Ռուսաստանը և Ուկրաինան ավարտել են «գազային պատերազմը»։ Ի՞նչ է սա նշանակում
Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգով ռուսական գազի տարանցումը դեպի Եվրոպա։
Սա բարդ և ցավոտ հարց էր երկու երկրների համար, որոնք 2014 թ-ից ներգրավված են բաց ռազմական հակամարտության մեջ։ Պայմանավորվածության հասնելն անհնար էր թվում, սակայն դեկտեմբերի 20-ին համաձայնագիրն, այնուամենայնիվ, ստորագրվեց։
Ուկրաինայի փորձագետները կարծում են, որ համաձայնագրի ստորագրմամբ Կիևը հանխել է Մոսկվայի կողմից տնտեսական շանտաժի հնարավորությունը։
__________________________________________________________________________
• Ուկրաինա և Ռուսաստան․ հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ
__________________________________________________________________________
Ի՞նչ է ստանում Ուկրաինան, և ի՞նչ է ստանում Ռուսաստանը
• Ինչպես հաղորդում է ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաընկերությունը, երկրների միջև գազի տարանցման վերաբերյալ պայմանագիրը կնքվելու է հինգ տարով՝ ևս տասը տարով նույն պայմաններով այն երկարաձգելու հնարավորությամբ։ Հին պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում էր արդեն 2020 թ-ին։
• Տարանցման ծավալներն ավելին են լինելու, քան գործող պայմանագրով՝ 65 մլրդ կուբամետր 2020 թ-ին։
• Ռուսական կողմն ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերությանը վճարում է շուրջ $3 մլրդ (փողով)՝ ըստ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման մինչև 2019 թ-ի ավարտը։
• Ուկրաինական կողմն ի պատասխան հրաժարվում է նոր հավակնություններից և հետ կանչում ռուսական «Գազպրոմի» դեմ $12,25 միլիարդի ավելի վաղ ներկայացրած հայցը։ Բացի այդ, Ուկրաինան հրաժարվում է $7,4 միլիարդի տուգանքից, որը «Գազպրոմին» դուրս է գրել ուկրաինական Հակամոնոպոլիստական կոմիտեն։
• Պայմանավորվածությունների բոլոր կետերի կատարումից հետո «Գազպրոմը» կարող է վերականգնել Ուկրաինային գազի անմիջական մատակարարումը, որը դադարեցվել է 2015 թ-ի նոյեմբերին։
__________________________________________________________________________
• Ինչպե՞ս է ապրում Ղրիմը «ռուսական» դառնալուց հինգ տարի անց
__________________________________________________________________________
Լուծում չի ստացել Ղրիմում ուկրաինական «Նաֆտոգազի» ակտիվների վերադարձի հարցը։ Կիևին հասանելի չեն թերակղզում իր ֆիզիկական գազային օբյեկտները 2014 թ-ի մարտից։
Այն ժամանակ Ղրիմում հանրաքվե էր անցկացվել, որի արդյունքում տեղի բնակիչների 96 տոկոսից ավելին կողմ էր արտահայտվել «Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը», և հանրաքվեից երկու օր անց՝ 2014 թ-ի մարտի 18-ին, Ռուսաստանը հայտարարել էր Ղրիմն իր կազմի մեջ ընդգրկելու մասին։ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Ղրիմի օկուպացիայի համար, նրան այս հարցում սատարում է ողջ միջազգային հանրությունը։
Թեև համաձայնագրի ստորագրման ժամանակ Ուկրաինան և Ռուսաստանը լուծել են մնացած ցավոտ հարցերը, Ղրիմում «Նաֆտոգազի» ակտիվների թեման բանակցությունների ընթացքում ընդհանրապես չի քննարկվել։
Կիևը նախկինի պես մտադիր է այս հարցը լուծել Հաագայի արբիտրաժում։
Ի՞նչ է նշանակում նոր պայմանավորվածությունը
Ուկրաինան 2015 թ-ից գազ չի գնում Ռուսաստանից։ Գազը երկիր է մտնում Եվրամիության երկրներից, ընդ որում, եվրոպական երկրները մեծ մասամբ այն ստանում են Ռուսաստանից։
Սակայն ռուսական գազի տարանցումը Եվրոպա Ուկրաինան անխափան ապահովում է։
Ուկրաինան նաև այսպես կոչված «վիրտուալ ռևերսի» հնարավորություն ունի, այսինքն՝ կարող է վերցնել գազի մի մասը, որը նախատեսված է եվրոպացի սպառողների համար, հենց իր տարածքով անցնող խողովակից՝ այն ձևակերպելով որպես գնում եվրոպական երկրներից։
Ռուսաստանն էլ երկու այլընտրանքային նախագիծ է իրականացնում, որպեսզի հնարավորություն ունենա գազը Եվրոպա տեղափոխել՝ շրջանցելով Ուկրաինան՝ «Հյուսիսային հոսք-2»-ը և «Թուրքական հոսքը»։
«Հյուսիսային հոսք-2»-ն անցնում է Բալթիկ ծովի հատակով դեպի Գերմանիա։ «Թուրքական հոսքը»՝ Սև ծովի հատակով դեպի Թուրքիա։ Երկու նախագծերն էլ մոտ են ավարտին։
Ուկրաինան իր տարածքով տարանցումից հրաժարվելու դեպքում կզրկվեր տարեկան 3 մլրդ դոլար եկամտից։ Ինչպես նաև տարանցման սպասարկման մեջ ներգրավված մարդկանց աշխատատեղերից։
Բացի այդ, տարանցման դադարեցումը Եվրոպայում գազի գնի աճ կառաջացներ նաև Ուկրաինայում, որը գազ է գնում Եվրոպայից։
Սակայն ամենագլխավորն, ըստ ուկրաինացի քաղաքական գործիչների և փորձագետների, այն է, որ տարանցման դադարեցման դեպքում Ռուսաստանն Ուկրաինայի վրա քաղաքական ճնշում գործադրելու լծակ կստանար, քանի որ կդադարեր նրանից կախված լինել իր գազը եվրոպացի սպառողղներին հասցնելու հարցում։
Իսկ դա կարող էր նշանակել Մոսկվայի կողմից էլ ավելի մեծ ճնշում և զինված հակամարտության սրացում։
Համաձայնագիր կնքելով՝ Ուկրաինան պահպանում է տարանցիկ երկրի կարգավիճակն իր բոլոր ֆինանսական և քաղաքական շահերով։
Հարցեր առանց պատասխանների
1.
Ի՞նչն է Ռուսաստանին ստիպել համաձայնել Ուկրաինայի հետ պայմանագրին
Մինչև վերջին պահը ռուսական կողմը հերքում էր գազի տարանցման մասին համաձայնագրի ցանկացած հնարավորություն։
Որպես բանակցությունների մեկնարկի պայման ռուսական կողմը նշում էր «Գազպրոմի» դեմ հայցերից ուկրաինական «Նաֆտոգազի» հրաժարումն ու նրա վրա դրված տուգանքների չեղարկումը։
Ընդ որում, ռուսները համաձայնում էին պայմանագրի, որի ժամկետը չէր գերազանցում մեկ տարին։
2.
Դեռ հայտնի չէ, թե ի՞նչ սակագին է գործելու Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար
Հետևաբար, պարզ չէ, թե ի՞նչ եկամուտներ է ունենալու Ուկրաինան ռուսական գազի տարանցումից։
Արդյո՞ք Ուկրաինան տարանցման ծառայության դիմաց ստանալու է տարեկան $3 մլրդ, ինչպես հիմա։ Թե՞ այդ գումարն ավելի պակաս կամ մեծ է լինելու։
Կիևը պետք է որոշի նաև, թե ինչն է իր համար ավելի շահեկան՝ գազի տարանցման շարունակումը, թե՞ Ռուսաստանից դատական հայցերով $22,65 մլրդ դոլարի բռնագանձումը, որից, ըստ նոր համաձայնագրի, Ուկրաինան պետք է հրաժարվի։