«Հայաստանի անվտանգության երաշխավոր ՌԴ-ն սպառնալիք է դարձել». կարծիք
Ռուսաստանը՝ Հայաստանի թշնամի
Ռուսաստանը երկար տարիներ գլխավոր դերակատար է եղել հայ-ադրբեջանական հարաբերություններում, սակայն, ինչպես հայտարարում են հայ վերլուծաբանները, «ամենևին էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխավոր չի եղել»։ Այդ մասին Հայաստանում խոսում են ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև լայն հասարակությունը։ Մինչև վերջերս մարդիկ դրական էին վերաբերվում տարածաշրջանում Հայաստանի ռազմավարական դաշնակցի ներկայությանը։ Սակայն այժմ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ վստահությունը հասել է կրիտիկական կետի։
Հաճախ կարելի է լսել այն կարծիքը, որ Ռուսաստանի դիրքորոշումը որոշվում է սեփական շահերով, որոնք համընկնում են Բաքվի շահերի հետ՝ չնայած Երևանի հանդեպ դաշնակցային պարտավորություններին։ Քաղաքական գործիչները Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում են այն բանում, որ իր համար ավելի կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունը, քան դաշնակցի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։ Հայ-ռուսական հարաբերություններն այս առումով խիստ խարխլվել են։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի մեկնաբանությունը տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարության փոփոխության ու Մոսկվայի առաջնահերթությունների, նաև այն մասին, թե ինչի է հանգեցրել Ուկրաինայի դեմ ագրեսիան, ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե չհրաժարվի ռուսական ազդեցությունից։
- Ինչո՞ւ է Ռուսաստանը հյուպատոսություն բացում Սյունիքում։ Կարծիքներ
- «Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը կմոտեցնի Ուկրաինայի հաղթանակը»․ կարծիք
- Հայաստանը` երկընտրանքի առջև. արդյո՞ք երկիրը դուրս կգա ՌԴ ազդեցության գոտուց
Գուրգեն Սիմոնյան, քաղաքագետ
Հայաստանի ռազմավարական թշնամին
«Ռուսաստանը միանշանակ թշնամական երկիր է Հայաստանի համար։ 2010 թվականից սկսած նա ինքն է իրեն ընդգրկել մեզ համար թշնամի երկրների ցուցակում։ Այդ ժամանակ ՌԴ կառավարական պատվիրակությունը՝ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, մեկնել էր Ադրբեջան։ Այցի ընթացքում ստորագրվել էին ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրեր։ Մոսկվան և Բաքուն փաստացի դարձել էին ռազմավարական գործընկերներ՝ չնայած Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական դաշինքին։
Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել էր ավելի քան 4 միլիարդ դոլարի հարձակողական զենք և այդպիսով դարձել Ադրբեջանի սպառազինության առումով թիվ 1 գործընկերը։ Թուրքիան 3-րդ տեղում էր՝ Բելառուսից հետո։ 4-րդ տեղում Իսրայելն էր: Ընդ որում, առաջին և երկրորդ տեղերի միջև տարբերությունը հսկայական էր։ Ադրբեջանի ողջ բանակը հագեցած էր ռուսական զինատեսակներով:
Շրջանառության մեջ դրված Մադրիդյան սկզբունքների, ապա ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կազանի փաստաթղթի ներդրմամբ բանակցային գործընթացում հայկական դիրքերն արժեզրկվեցին Ռուսաստանի կողմից։
Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը համընկնում են, նրանք ունեն միասնական ռազմավարություն: Ժամանակակից դուգինյան Ռուսաստանի հայեցակարգը մշակվել է ռուս-թուրքական դաշինքի համատեքստում՝ ընդհուպ մինչև այն, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թուրքագետ է։ Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ողջ ապարատը բաղկացած է թուրքագետներից»։
Ալեքսանդր Դուգինը քաղաքագետ է, փիլիսոփա, ում հայացքները հետազոտողները համարում են ֆաշիստական։ Ինքը՝ Դուգինը, համաձայն չէ այդ գնահատականի հետ։ Դուգինի քաղաքական գործունեությունն ուղղված է եվրասիական գերտերություն ստեղծելուն՝ Ռուսաստանի և նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրման միջոցով՝ նոր Եվրասիական միության շրջանակներում։ Դուգինը երկար ժամանակ կոչ է արել անեքսիայի ենթարկել Ուկրաինան։
Տարածաշրջանում որոշիչ դերի կորուստ
«Տարածաշրջանը համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտի, և հենց նա էր որոշում այստեղ բոլոր հարցերը։ Բայց իրավիճակը փոխվեց Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայից հետո, երբ աշխարհը վիճարկեց Ռուսաստանի ազդեցության բոլոր նախկին գոտիները։ Դա վերաբերում է ինչպես Կովկասյան լեռնաշղթայից հարավ գտնվող տարածքներին, այնպես էլ Կենտրոնական Ասիային, Եվրոպային և այլն։
Բայց նախքան Ուկրաինայի դեմ ագրեսիան Ռուսաստանը թելադրում էր իր կամքը, մասնավորապես՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում: Եվ հենց Ռուսաստանն էր Հայաստանին կապիտուլյացիոն ելք պարտադրում։
Եթե վերլուծենք իրադարձությունների ժամանակագրությունը, ապա կտեսնենք, որ Մոսկվան 2010 թվականից փոխել է իր ռազմավարությունը տարածաշրջանում և, ըստ էության, թշնամի երկիր է դարձել Հայաստանի համար։
2016 թվականին սկսվեց, այսպես կոչված, ապրիլյան պատերազմը։ Ռուսաստանը դադարեցրեց այն և սկսեց ճնշում գործադրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի հայկական կողմը հանձնի ԼՂ շուրջ գտնվող 7 շրջանները։ Դրանք ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերի վերահսկողության տակ էին անցել՝ որպես անվտանգության գոտի։ Եվ հենց դա էր պատճառը, որ չէին վերադարձվում, իսկ Սարգսյանը մեկնեց ԼՂՀ, որպեսզի համոզի հանձնել դրանք՝ Մոսկվայի ճնշման պատճառով:
2020 թվականին մենք արդեն բախվեցիք Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության պաշտպանության հետ կապված դաշնակցային պարտավորությունների չկատարման հետ։ Հետո տեսանք 2020 թվականին ստանձնած պարտավորությունների խախտումը [նկատի ունի Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը]։ Իսկ հիմա ռուսներն այլևս չեն թաքցնում իրենց հակահայկական դիրքորոշումը և միջազգային հարթակներում»։
- «Քաղաքական արդյունք է պետք, ոչ թե ՌԴ դիմակազերծում»․ Ֆրանսիան կդիմի՞ ՄԱԿ ԱԽ
- Արցախի շուրջ շրջանների «գնման» մասին․ սկանդալային զրույցի ձայնագրության հրապարակում
- Հայաստանում շարունակվում է Արցախի հարակից շրջանները 5 մլրդ դոլարով գնելու շուրջ սկանդալը
Ամեն գնով տարածաշրջանում մնալու մտադրություն
«Ռուսաստանը մտադիր է մնալ տարածաշրջանում, բայց դա նրան չի հաջողվի։ Նա չունի նման ռեսուրսներ: Նա պարտություն է կրում ուկրաինական պատերազմում։ Ուկրաինայում պատերազմը միայն ուկրաինական չէ: Այդ պատերազմում աշխարհը կոտրում է ՌԴ-ին՝ ուկրաինացիների դիմադրության հաշվին, որոնք ընդունեցին մահրտահրավերը ու չհանձնվեցին։ Արդյունքում Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունն ամենուր։
Նա երկու անգամ կորցրեց մեր տարածաշրջանը։ Ինչպես ասում են՝ մեկ անգամը՝ պատահականություն է, երկրորդը՝ օրինաչափություն։ Ռուսաստանը երկու անգամ լքել է այս տարածաշրջանը, և նորից կլքի այն, թեև չի ուզում։ Ռուսաստանն ընդհանրապես որևէ տեղից չի ուզում հեռանալ։ Իսկ տարածաշրջանը չլքելու համար Ռուսաստանի Դաշնությունը կպայքարի, կգնա ամեն տեսակի սադրանքների։ Մեզ մնում է միայն կանգնեցնել նրանց ու հաղթահարել դժվարությունները։ Մենք կարող ենք դա անել՝ չնայած այս պայքարի բոլոր հետևանքներին։
Կարող են լինել ցնցումներ, ճնշումներ, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում, քաղաքական ուժերի, Հայաստանի անկախության համար պայքարող անհատների վրա։
Էներգառեսուրսների, պարենային ապրանքների ներկրման հետ կապված դժվարություններ կարող են լինել, բայց կարելի է դրանք փոխարինել։ Ռուսական ցորենի փոխարեն կարելի է ուկրաինականը ներկրել: Եթե Վերին Լարսը՝ Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը փակվի, ապա կարելի է ակտիվացնել լաստանավային փոխադրումները։ Կարելի է օգտագործել Թուրքիայի և Իրանի տարածքը։
Օդային փոխադրումները կարող են թանկանալ: Բայց սա պայքար է հանուն ազատության, և հանուն դրա ոչինչ չի կարելի խնայել։ Ռուսաստանի ազդեցությունից ազատվելը Հայաստանին թույլ կտա փրկվել: Ազատությունը կորցնելով՝ երկիրը կդադարի գոյություն ունենալ։ Այն ոչնչով չի կարելի փոխարինել»:
Ռուսաստանի կողմից սպառնալիքների ցանկում նաև ռազմական գործողություններն են
«Անվտանգության տեսանկյունից Ռուսաստանը կարող է դիմել ահաբեկչական գործողությունների, հնարավոր են քաղաքական սպանություններ, հարձակումներ մեր սահմանների վրա։ Մեխանիզմները կարող են տարբեր լինել: Բարեբախտաբար, մենք ընդհանուր սահման չունենք Ռուսաստանի հետ, ուստի ենթադրվում է, որ լայնածավալ հարձակումների համար կօգտագործեն երրորդ երկրների տարածքները։ Ամենահավանական թեկնածուն Ադրբեջանն է։
Բայց մեծ հարց է՝ արդյո՞ք Ադրբեջանը կցանկանա դառնալ նման հարձակումների պլացդարմ այն բանից հետո, երբ հայերը բռնեն պայքարի ուղին։ Որովհետև նման պլացդարմ դառնալով՝ Ադրբեջանը Ռուսաստանի հետ նույն հարթության վրա է լինելու, Ալիևը՝ Պուտինի։
Ես կասկածում եմ, որ Ադրբեջանը կգնա դրան։ Իսկ Ռուսաստանից Հայաստանի ազատագրման համար ռազմավարական ու աշխարհաքաղաքական իրավիճակն այժմ առավել բարենպաստ է»։
Ռուսաստանը ծրագրում է Սյունիքը կտրել Հայաստանից
«Եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, Ադրբեջանը կգտնի հարյուր պատճառ Սյունիքի վրա հարձակվելու համար: Ոչինչ չի խանգարի Ադրբեջանին հայտարարել Հայաստանի տարածքից ենթադրյալ գնդակոծության մասին և հարձակում կազմակերպել արդեն այս ուղղությամբ։
Ուստի Լեռնային Ղարաբաղի տարածքում ցանկացած սադրանք պետք է դադարեցվի հենց այնտեղ, այդ թվում՝ Հայաստանի ուժերով։ Արցախի դեմ ցանկացած ագրեսիա նշանակում է ագրեսիա Հայաստանի դեմ:
Ռուսաստանը պատանդի կարգավիճակում է պահում Արցախը, որպեսզի գրավի Հայաստանը: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը ԼՂՀ-ն ու Հայաստանը տեսնում են միևնույն անվտանգային համակարգի մեջ։ Եվ ճիշտ են անում, այդպես էլ կա: Նրանց համար Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է։
Ռուսաստանը չի էլ ծրագրում մնալ ԼՂ-ում, մտադիր է իր ողջ զորախումբը տեղափոխել Սյունիք: Այդպիսին է ռուսական պլանը: Իսկ Սյունիքը, որպես հայերի կողմից չվերահսկվող արտատարածքային սև խոռոչ, պետք է ծառայի Ռուսաստանի շահերին ու անցնի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) վերահսկողության տակ։ Այդ ժամանակ Հայաստանը՝ կորցնելով իր ռազմավարական նշանակությունը, կդառնա Ռուսաստանի ֆորպոստ։
Այս գործընթացը պետք է դադարեցնել Արցախում, որպեսզի Հայաստանը չկորցնի իր ինքնիշխանությունը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուսաստանը՝ Հայաստանի թշնամի