Ռուսական Sukhoi Superjet-ը, որի վթարային վայրէջքից 41 մարդ է զոհվել, հայտնի է իր անհուսալիությամբ
Հաստատվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet օդանավի վթարի զոհերի վերջնական թիվը. օդանավում եղած 87 մարդկանցից 41-ը զոհվել է, 9-ը՝ վիրավորվել:
Ստորև տեղադրված տեսանյութում երևում է՝ ինչպես է դա տեղի ունեցել: Բայց առայժմ հստակ պատասխան չկա հարցին՝ ի՞նչ է պատահել, քանի որ ինքնաթիռն օդանավայական է վերադարձել թռիչքից մի քանի րոպե անց (այն չվերթ էր իրականացնում դեպի Մուրմանկ), և ինչու անձնակազմը չի կարողացել ճիշտ վայրէջք իրականացրել, և օդանավը բռնկվել է վայրէջքի ժամանակ:
Կա մի քանի վարկած, դրանց մասին՝ ստորև.
Արտահերթ վայրէջք
Մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից թռիչքից շատ չանցած ինքնաթիռի անձնակազմը հայտնել է, որ օդանավում վթարային իրավիճակ է առաջացել և իրենք վերադառնում են:
Դրանից կարճ ժամանակ անց օդանավի հետ կապն ընդհատվել է բոլոր հաճախականություններով, այդ թվում՝ վթարային:
• Առեղծվածային ռադիոկայանը Ռուսաստանում հեռարձակվում է 35 տարի շարունակ
Օդանավը վայրէջք է կատարել լիքը բաքով, ինչը վկայում է, որ օդանավի վթարը լուրջ է եղել: Սովորաբար օդանավերը, երբ անսարքությունների պատճառով վերադառնում են օդանավակայան, վայրէջքից առաջ մի քանի շրջապտույտ են կատարում, որպեսզի վառելիք ծախսեն և նվազեցնեն քաշը:
Վայրէջքի ժամանակ Sukhoi Superjet-ը երեք անգամ հարվածել է թռիչքուղուն և բռնկվել:
Ընդ որում, բոլոր լրատվամիջոցները հաղորդում են, որ մայիսի 5-ին եղանակը «Շերեմետևո» օդանավակայանի տարածքում եղել է գրեթե իդեալական: Իսկ անձնակազմը բաղկացած է եղել հենց այդ ինքնաթիռին սովոր բավականին փորձառու օդաչուներից:
Ինչ է տեղի ունեցել. վարկածներ
Մի քանի պարբերականներ, այդ թվում BBC—ն, վկայակոչելով ողջ մնացած ուղևորներին և անձնակազմի անդամներին, ասում են, որ թռիչքից անմիջապես հետո օդանավին կայծակ է հարվածել, վնասել է այն, և դա էր պատճառը, որ այն անմիջապես պետք է վերադառնար: Ընդ որում, ինչպես մեկնաբանում են փորձագետները, ժամանակակից օդանավերն այնպես են կառուցված, որպեսզի կարողանան դիմակայել կայծակի հարվածին:
Բայց կայծակի հարվածի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի եղել: Ռուսաստանի Քննչական կոմիտեն այս փուլում դիտարկում է երեք վարկած՝ տեխնիկայի հանկարծակի անսարքություն, օդաչուների սխալ (չնայած նրանք բազմաթիվ թռիչքներ են իրականացրել հենց այդ օդանավով) և վատ եղանակային պայմաններ (չնայած եղանակը լավն է եղել):
Անկախ փորձագետներերն էլ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Sukhoi Superjet-ը վաղուց վատ վարկանիշ ունի աշխարհում՝ հաճախակի հանդիպող անսարքությունների պատճառով, և հենց դրա համար բոլոր միջազգային ընկերությունները, բացի «Աերոֆլոտից», հրաժարվել են դրանից:
Sukhoi Superjet-ը՝ որպես ռուսական ավիացիայի վերածնունդի փորձ, և մի շարք աղետներ
Sukhoi Superjet-ը ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում մշակված և արտադրված առաջին օդանավն է: Այն կառուցվել է 2000թ., և այդ նախագծին Ռուսաստանում բացառիկ նշանակություն էին տալիս։ Այն ուներ ոչ միայն առևտրային նշանակություն, այլև հեղինակության հարց էր՝ ցույց տալ ամբողջ աշխարհին ռուսական ավիացիայի վերածնունդը:
Սակայն հենց ամենասկզբից Sukhoi Superjet-ին հետապնդում էին խնդիրներն ու սկանդալները:
Օդանավի գործարկման ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: Երբ օդանավի նախագծումն ավարտվեց, պարզվեց, որ Ռուսաստանում գրեթե ոչ մի օդանավակայան չի կարող այն ընդունել, քանի որ Sukhoi Superjet-ի շարժիչները չափազանց ցածր են տեղադրված:
Առաջին ցուցադրական թռիչքներից մեկը իրականացվել է Ինդոնեզիայում և ողբերգական ավարտ ունեցել. օդանավը կործանվել է:
Sukhoi Superjet-ի արժեքը կտրուկ բարձրացել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո, քանի որ այդ օդանավի պահեստամասերի կեսից ավելին ներմուծվում են, և այժմ դրանք ստիպված են գնել միջնորդների միջոցով:
Մի քանի ամիս առաջ Sukhoi Superjet-ի կիրառումից հրաժարվել է վերջին արտասահմանյան ընկերությունը: Պատճառը անհուսալիությունն է:
Միակ ընկերությունը, որն այսօր օգտագործում է այդ օդանավը, ռուսական «Աերոֆլոտն» է, որը վերահսկվում է պետության կողմից: Այն իր պարկում ունի 49 Sukhoi Superjet:
Հատուկ հանգամանքներ
Ռուսական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում երկու հանգամանքի վրա:
Առաջին այն է, որ Sukhoi Superjet-ով չեն տեղափոխվում Ռուսաստանի առաջին դեմքերը:
Բացի դրանից, չնայած «Շերեմետևոյում» տեղի ունեցածին, տրանսպորտի նախարարությունը չի արգելել օդանավի շահագործումը: Պատճառը, ամենայն հավանականությամբ, «Աերոֆլոտի» բիզնես շահերն են և Sukhoi Superjet նախագծի տապալումն ընդունելու ցանկության բացակայությունը, գրում են ռուսական լրատվամիջոցները: