Ռուսաստանում ուկրաինացի քաղբանտարկյալներին հնարվոր է փոխանակեն Ուկրաինայում ռուս քաղբանտարկյալների հետ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին հանձնել նրա քաղաքացիներին, որոնք ձերբակալվել կամ դատապարտվել են Ուկրաինայում՝ պայմանով, եթե ազատ արձակվեն Ռուսաստանում, ինչպես նաև այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում ազատազրկված ուկրաինացիները,
հաղորդում է ուկրաինական «Սեգոդնյա» թերթը:
Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի առաջին փոխխոսնակ և Դոնբասի հարցով եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ Իրինա Գերաշչենկոն:
Նա ներկայացրել է Ռուսաստանի 23 քաղաքացիների անվանական ցուցակը, որոնց Ուկրաինան պատրաստ է հանձնել, ինչպես նաև ասել է, որ Կիևն «ակնալում է, որ ազատ կարձակվեն Սենցովը, Կոլչենկոն, Սուշչենկոն, Գրիբը, Բալուխը, Պանովը, մեր տղաները, որոնք պահվում են օկուպացված Դոնբասում»:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հնարավոր է համարել Սենցովի փոխանակումը ռուս բանտարկյալների հետ:
«Ես կարծում եմ, որ Սենցովը կարող է հայտնվել (փոխանակման ենթակա բանտարկյալների ցուցակում): Ուկրաինական կողմը բազմիցս բարձրացրել է նրա փոխանակման թեման, նրա ազգանունը նախկինի պես արդիական է (փոխանակման համար)»,- ասել է Դաշնային խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Կոնդրատևը:
Ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովը ռուսական բանտում հացադուլը շարունակում է արդեն ավելի քան մեկուկես ամիս:
2015թ. նա դատապարտվել է ահաբեկչությունների նախապատրաստման և իրականացման մեղադրանքով, իսկ դատավճիռը կայացվել է միայն մեկ վկայի ցուցմունքի հիման վրա, որը մինչ այդ եղել է կասկածյալ: Ռուսաստանի իշխանություններն անտեսում են Սենցովի հացադուլը:
Սենցովը Ռուսաստանում պահվող ուկրաինացի քաղբանտարկյալների շարքում է: Այդ ցուցակում ներառված է շուրջ 70 անուն:
Ուկրաինայում ռուս բանտարկյալների հստակ թիվը հայտնի չէ: Ենթադրաբար, ընդհանուր առմամբ ազատազրկման մեջ է գտնվում Ռուսաստանի մոտ 300 քաղաքացի: «Ռազմական» հոդվածներով դատապարտված ռուսների թիվը տատանվում է 19-ից մի քանի տասնյակի սահմաններում, գրում է ռուսական «Նովայա գազետա» թերթը:
Թերթի թղթակիցը խոսել է ուկրաինական «Մեդիա նախաձեռնություն՝ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության համակարգող Օլգա Ռեշետիլովոյի հետ, որն ակցիաներ է անցկացնում «Ձերոնց վերցրեք, մերոնց մեզ տվեք» կարգախոսով:
Նրա խոսքով՝ ուկրաինական հատուկ ծաայությունները փորձում են գաղտնի պահել Ուկրաինայում դատապարտված ռուսների մասին տեղեկատվությունը: Ռեշետիլովան դա բացատրում է այն հանգամանքով, որ, ըստ իշխանությունների, այս իրավիճակում տեղեկատվության թափանցիկությունը միայն կվնասի բանակցություններին:
Ռեշետիլովան նման դիրքորոշման հետ համաձայն չէ: Նա կարծում է, որ տվյալ պարագայում հնչեղությունը կարևորագույն գործոն է, որը կօգնի ազատ արձակմանը: Նա պնդում է, որ Նադեժդա Սավչենկոյի դեպքում հենց հնչեղությունը նպաստեց նրա ազատ արձակմանը:
Այն բանից հետո, երբ Ուկրաինայի և Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպաններ Լյուդմիլա Դենիսովան և Տատյանա Մոսկալկովան պայմանավորվեցին այցելել երկու կողմերում 34 բանտարկյալների, «Մեդիա նախաձեռնությունը» սկսել է ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Ռեշետիլովան պատմում է, որ եթե մինչ այդ հայտնի էին միայն 22 ռուս բանտարկյալների ազգանուններ և քրեական գործերի հանգամաքներ, ապա այժմ այդ թիվը 25 է, և այն շարունակում է աճել:
«Մեդիա նախաձեռնության» գլխավոր խնդիրն է տեղեկատվություն հավաքել Ուկրաինայում ռուս բանտարկյաների մասին՝ Կիևի բանակցային դիրքերն ամրապնդելու համար: Ռեշետիլովան պատմում է, որ իր կազմակերպության տրամադրության տակ եղած ցուցակը կազմվել է վերջին կես տարում՝ հիմնվելով ուկրաինացի դիվանագետներից ստացված տեղեկության վրա:
Իրավապաշտպանները փորձել են ցուցակը չհանրայնացնել, բայց այժմ, երբ իրավիճակը դառնում է ծայրահեղ, անհրաժեշտ է գործին առավելագույն կերպո հնչեղություն ապահովել: