«Կերակրեք կատուներիս, և ես տանը կմնամ»․ Ռուսաստանում բազմահազարանոց «բողոքի ակցիաներ» են համացանցում
Հիմնական աղբյուրներ՝ Բի–Բի–Սի և Պանորամա Դոնի Ռոստով
Հազարավոր մարդիկ մասնակցում են հանրահավաքների և բողոքի ցույցերի Ռուսաստանի քաղաքների տարբեր փողոցներում՝ պահանջելով կամ արտակարգ դրություն հայտարարել և այդպես պայքարել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ, կամ չեղարկել սահմանափակումները, բացել բիզնեսն ու վերականգնել տրանսպորտի աշխատանքը։
«Մենք ուտելու բան չունենք»․ ամենատարածված կարգախոսն է։
Ամենաբազմամարդ ակցիաներն անցկացվում են կառավարական և համայնքային շենքերի դիմացի հրապարակներում։
Դիմակայության այս շարժումը վիրտուալ է։ Ամեն ինչ տեղի է ունենում համացանցում՝ google maps–ի անալոգ «Յանդեքս։ Քարտեզներ» և «Յանդեքս։ Նավիագատոր» ճանապարհային քարտեզներում։
Այդ ծառայությունները պոպուլյար են նրանով, որ դրանցից կարելի է օգտվել ոչ միայն որպես նավիգատոր։ Այն նաև յուրօրինակ չատ է։ Առանձնապես ակտիվ է սովորաբար լինում խցանումներում կանգնած վարորդների միջև նամակագրությունը։
Այժմ առանձնակի նշանակություն է ձեռք բերել գործիքը, որը մարդուց չի պահանջում որևէ կետում լինել։ Կարելի է պարզապես թեգ դնել առցանց քարտեզի որևէ կետում և կարող ես մեկնաբանություններդ հենց այդտեղ գրել։
Եվ սկսվել է մեկնաբանությունների և ինքնամեկուսացման ռեժիմի դեմ ցույցերի հսկայական հոսք։

- Մոսկվա, կորոնավիրուս․ «Սարսափ և սեփական ժողովրդի ցեղասպանություն»․ բժիշկները գնահատում են իշխանությունների գործողությունները
- Վրաստան և կորոնավիրուս․ հաջողությո՞ւն, թե՞ բախտ
- Հայաստան․ որքա՞ն է տուժելու բիզնեսը կորոնավիրուսից, ի՞նչ է սպասում տնտեսությանն արտակարգ դրությունից հետո
- Կորոնավիրուս, արտակարգ դրություն և ֆերմերների ցույց Վրաստանում
Ինչո՞ւ են մարդիկ պահանջում պաշտոնապես արտակարգ դրություն հայտարարել
Ռուսական քաղաքներում կարանտին հայտարարված չէ։ Դրա փոխարեն «ինքնամեկուսացման ռեժիմ» է սահմանվել․ հասկացություն, որը նախատեսված չէ օրենքով։
Դա արվել է նրա համար, որ մարդկանց և բիզնեսին փոխհատուցում չվճարվի կարանտին հայտարարելու դեպքում։
Ընդ որում, ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին խոշոր տուգանքներ են սպառնում՝ մինչև հազար դոլար։

Բողոքի առցանց ակցիայի թվային ցրում
Տարերային հանրահավաքները սկսվել են Դոնի Ռոստովից։ Հարյուրավոր մեկնաբանություններ են գրվում, հատկապես՝ տեղի քաղաքապետարանի շենքի մոտ անցկացվող «բողոքի ցույցի» ընթացքում։
«Ինչո՞վ ապրեն նրանք, ովքեր առանց աշխատանքի են մնացել», «Կերակրեք երեխաներիս», «Ուտել ենք ուզում։ Աշխատանք չկա», «Կերակրեք կատուներիս, և ես տանը կմնամ», — գրում են նրանք։
Սակայն մեկնաբանություններն արագ անհետանում են։ «Յանդեքս» ընկերությունն, ինչպես արտահայտվել է մեկնաբանություններից մեկի հեղինակը, «տարերային հանրահավաքի թվային ցրում» է կազմակերպել։
Ինչպես պարզաբանել է «Յանդեքս։ Նագիտատորի» ներկայացուցիչը, երթևեկության հետ կապ չունեցող կամ հայհոյանք պարունակող հաղորդագրությունները միշտ մոդերացվում են և հեռացվում։
Ավելին՝ ռոստովցիների գաղափարն անմիջապես նկատվել է և աջակցություն գտել մյուս ռուսական քաղաքներում՝ Սամարայում, Ներքին Նովգորոդում, Կրասնոյարսկում, Կրասնոդարում, Բելգորոդում։
Իսկ Մոսկվայում ակցիան սկսվել է հենց Կարմիր հրապարակում՝ Կրեմլի դիմաց։ Այն բանից հետո, երբ մոդերատորները հեռացրել են բողոքի կարգախոսները Կրեմլի շուրջ, օգտատերերը լուռ «երթ» են կազմակերպել Տվերսկայա փողոցում։
Պետերբուրգում ցուցարարները «հավաքվում են» Դվորցովայա հրապարակում։
Ապրիլի 24–ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով 62,773 հիվանդ կա, 555 մարդ է մահացել։ Ռոստովում և Ռոստովի շրջանում 300 հիվանդ կա։ Ամենատուժած շրջանը Մոսկվան է՝ մոտ 34 հազար վարակված։