Ռուսաստանն իր զորքերը հետ է քաշում Ուկրաինայի սահմանից, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը
Ռուսաստանն իր զորքերը հետ է քաշում Ուկրաինայի սահմանից։ Այսպիսի հրահանգ է տվել Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Մոսկվայում հայտարարում են, որ զորավարժությունների նպատակը, որոնց համար իրականացվել է զորքերի զանգվածային վերադիրքավորում, իրականացվել է։ Ռուսական զորքերը կենտրոնացվել էին ուկրաինական սահմանների մոտ և Ղրիմում մարտ ամսից, երբ սրվել էր իրավիճակն Արևելյան Ուկրաինայում։ Ռուսաստանի ռազմական նախապատրաստություններն անհանգստացրել էին ինչպես Կիևին, այնպես էլ Եվրոպային և ԱՄՆ-ին։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ղրիմ կատարած այցի ժամանակ Գլխավոր շտաբին և զորքերի հրամանատարներին հրահանգել էր ապրիլի 23-ից սկսել հետ վերադարձնել զորքերը դրանց մշտական տեղակայման վայրեր։ Այս մասին ռուսական «Նովայա գազետային» հաղորդել են պաշտպանության նախարարությունից։
«Կարծում եմ, որ անսպասելի ստուգման նպատակն իրականացվել է ամբողջությամբ։ Զորքերը ցուցադրել են երկրի հուսալի պաշտպանությունն ապահովելու ունակություն։ Այս առնչությամբ որոշում եմ կայացրել ավարտել ստուգողական միջոցառումները հարավային և արևմտյան ռազմական շրջաններում», — ասել է Շոյգուն Ղրիմում կայացած խորհրդակցությանը։
- «Տաջիկն ու մոլդովացին»։ Ինչո՞ւ է Չեխիան դիվերսիայի համար մեղադրել «Սոլսբերիի ռուսաստանցի թունավորողներին»
- Վրաստանի Պանկիսիի կիրճից դեպի Ուկրաինա․ ինչո՞ւ են այնտեղ մեկնում «Իսլամական պետության» զինյալները
- Պատերազմ և հանքահորեր։ Արդյո՞ք կշարունակեն գոյատևել հանքահորային քաղաքներն Ուկրաինայի արևելքում
![Ռուսաստանը հետ է քաշում զորքերն Ուկրաինայի սահմանից](https://jam-news.net/app/uploads/2021/04/RTXBPDD0-1024x669.jpg)
Նախարարի խոսքով՝ Ղրիմում ստուգման ընթացքում մշակվել են ծովափի հակադեսանտային պաշտպանությանն ուղղված գործողութունները։
Զորքերը, որոնք գործարկվել են Ռուսաստանի հարավում իրականացրած զորավարժություններում, Շոյգուն հրահանգել է վերադարձնել դրանց մշտական տեղակայման վայրեր մինչև մայիսի 1-ը։ Միաժամանակ պաշտպանության նախարարը հանձնարարել է շարունակել հետևել իրավիճակին ՆԱՏՕ-ի Defender Europe զորավարժությունների շրջաններում և պատրաստ լինել անհապաղ արձագանքել դրա անբարենպաստ զարգացման դեպքում։
Հակամարտության գոտում իրավիճակը սրվել է մարտի վերջից, երբ Կիևը հաղորդել է Դոնեցկի մարզի ռուսամետ կազմավորումների կողմից հրաձգության ուժեղացման մասին։ Ավելի ուշ լրատվամիջոցներում հայտնվել էին ռուսական ռազմական ճամբարի արբանյակային լուսանկարները, որը, ենթադրաբար, տեղակայվել էր Վորոնեժի հատվածում՝ Ուկրաինայի սահմանից շուրջ 250 կմ հեռավորության վրա։
![](https://jam-news.net/app/uploads/2021/04/RTXBPCWF-1024x603.jpg)
Անկախ աղբյուրներում բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվել, որոնք պատկերում են ռուսական ռազմական տեխնիկայի շարժը դեպի Ուկրաինայի սահման։
Այս առնչությամբ մտահոգություն էին հայտնել ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրամիության երկրները։ Մոսկվայում, սակայն, հայտարարել էին, որ զորավարժություններ են իրականացնում, և զորքերի տեղաշարժը ոչ ոքի չի սպառնում։
Կրեմլը հայտնել էր նաև, որ ռուսական սահմանների երկայնքով իբր «ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի մեծ ակտիվություն է նկատվում»։