էլ…» և մեծ ռեզոնանս կառաջացնի: Շատ են գրում՝ «իսկ Վիքիպեդիան ասում է, որ հայերի Ցեղասպանությունն արդեն ընդունել ենք». դե այո, մենք ունենք 1995թ. Պետդումայի՝ Ցեղասպանությունը քննադատող հայտարարությունը: Սակայն մենք խոսում ենք քաղաքական սիմվոլիզմի մասին:
Հայերի ցեղասպանությունը կարելի է անվերջ ընդունել (ինչը որոշ երկրներ և անում են): Կարելի է ընդունելու աստիճանը փոփոխել: Կարելի է, ինչպես Ֆրանսիայում, քրեականացնել մերժումը: Կարելի է քննադատել այն երկրները, որոնք չեն ընդունել Ցեղասպանությունը: Կարելի է ընդունել ու պատասխանատվություն սահմանել: Կարելի է հիշատակման օրեր նշանակել: Կարելի է աշխատել միջազգային ընդունման ուղղությամբ: Չէ՞ որ սա դիվանագիտություն է, խորհրդանիշներ, հասարակական կարծիք և այլ բաներ: Թուրքիայի համար այս ուղղությամբ արված հերթական ու ակնհայտ քայլը բավականին ցավոտ կլինի»:
Խոսքից գործին անցնելով՝ Պետդումա է մտցվել Օսմանյան Կայսրությունում կատարված հայերի Ցեղասպանության մերժման համար 5 տարվա ազատազրկում սահմանելու մասին օրինագիծ: Հայաստանում ոչինչ աննկատ չմնաց, սակայն ոչ թե հիացմունք առաջացրեց, այլ զարմանք, հանդիմանություն:
Եվ, որպես կանոն, ամենազգացմունքային արձագանքներն առաջինը հայտնվեցին սոցկայքերում.
Իզաբելլա Աբգարյան. «Ցանկացած երկրի կողից մեր նախնիների ոսկորներով շանտաժ անելը զզվելի է, գարշելի»:
Նիկոլայ Թորոսյան. «Ռուսները չափազանց շատ տարվեցին Թուրքիայի հետ իրենց տարաձայնությունների մեջ հայերին ներքաշելու գործում: Ողջ այս հանկարծակի մեդիասեթևեթանքն այնքան արհեստական է, որ նույնիսկ ամենառուսամետ անձանց աչքի փուշն է դարձել: Բոլոր այդ ժիրինովսկիները, սոլովյովները, միրոնովներն ու մնացածը պետք է որ հասկացած լինեին, որ Ցեղասպանության թեման արծարծել չի կարելի: Արդեն բոլորն են հասկանում, որ հայերի համար ամենցավոտ հարցը հենց այնպես օգտագործում են Թուրքիային ճնշելու համար: Եթե հանկարծ մերժման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը հետո որոշեն չընդունել, չեղարկեն կամ հետաձգեն, հեղինակության կորուստը պարզապես աննկարագրելի կլինի»:
Սամվել Մարտիրոսյան. «Ռուսական մամուլն ու բլոգները հարցադրում են անում՝ ինչո՞ւ են հայերը լռում: Հարցին հարցով պատասխանեմ. իսկ ինչու ռուսներն իրնեց սխալներից դասեր չեն քաղում: Ոչ ոքի հետ Ռուսաստանն այդքան շատ չի կռվել, որքան թուրքերի հետ. ‘Ընդհանուր առմամբ ռուս-թուրքական պատերզամները 351 տարի ժամանակահատված են ընդգրկում (1568-1918 թթ.): Այդ ժամանակահատվածում Ռուսաստանն ու Թուրքիան 69 տարի պատերազմական իրավիճակում են գտնվել: Միջինում մի ռուս-թուրքական պատերազմը մյուսից ընդամենը 25 տարի է բաժանել’:
Բայցևայնպես, ամեն անգամ նրանք թուրքերի գիրկն են նետվում, եղբայրական սիրո մասին երդումներին հավատում: Քանի՞ անգամ կարելի է նույն սխալները կրկնել, մեր դալկադե՛մ եղբայրներ: Իսկ հայերը չեն լռում: Հայերն արդեն մի ամբողջ հավերժություն գոռում են այն մասին, որ թուրքական քաղաքականությանը չի կարելի հավատալ»:
Քաղաքական գործիչներից միայն ընդդիմադիր Աշոտ Մանուչարյանն է հնչեցրել իր կարծիքն այն մասին, թե ինչ պետք է տվյալ պահին անի Հայաստանը ստեղծված իրադրությունում. «Պետք է նախ միասնականացնել ողջ հայությանը, ապա կոնկրետացնել Ռուսաստանի հետ ստարատեգիական դաշինքը` հստակեցնելով երկկողմ պարտավորվածությունների և պատասխանատվության շրջանակները, ինչպես նաև խորքային հարաբերություններ հաստատել Իրանի, Չինաստանի, Եվրոպայի, ինչու չէ նաև Միացյալ նահանգների հետ»:
Մանուչարյանը հայտարարել է նաև, որ եթե Հայաստանի իշխանությունները չսկսեն անհանգստանալ սեփական երկրի ու ազգի ապագայի համար, ապա դրանով կզբավեն նրանք, ում իրոք մտահոգում է պետության ճակատագիրը: