Վրացի քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին «Daily Newsroom» հաղորդման ժամանակ անդրադարձել է Վրաստանի կողմից Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազի ներմուծման սահմանափակման մասին տեղեկություններին: Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է իրեն ենթարկեցնել Հայաստանը, խեղդում է երկրի տնտեսությունը Վրաստանի ձեռքերով:
«Մեր երկրի տարածքով անցնող բեռը որևէ կապ չունի Վրաստանի հետ: Եթե բեռը ճիշտ է փաթեթավորված, Վրաստանն արտոնում է դրա տեղափոխությունը, միայն այդքանը: Սա տեղի է ունենում տարիներ շարունակ, առավել ևս, որ մենք միշտ առանձնահատուկ վերաբերմունք ենք ունեցել Հայաստանի հանդեպ:
Եվ հանկարծ, վերջին ժամանակներս տարօրինակ բաներ սկսեցին կատարվել:
Օրինակ՝ Ռուսաստանը հանկարծ սկսեց կանգնեցնել և ստուգել հայկական կոնյակի որակը: Ի՞նչ գործ ունեք կոնյակի որակի հետ, եթե այն ձեզ մոտ չի հասնում: Ռուսաստանի և Հայաստանի միջև իրավիճակը ավելի ու ավելի է սրվում: Հայաստանում կան ռուսամետ ուժեր, Ռուսաստանը չի ուզում, որ այդ ուժերը թուլանան, դրա համար էլ իր ուժերի ներածին չափով փորձում է օգտագործել ուրիշներին՝ Հայաստանին տապալելու համար, հասկացնելու համար, թե՝ «պետք է ձեզ լավ պահեք, այլապես ավելի վատ կլինի»:
Եվ, ցավոք, Վրաստանն այս դեպքում կատարում է ռուսական կայսրության ձեռնոցների դերը: Վրաստանն այն ձեռնոցներն են, որոնցով Ռուսաստանը խեղդում է Հայաստանի տնտեսությունը: Սա բոլորովին անընդունելի է և անբարոյական»:
Հուլիսի 16-ին Վրաստանի Եկամուտների ծառայությունը հերքեց Վրաստանի՝ ՌԴ-ից Հայաստան գազի տարանցմանը խոչընդոտելու մասին տեղեկությունները:
Ծառայության փոխանցմամբ՝ աճ գրանցած ապրանքաշրջանառության պայմաններում միջազգային փոխադրումներին մասնակցող տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային բոլոր ընթացակարգերը կատարվում են հատկապես ակտիվ ռեժիմով՝ նպատակ ունենալով ապահովել դրանց անխոչընդոտ տարանցումը: Բացի այդ, Վրաստանի ողջ տարածքի մաքսային հսկիչ-անցագրային կետերում աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով պատրաստ են օպերատիվ կերպով իրականացնել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների հսկողության ընթացակարգեր:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Հայաստանում լայնորեն օգտագործվող հեղուկ բնական գազի գինը բարձրացել է 40%-ով այն բանից հետո, ինչ Վրաստանը դադարեցրել է Ռուսաստանից Հայաստան գազի տարանցումը: