Ինչո՞ւ է Ռուսաստանի նախագահ Պուտինը վախենում ընդդիմադիր գործիչ Նավալնիից
«Չեմ վախենում»․ հասցրել է հայտարարել ռուս ընդդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին օդանավակայանում՝ Ռուսաստան վերադառնալուց հետո և կալանավորվելուց առաջ։ Վերջերս Նավալնու դեմ կատարված մահափորձից հետո նա ռուսական իշխանությունների համար վտանգավոր է դարձել և ուղիղ սպառնալիք է նախագահ Պուտինին, կարծում են ռուս վերլուծաբանները։
Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ի երեկոյան, մոսկովյան Շերեմետևո օդանավակայանում։ Նա հայրենիք էր վերադարձել կնոջ, համախոհների և Գերմանիայից ժամանած լրագրողների ուղեկցությամբ, որտեղ բուժում էր անցնում «Նովիչոկ» մարտական թույնով թունավորվելուց հետո։ Իր թունավորման համար նա մեղադրել է ռուսական իշխանություններին։
Նավալնուն ոստիկանները ձերբակալել են հենց օդանավակայանի անձնագրային գոտում։ Նրա փաստաբանին, որը քաղաքական գործչին ուղեկցում էր Բեռլինից վերադառնալիս, թույլ չեն տվել կալանավորելուց հետո տեսակցել նրան։
Ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, որպես նրա ձերբակալման պաշտոնական պատճառ՝ նշվել է պայմանական ժամկետի պայմանների խախտումը, որը սահմանվել էր նրա դեմ քրեական գործերից մեկով (այսպես կոչված «Իվ Ռոշեի գործ»)։ Մասնավորապես, Գերմանիայում բուժվելու ժամանակահատվածում նա չի գրանցվել պատիժների կատարման ռուսական գերատեսչությունում։
Նավալնու փաստաբանները քաղաքական գործչի ձերբակալությունն անհիմն են համարում։
Ինչպե՞ս էին իշխանությունները պատրաստվել հանդիպմանը
Հայրենիք վերադառնալու մասին Նավալնին հայտարարել էր դրանից մի քանի օր առաջ՝ հաղորդելով, որ տոմս է գնել հունվարի 17-ի երեկոյան չվերթի համար։
Քաղաքական գործչին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում դիմավորել են նրա հազարավոր կողմնակիցներ։ Իշխանությունները մոբիլիզացրել էին ոստիկանությանը, որը սկզբից փորձում էր թույլ չտալ Նավալնուն դիմավորողներին մտնել օդանավակայանի շենք, իսկ հետո սկսել էր ձերբակալել մարդկանց․ օդանավակայանում ձերբակալվել է ավելի քան 50 մարդ։
Սակայն Նավալնու ինքնաթիռը վայրէջք չի կատարել Վնուկովոյում․ վերջին պահին նա փոխել է երթուղին և ժամանել Մոսկվայի մյուս՝ Շերեմետևո օդանավակայան։
«Ես չեմ ընտրել՝ վերադառնալ, թե չվերադառնալ։ Այդպիսի հարց ոչ մի վայրկյան չի եղել․․․ Կարող եմ ասել, որ բացարձակ երջանիկ եմ, որ եկել եմ, և սա վերջին հինգ ամսվա իմ լավագույն օրն է, — հայտարարել է Նավալնին Շերեմետևո օդանավակայանում։ — Չեմ վախենում։ Գիտեմ, որ իրավացի եմ։ Գիտեմ, որ իմ դեմ հարուցած քրեական գործերը շինծու են»։
Նավալնու ձերբակալությունից հետո լրագրողներին և նրա կողմնակիցներին է դիմել քաղաքական գործչի կինը՝ Յուլյա Նավալնայան․
«Նրանք այնքան են վախենում Ալեքսեյից, որ պարալիզացրել են այսօր երեկոյան Մոսկվայի բոլոր թռիչքները, այդքան մարդու նեղություն են պատճառել։ Իսկ նա ուղղակի մարդ է, որն իր հայրենիք է վերադարձել։ Գլխավոր բանը, որ ասաց Ալեքսեյը, այն է, որ ինքը չի վախենում, ես էլ չեմ վախենում, ձեզ էլ եմ կոչ անում չվախենալ»։
Միջազգային արձագանքն ու Կրեմլի արձագանքը
Չնայած նրան, որ ռուս ընդդիմադիր գործիչը կալանավորվել է հանգստյան օրվա երեկոյան, այս իրադարձությունը, որին շատ երկրներում հետևում էին ուղիղ եթերով, արագ արձագանք է առաջացրել։
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Նավալնու ձերբակալությունն «անընդունելի» է անվանել և կոչ է արել ազատ արձակել նրան։ Նույնպիսի կոչով է հանդես եկել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկը։
Նավալնու ձերբակալությունը դատապարտել են Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի արտգործնախարարները։ Նրանց համատեղ հայտարարությունում ասվում է, որ Եվրամիությունը պետք է դիտարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը, եթե ընդդիմադիր գործչին ազատ չարձակեն։
Ի աջակցություն Նավալնու է հանդես եկել նաև բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ալեքսեյ Նավալնուն խղճի գերի է ճանաչել։
Միաժամանակ, Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունվարի 17-ի երեկոյան լրագրողներին ասել է, որ տեղյակ չէ Նավալնու հետ կատարվածից։ «Կներեք, նրան Գերմանիայո՞ւմ են ձերբակալել», — հարցրել է Պեսկովը։
Նավալնին սպառնալիք է անձամբ Պուտինի համար
Ինչո՞ւ են ռուսական իշխանություններն այդքան արմատական տրամադրված Ալեքսեյ Նավալնու դեմ։ Ի՞նչ վտանգ է նա ներկայացնում Վլադիմիր Պուտինի իշխանության համար։
Հայտնի ռուս լրագրող, «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը պնդում է, որ «Նովիչոկով» Նավալնուն թունավորելուց հետո Պուտինի աչքերում նրա կարգավիճակը փոխվել է․ նա նրա համար դարձել է անձնական ախոյան և գլխավոր սպառնալիք։
«Եթե մինչև օգոստոս նա ներքաղաքական հետազոտող էր, Կոռուպցիայի դեմ հիմնադրամի ղեկավար, օտարեկրյա գործակալ, էական չէ, այժմ նա Պուտինի անձնական հակառակորդն է…
…Այժմ նա միջազգային հայտնիություն ունի և ռուսական ընդդիմության պաշտոնականացված առաջնորդն է…
…Աշխարհի քաղաքական էլիտայի համար նա այժմ ֆիգուր է, որին պետք է հետևել, որը Պուտինի այլընտրանքներից մեկն է», — կարծում է Վենեդիկտովը։