Ռուսաստանը սպառնում է Աբխազիայից վերցնել Պիցունդա հանգստավայրի մի մասը։ Ինչո՞ւ է լռում Թբիլիսին
ՌԴ-ն Աբխազիայից հողատարածքներ է պահանջում Պիցունդայում
Հուլիսին հայտնի դարձավ, որ Աբխազիայի կառավարության որոշմամբ ծովափնյա հայտնի Պիցունդա հանգստավայրում գտնվող պետական ամառանոցն ու հարակից 180 հեկտար տարածքը փոխանցվելու են Ռուսաստանին։ Այս հողատարածքը բնության արգելոց է՝ ռելիկտային այգու մի մաս։
Առանձնատան հանձնումը Ռուսաստանի սեփականությանը Մոսկվայի պահանջն է։ Որպեսզի որոշումը վերջնական դառնա, այն պետք է վավերացվի Աբխազիայի խորհրդարանի կողմից, թեև այդ գործընթացը ձգձգվում է աբխազական հասարակության մեջ բռնկված բողոքի հսկայական ալիքի պատճառով։ Մարդիկ դեմ են հողատարածքները Ռուսաստանին հանձնելուն։
Աբխազիայի սուր արձագանքի ֆոնին Ռուսաստանը դիմեց սպառնալիքների։ «Աբխազիայում Ռուսաստանի դեսպան» Միխայիլ Շուրգալինը հայտարարեց, որ եթե Աբխազիան Ռուսաստանին չփոխանցի ամառանոցն ու հողատարածքը Պիցունդայում, ապա Ռուսաստանը կդադարեցնի ներդրումներն Աբխազիայում և կփակի ռազմաբազան։
Այն ժամանակ, երբ Պիցունդան Ռուսաստանին փոխանցելու հարցը աբխազական հասարակության համար դարձել էր կենաց-մահու հարց և զանգվածային բողոքի ակցիաներ առաջացրել, Թբիլիսին լռում էր։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես եկավ միայն մեկ հայտարարությամբ. «Այն, ինչ մենք տեսնում ենք Պիցունդայում, Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի բռնակցման ձև է»: Սակայն դրան ի պատասխան վարչապետ Ղարիբաշվիլին ասաց, թե Պիցունդայի պատճառով «չարժե ավելորդ աղմուկ բարձրացնել»։
Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները Աբխազիայում ընթացող գործընթացները չեն քննարկել ո՛չ դեսպանների հետ, ո՛չ էլ միջազգային ամբիոններում։
Ինչպե՞ս են փորձագետները գնահատում Թբիլիսիի արձագանքը և ի՞նչ մոտիվացիա են տեսնում վրացական իշխանությունների լռության մեջ։ JAMnews-ը այս հարցերն է ուղղել կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիին և «Abkhazia News»-ի ղեկավար, ակտիվիստ Գելա Խասային։
Պաատա Զաքարեիշվիլի, կոնֆլիկտաբան
Այն, ինչ կատարվում է Աբխազիայում, շատ ցավալի պատմություն է աբխազների համար։ Աբխազական հասարակության կամքին հակառակ Ռուսաստանը փորձում է հասնել իր նպատակին «թևերը ոլորելու» քաղաքականությամբ։ Հասկանալի է, որ նույնիսկ Աբխազիայի իշխանությունները փորձում են ինչ-որ կերպ խուսափել այս աղետից. նրանք ժամանակ են ձգում և, հավանաբար, այս պահին Մոսկվայի հետ կուլիսներում խոսում են այն մասին, որ դա չի ստացվի, որ լավագույն տարբերակը չէ դա անելը հիմա, և ավելի լավ է չվավերացնել այն համաձայնագիրը, որն արդեն իսկ ստորագրվել է Աբխազիայի խորհրդարանի կողմից։
Սակայն Մոսկվան չի նահանջում։ Աբխազիայում Ռուսաստանի դեսպանը շատ ագրեսիվ հայտարարություններ արեց և ավելի թեժացրեց իրավիճակը, երբ սպառնաց, որ Ռուսաստանը դուրս կբերի Գուդաուտայի բազան Աբխազիայից։
Իհարկե, սա անհեթեթ սպառնալիք է, հեքիաթ։ Ո՞վ դուրս կբերի բազան Գուդաուտայից։ Դեռևս Խորհրդային Միության ժամանակներից Գուդաուտայում գտնվող բազան Ռուսաստանի համար կենտրոնական տեղ էր զբաղեցնում Սև ծովում և Կովկասում: Ռուսներն այնքան մեծ բազա չունեն Գյումրիում, որքան Գուդաուտայում։ Այս բազան ռուսների համար ավելի կարևոր է, քան աբխազների համար։ Այն նրանց ձեռքերում է: Երբ բացվեց այս բազան, ոչ ոք աբխազներին ոչինչ չհարցրեց, նրանց միայն վախեցնում են այս թեմայով։
Ոչ թե բազայի դուրսբերումը, այլ օգնության դադարեցումն է լուրջ սպառնալիք։ Ռուսները կարող են դադարել օգնել նրանց, և, ակնհայտ է, որ աբխազները շատ են վախենում դրանից։
Սակայն նույնիսկ այդ վախի պայմաններում նրանք ցույց են տալիս, որ իրենց համար անընդունելի է հողերը Ռուսաստանին հանձնելը։ Նրանց տրամադրություններն ու հիմնական փաստարկները, որոնք այսօր հնչում են աբխազական հասարակության մեջ, հետևյալն են. «Մենք վրացիների դեմ կռվել ենք այս հողի համար, մեր տղաներին հողն ենք դրել, այս հողը նրանց արյունով է ներկված,, և եթե ռուսները խլեն այն, ապա ո՞րն է վրացիների և ռուսների տարբերությունը»։
Այս ֆոնին զարմանալի է Թբիլիսիի արձագանքը․ լուռ է։ Ընդհակառակը, Վրաստանի իշխանության ներկայացուցիչները պետք է շատ բարձր խոսեին։ Նրանք պետք է աշխարհին հայտնեին, որ չնայած Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու վրացական կառավարության քաղաքականությանը, Ռուսաստանը շարունակում է անեքսիայի ենթարկել վրացական տարածքները, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը արդյունքի չբերեց, քանի որ Ռուսաստանը շարունակում է յուրացնել Վրաստանի տարածքը։ Նման հայտարարություն պետք է անի Վրաստանի կառավարությունը, որը բերանը ջուրն է առել։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Վրաստանի քաղաքականությունն ամբողջությամբ փոխվեց։ Այն դարձավ բացարձակ վախկոտ: Այն, ինչ անում են իշխանություններն այսօր, զարմանալի է։ Ուկրաինայում պատերազմից առաջ քիչ թե շատ կարևոր հայտարարություններ էին արվում։ Օրինակ՝ երկու տարի առաջ Վրաստանի կառավարությունը հայտարարություններ արեց՝ ի պաշտպանություն ռուսների կողմից գրավված աբխազական Այբգա գյուղի։
Իշխանության անունից ելույթ է ունեցել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչին հաջորդեց վարչապետ Ղարիբաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ աղմուկ բարձրացնելու կարիք չկա։ Աբխազները պաշտոնապես պատասխանեցին Զուրաբիշվիլիին՝ ասելով, որ այն, ինչ կատարվում է Աբխազիայում, ձեզ չի վերաբերում, բայց իրականում նրանց դուր էր եկել Վրաստանի նախագահի հայտարարությունը, ես դա լավ գիտեմ։ Մի բան է, թե ինչ են նրանք բարձրաձայնում, և մեկ ուրիշ բան, թե իրականում ինչն է նրանց դուր գալիս։
Իրականում նրանք շատ ուրախ կլինեն, եթե Թբիլիսին ահազանգի ու ամբողջ աշխարհն իմանա՝ ինչ է կատարվում։ Աբխազները դա անելու հնարավորություն չունեն։ Նրանք մենակ են այս խնդրի հետ, և Թբիլիսին կարող է օգնել նրանց։
Աշխարհի աչքերում հիմա այն պատկերն է, թե Վրաստանին այս թեման չի հետաքրքրում, նա ներում է Ռուսաստանին։ Իսկ եթե Վրաստանը ներում է Ռուսաստանի կողմից իր տարածքի յուրացումը, ապա ինչո՞ւ ուրիշները պետք է անհանգստանան։ Մեր լռությամբ քարտ բլանշ ենք տալիս ռուսներին՝ Աբխազիայի տարածքում անելու այն, ինչ ուզում են։
Ահա թե ինչու շատ կարևոր է, որ Վրաստանի կառավարությունը բարձրաձայնի։ Կառավարությունը դա չի անում, և հետևաբար մենք անհետանում ենք ռադարից։
Ինչ վերաբերում է վրաց հասարակության արձագանքին, ապա քաղաքացիական սեկտորը հայտարարություններ արեց, ոչ մեծ ակցիա եղավ, բայց այնուամենայնիվ արձագանքը թույլ էր։ Նման պահերին արդյունավետ միջոց են զանգվածային ցույցերը։ Գոնե մեկ անգամ զանգվածային մեծ ցույց պետք է տեղի ունենա, ինչպես եղավ, օրինակ, Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակի ընդունման հետ կապված։ Ժողովուրդը պետք է իշխանություններից պահանջի բարձրացնել իրենց ձայնն ու պաշտպանել Վրաստանի տարածքը։ Առավել ևս, երբ աբխազները պաշտպանվում են և չեն հանձնվում։
Գելա Խասայա, «Abkhazia News»-ի ղեկավար
Երբ հայտնի դարձավ Պիցունդայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին, քաղաքացիական անձինք, կազմակերպություններն ու մենք սոցիալական ցանցերում արշավ սկսեցինք և փորձեցինք հանրության ուշադրությունը հրավիրել այս պատմության վրա, քանի որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը սկզբում որևէ մեկնաբանություն չէին անում: Վրացական քաղաքական սպեկտրն ընդհանրապես չէր նկատում խնդիրը։ Այնուհետև ընդդիմությունը միացավ գործընթացին՝ հրապարակային մեկնաբանություններ անելով և տեղեկատվություն տարածելով հիմնականում այն մասին, թե որքանով է մեծ եղել հենց իրենց՝ աբխազների բողոքը։
Կառավարությունից ոչ մի արձագանք չեղավ։ Եղավ Զուրաբիշվիլիի հայտարարությունն ու Ղարիբաշվիլիի մեկնաբանությունը․ ավելի լավ կլիներ, եթե Ղարիբաշվիլին ոչինչ չասեր, քանի որ դա ամբողջովին ոչ պետական հայտարարություն էր և ավելի շատ վնասեց գործընթացին։ Նրա խոսքից կարելի է ենթադրել, որ վրաց հասարակությունը չպետք է խոսի այս թեմայով և չպետք է աղմուկ բարձրացնի։
Մի քանի կազմակերպություններ և ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացրել Արտաքին գործերի նախարարության և պետական այլ կառույցների մոտ։ Մենք նամակ ենք ներկայացրել այդ կառույցներ, խնդրել ենք պաշտոնապես դիմել միջազգային հանրությանը և հայտարարությամբ հանդես գալ։ Սակայն պատասխան չենք ստացել։
Մինչ օրս նրանք լռում են։
Սա լրիվ անհավանական է, քանի որ, հավանաբար, օկուպացիայի պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում աբխազների նման մասշտաբային բողոքն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։
Դա երևում է աբխազական ընդդիմության առաջնորդների հեռուստատեսային հարցազրույցներից, քաղաքացիական ակտիվիստների հայտարարություններից, աբխազ երիտասարդության ակտիվությունից, որոնք նույնիսկ կազմակերպություն են ստեղծել այս գործընթացի դեմ բողոքելու համար։
Նրանք հանրահավաքներ են անցկացնում և հանդես գալիս կարգախոսով, որ «հողերի գնով չի կարելի բարեկամություն ձեռք բերել», և Ռուսաստանը չպետք է նացիստական պահանջներ ունենա Աբխազիայի նկատմամբ։ Սա, իրոք, առաջին անգամն է, որ նրանք այդքան բացահայտ ու զանգվածաբար պայքարում են Ռուսաստանի դեմ։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Ռուսաստանը սպառնացել է, որ եթե նրանք կանգ չառնեն, կդադարեցնի ֆինանսական աջակցությունը։
Մարդիկ, ովքեր իրականում պայքարում են մեզ համար, նման ճնշման տակ են։ Մեր մեկնակետը պետք է լինի պայքարն ընդդեմ անեքսիայի, որը սկսվել է շատ տարիներ առաջ և շարունակվում է մինչ օրս ու հենց հիմա՝ Պիցունդայի օրինակով։
Նորմալ իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի աբխազներին ցույց տա, որ իրենց թիկունքին կա մեկը, ում վրա կարող են հույս դնել կրիտիկական իրավիճակում, եթե գործընթացը վերաճի ավելի ուժեղ առճակատման։
Փաստորեն, այսօր աբխազները ոչ մեկի վրա չեն կարող հույս դնել լարվածության աճի դեպքում։ Միգուցե մենք կարող էինք կամուրջ լինել այս մարդկանց համար, բայց, ինչպես արդեն ասացի, նրանք մեզանից ոչ մի ուղերձ չեն ստացել։
Առանց Թբիլիսիի կամքի ոչ ոք, ոչ մի միջազգային դերակատար չի կարող միջամտել այս գործընթացին։ Իսկ այն երկրները, որոնք ճանաչել են նրանց անկախությունը, գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ։
Մենք՝ ակտիվիստներս, ինչ էլ անենք, երկիրը ներկայացնում է իշխանությունը, ուստի իշխանությունների հստակ դիրքորոշումը շատ կարևոր է։ Առաջին հերթին ակտիվություն միջազգային ասպարեզում։ Հիմա, երբ մենք ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացում ենք, Եվրամիությունը մեծ ուշադրություն է դարձնում մեզ։ Մենք ունենք կարևոր ամբիոն, որը չենք օգտագործում։
Եթե հիմա նրանց հետ խոսեինք այս թեմայի շուրջ, ապա այն դուրս կգար Վրաստանի սահմաններից, և վստահ եմ, որ հստակ պատասխան կլիներ Արևմուտքից։
Կառավարության լռությունը կամ Ղարիբաշվիլիի հայտարարությունը, որի մասին նշեցի, վկայում է այն մասին, որ մեր կառավարությունը զբաղված է Ռուսաստանին օգնելով։ Կառավարության քաղաքականությունը մեզ օկուպացիային ընտելացնելն է։
Երկրորդ խնդիրն այն է, որ ընդդիմության կողմից նույնպես չկա համապատասխան արձագանք, նրանք նույնպես չեն բարձրացնում այս թեման։ Ցավոք սրտի, դա պատշաճ կերպով չի լուսաբանվում լրատվամիջոցներում:
Եթե լինի համապատասխան ճնշում ընդդիմության և լրատվամիջոցների կողմից, ապա իշխանությունը ստիպված կլինի արձագանքել։ Մենք չպետք է կառավարության անդամներին խնդրենք հայտարարություն անել, դա պետք է լինի նրանց առաջնահերթությունը, քանի որ դա նրանց պարտքն է ու պարտավորությունը։ Սակայն, երբ մենք ունենք իշխանություն, որը երկրի կողմից չէ, պետք է փորձենք ազդեցություն գործել նրա վրա։
ՌԴ-ն Աբխազիայից հողատարածքներ է պահանջում Պիցունդայում