«Երբեք չենք համաձայնի ռուսական օրենքին». բազմահազարանոց երթ Թբիլիսիում
Ռուսական օրենքի դեմ երթ Վրաստանում
«Ոչ ռուսական օրենքին»,- վանկարկել են ապրիլի 19-ին Թբիլիսիում կայացած բազմահազարանոց երիտասարդական երթի մասնակիցները: Նրանք բողոքում են «Օտարերկրյա ազդեցության մասին» օրինագծի դեմ, որն առավել հայտնի է որպես «օտարերկրյա գործակալների մասին օրենք» կամ «ռուսական օրենք»։
Ապրիլի 17-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը։
Խորհրդարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է արդեն մի քանի օր՝ ամեն անգամ հավաքելով 30-100 հազար մարդու։ Այսօր ցուցարարները կրկին փակել են Ռուսթավելու պողոտան, սուլել, շեփոր նվագել, թմբկահարել և վանկարկել՝ «Ո՞ւր ենք գնում: Դեպի Եվրոպա»:
Երիտասարդները կառավարությանը կոչ են արել հետ կանչել «ռուսական օրենքը»:
Ավելի ուշ հանրահավաքի մասնակիցները շարժվեցին նախ դեպի Արդարադատության տուն, ապա՝ Հերոսների հրապարակ։ Այսպիսով, նրանք երթով անցան քաղաքի բոլոր կենտրոնական հատվածներով։
Երթին զուգահեռ ընթացող մեքենաները ազդանշաններով ողջունում էին մասնակիցներին։
Հերոսների հրապարակում, որտեղ գտնվում է Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը, երիտասարդները կատարեցին Վրաստանի հիմնն ու երդվեցին.
«Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, վրացի հայրենասերներս, հավաքվել ենք այստեղ՝ Հերոսների հրապարակում՝ հարգելու նրանց հիշատակը և երդում տալու նրանց հոգիների առաջ։ Երդվում ենք, որ երբեք չենք հրաժարվի ձեր կյանքի գնով նվաճված ազատությունից։ Մենք երդվում ենք, որ երբեք չենք հաշտվելու այն ուժի հետ, որը փորձում է մեր երկիրը հանձնել թշնամուն՝ Ռուսաստանին։ Մենք կանգնելու ենք իրար կողքի և պաշտպանելու ենք Վրաստանի պետականությունը, մեր լեզուն, մեր ժառանգությունն ու միասնությունը։
Կեցցե անկախ ու միացյալ Վրաստանը»։
Այնուհետև տասնյակ հազարավոր ցուցարարներ վերադարձան խորհրդարանի շենքի մոտ, որտեղ նրանք կրկին դիմեցին պատգամավորներին՝ պահանջելով հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումից:
Հաջորդ բողոքի ակցիան նախատեսված է ապրիլի 20-ին՝ ժամը 19.00-ին։
«Մենք բոլորս այստեղ միասին ենք՝ ոչ միայն ուսանողները, այլև մեր բոլոր դասախոսները, մեր ծնողները։ Սա մեր երկիրն է, մենք միասին պայքարում ենք նրա բարգավաճման համար։ Մենք պատմության ճիշտ կողմում ենք»,— ամբիոնից ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը՝ հայտարարելով բողոքի ակցիան շարունակելու մասին։
«Մենք այստեղ կանգնելու ենք ամեն օր։ Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն հրաժարվել այս տգեղ օրենքից, քանի դեռ ռուսական ազդեցությունը չի վերացել այս երկրից»,— ասաց հանրահավաքի մեկ այլ մասնակից։
● «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն առաջին անգամ իշխող կուսակցության կողմից նախաձեռնվել էր մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին։ Այն խորհրդարանի կողմից ընդունվել էր առաջին ընթերցմամբ, բայց հետո հետ կանչվել՝ քաղաքացիների զանգվածային բողոքի ակցիաների և Արևմուտքի սուր քննադատության արդյունքում։
● 2024 թվականի ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին նախաձեռնել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։
● Ապրիլի 16-ին՝ խորհրդարանի մոտ բողոքի զանգվածային ցույցերի երկրորդ օրը, հատուկ ջոկատայիններն օգտագործել են պղպեղի սփրեյ՝ խաղաղ ցույցը ցրելու համար։ Մարդկանց նաև ծեծի են ենթարկել։ Տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել։
● Երկրում հավատարմագրված դեսպանները, շատ արևմտյան քաղաքական գործիչներ, Եվրամիության առաջնորդներ և ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներ դիմել են վրացական իշխանություններին՝ սուր քննադատության ենթարկելով օրինագիծը և առաջարկելով այն հետ կանչել խորհրդարանից: Վրաստանին բացահայտ զգուշացնում են, որ այս օրենքի ընդունումը մեծ խնդիրներ կստեղծի երկրի եվրաինտեգրման ճանապարհին։
● Չնայած ներքին ու արտաքին աննախադեպ դիմադրությանը՝ ապրիլի 17-ին խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «գործակալների մասին» օրենքը՝ 83 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը: Նրանցից ոմանք ի նշան բողոքի լքեցին նիստերի դահլիճը, մյուսներին դահլիճից դուրս հրավիրեցին բռնի ուժով։
● Վրաստանի կառավարությունը հայտարարում է, որ չի նահանջելու և օրենքը կիրագործի մինչև վերջ։ Կառավարության հիմնական փաստարկը հետևյալն է՝ «վրացական հասարակական կազմակերպությունները գործում են ոչ թափանցիկ, և դա սպառնում է երկրի անվտանգությանը»։
Սակայն անկախ փորձագետները, ընդդիմությունը և ավելի լայն քաղաքացիական հասարակությունը չեն ընդունում այդ փաստարկը։ Նրանք կարծում են, որ այս կերպ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը փորձում է երկարացնել իր՝ իշխանության ղեկին մնալը և պատրաստվում է 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ճնշել այլընտրանքային կարծիքը երկրում։
Ինչո՞ւ է այս օրինագիծը վնասակար և որևէ ընդհանրություն չունի ամերիկյան և եվրոպական տարբերակների հետ
Իրենց մեկնաբանություններում իշխանության ներկայացուցիչներն անընդհատ կրկնում են, որ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» քննադատները չեն կարող կոնկրետ փաստարկներ բերել, թե ինչու է այս օրենքը ռուսական։ Դա այդպես չէ, և դրա մասին են վկայում բազմաթիվ նյութեր, որոնք մեկ տարուց ավելի է, ինչ շրջանառվում են վրացական լրատվամիջոցներում։
Լրագրողները մանրամասն, կոնկրետ փաստարկներով բացատրում են այս օրենքի վնասակարության էությունը՝
● JAMnews—ի բացատրությունը. թե ինչու է այս օրենքը վնասակար և որևէ ընդհանրություն չունի ամերիկյան և եվրոպական տարբերակների հետ (ռուսերեն, վրացերեն և անգլերեն):
● Ազատություն ռադիոկայանի վրացական խմբագրությունը մանրամասն ներկայացնում է այս նախագծի վտանգները (վրացերեն):
● Ինչո՞ւ են այս օրենքն անվանում ռուսական: Մանրամասն վերլուծություն ««Публика»» (վրացերեն) պարբերականից։
● Օրինագծի վերլուծությունը կետ առ կետ «Проекта 64» թիմի տեսանյութում (վրացերեն):
● Ահա JAMnews-ից ևս մի տեքստ այն մասին, թե ինչ աղետների է արդեն հանգեցրել այլ երկրներում այս օրենքի ընդունումը (ռուսերեն, վրացերեն և անգլերեն)։
● Ինչու՞ է ռուսական օրենքը վտանգավոր: 5 հարց ու պատասխան՝ Netgazeti-ի տեքստում (վրացերեն)։
● Պարզ բացատրություն on.ge կայքում։