Ռուսաստանի վարչապետը՝ ռուս-վրացական պատերազմի տասնամյակի մասին
2008թ-ի ռուս-վրացական պատերազմի տասնամյակի նախաշեմին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որն այն ժամանակ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, ծավալուն հարցազրույց է տվել «Կոմերսանտ» թերթին:
Պատերազմի անխուսափելիության մասին
Ոչ, ոչ մի անխուսափելի բան չկար: Եվ իմ գնահատականները չեն փոխվել, եթե չլիներ Սաակաշվիլիի և նրա մանկլավիկների անպատասխանատու, ոչ բարոյական, հանցավոր պահվածքը, ոչ մի պատերազմ էլ չէր լինի:
Հակամարտության ակունքների մասին
Խնդիրների հիմքն, իհարկե, այն էր, թե ինչ էր տեղի ունեցել 1990-ական թվականներին, այն որոշումներն էին, որոնք 1990-ականներին ընդումում էր Թբիլիսիի իշխանությունը, և որոնք չընդունվեցին ոչ Աբխազիայում, ոչ Հարավային Օսիայում: Դրա հետևանքով հակամարտություն առաջացավ, խաղաղապահներ տեղակայվեցին:
Սակայն մինչև 2008թ-ը ստացվում էր հավասարակշռել այն բացասական գործընթացները, ելույթները, անգամ բռնության արտահայտումները, որոնք պարբերաբար լինում էին:
Իսկ 2008թ-ին Վրաստանի կառավարությունն ի դեմս նախագահի կանաչ լույս վառեց ագրեսիայի համար, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Դա անխուսափելի չէր: Դա, անկասկած, Սաակաշվիլիի և նրա շրջապատի սուբյեկտիվ ընտրությունն էր:
Միխեյիլ Սաակաշվիլիի հետ հարաբերությունների մասին
Երբ ես դեռ նոր էի ստանձնել նախագահի պաշտոնը, նա ասաց, որ կցանկանար վերականգնել հարաբերությունները, որ հույս ունի ընկերություն անել, մի խոսքով, մի շարք հաճելի խոսքեր ասաց: Ես այդ ամենը լսեցի և ասացի. ուզո՞ւմ եք հարաբերություններ զարգացնել, եկեք զարգացնենք: Մոտավորապես 2008թ-ի հուլիսի կեսերից նա կապի մեջ չէր: Կարծում եմ, մինչ այդ պահը նա լայնածավալ խորհրդատվություններ էր անցկացրել իր հովանավորների հետ, այս պարագայում խոսքը, նախևառաջ, ԱՄՆ մասին է:
Ինչպես է ընդունվել Հարավային Օսիայի և Աբխազիայի վերաբերյալ որոշումը
Ես բավականաչափ մտածեցի և եկա այն եզրահանգման, որ ավելի լավ բան, քան այդ երկու կազմավորումների անկախությունը ճանաչելն է, ըստ ամենայնի, հնարավոր չէ առաջարկել: Ես, նախևառաջ, ղեկավարվում էի նրանով, որ ապագայում պահպանվի կայուն խաղաղություն, կայունություն պահպանվի Անդրկովկասում, կայունություն լինի մեր տարածաշրջանում: Եվ դա, ըստ իս, միակ հնարավոր քայլն էր:
Որոշ ժամանակ անց ես խոսեցի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Նա այդ հարցում ինձ աջակցություն հայտնեց:
Ինչո՞ւ ռուսական զորքերը կանգ առան
Նպատակը Վրաստանն ավերելն ու Սաակաշվիլիին մահապատժի ենթարկելը չէր: Ես կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել, երբ որոշում եմ կայացրել զսպվածություն ցուցաբերել և հետագա գործողություններից առաջ չընկնել:
Արդյունքում՝ դա մեզ հնարավորություն տվեց իրավիճակը հանդարտեցնել ոչ միայն Վրաստանում, Օսիայում և Աբխազիայում, այլ նաև բավականին հանգիստ հարաբերություններ հաստատել Եվրամիության և այլ երկրների հետ:
Վրաստանի և Ուկրաինայի միջև տարբերությունների մասին
Դրանք տարբեր իրավիճակներ են: Եվ այնտեղ արդեն ուրիշ մարդիկ են աշխատում. մեր գործընկերները բոլորովին այլ դիրքորոշում ունեն: Սակայն ամենագլխավորն այն է, որ դրանք սկզբունքորեն տարբեր պատմություններ են: Թեև, ուղիղ խոսենք, ռուսական կողմի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հանդեպ եթե մեր գործընկերները համագործակցային ավելի մեծ ներուժ ցուցադրեին, եթե նրանք չփորձեին միանգամից բոլոր սլաքներն ուղղել դեպի Ռուսաստանի Դաշնությունն, այլ ավելի լավ հավասարակշռվածություն ցուցաբերեին, ինչպես, օրինակ 2008թ-ին էր, իրավիճակը շատ ավելի պարզ կլիներ:
ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին
ՆԱՏՕ-ի ընդլայնումն անկասկած սպառնալիք է Ռուսաստանի Դաշնությանը: Եվ դա անկասկած մատահրավեր է:
Համեմատաբար վերջերս է հերթական որոշումը կայացվել, որ Վրաստանին սպասում են և ընդունելու են Հյուսիսատլանտյան դաշինք: Ինչպե՞ս դա մեկնաբանել: Դա բացարձակ անպատասխանատու դիրքորոշում է: Դա պարզապես սպառնալիք է աշխարհին: Մենք բոլորս հասկանում ենք, որ Վրաստանի տարածքում որոշակի լարվածություն կա, որ Վրաստանը կից տարածքները, կամ, մեր տեսանկյունից, պետությունները դիտարկում է որպես իրենը: Այդինքն՝ չկարգավորված տարածքային հակամարտություն կա՝ անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունենք մենք: Եվ նման երկիրը, նման պետությունն ընդունելու են ռազմական դաշի՞նք: Մենք հասկանո՞ւմ ենք, թե դա ինչ սպառնալիք է:
Դա կարող է հանգեցնել պոտենցիալ հակամարտության, անկասկած, քանի որ մեզ համար Աբխազիան ու Հարավային Օսիան ինքնուրույն պետություններ են, որոնց հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք, և պետություններ են, որտեղ գտնվում են մեր ռազմաբազաները: Եվ մենք հասկանում ենք, որ եթե այլ երկիրը դրանք դիտարկում է որպես իր տարածք, ապա դա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ: Այդ պատճառով էլ ես հույս ունեմ, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն այնքան խելամտություն կունենա, որ այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկի: