Ռուսաստանի իշխանություններն արդեն մեկ շաբաթ է՝ փորձում են երկրի տարածքում արգելափակել ամենատարածված մեսենջերներից մեկը՝ Telegram-ը: Մեսենջերն արգելափակելու մասին դատարանի որոշումը կապված է այն բանի հետ, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հրաժարվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ) տրամադրել ծածկագրման բանալիները, որոնք թույլ կտային վերահսկել օգտատերերի նամակագրությունը: Դուրովը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում ընդառաջ գնալ ռուսական իշխանություններին, և իր համար Telegram-ի հետ կապված պատմությունը սկզբունքային հարց է: Այս մասին՝ JAMnews—ի նյութում:
Նախքան Telegram-ի արգելափակումը Դուրովը հաղորդել էր, որ մեսենջերն օգտագործելու է արգելափակումը շրջանցող ներդրված մեթոդներ: Նա խորհուրդ է տվել նաև VPN-ծառայություններից օգտվել, որոնք հասանելի են դարձնում արգելափակված ռեսուրսները:
Արգելափակման առաջին ժամերին Telegram մուտք գործելն օգտատերերից շատերի համար դժվարացել էր, սակայն ապրիլի 16-ին գրեթե բոլոր օգտատերերի համար հասանելիությունը վերականգնվել է:
Ռուսաստանի իշխանությունները՝ հասակնալով, որ Telegram-ը հաջողությամբ է լուծում արգելափակման շրջանցման հարցը, սկսել են արգելափակել IP-հասցեները, որոնց վերաուղղվում էր մեսենջերը: Ապիլի 17-ի երեկոյան արգելափակվել էր Amazon-իև Google-ի ամպային ծառայությունների մոտ 16մլն հասցե: Իշխանությունների այդ գործողությունների պատճառով անհասանալի էին դարձել Telegram-ի հետ կապ ունեցող կայքերը:
Telegram-ի արգելափակումը չհանգեցրեց դրա պոպուլյարության անկման: Ընդհակառակը, ապրիլի 17-ին մեսենջերի օգտատերերի թվի աճն ավելին է եղել, քան սովորաբար: Ռուսաստանում Telegram-ի ընդհանուր լսարանն անհայտ է, սակայն, ըստ տարբեր հետազոտությունների տվյալների, այն տատանվում է 12-ից մինչև 17մլն մարդու սահմաններում:
Ապրիլի 17-ին Դուրովը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել Telegram-ի օգտատերերին աջակցության համար: Նա ընդգծել է, որ ռուսական շուկան իր և ծառայությունը մշակածների համար կարևոր է «անձնական նկատառումներով»:
Հետագա օրերին Ռուսաստանում Telegram-ի օգտատերերի մոտ մեսենջերի օգտագործման ոչ մի դժվարություն չի առաջացել: Ռուսական իշխանությունները շարունակել են արգելափակել IP-հասցեները՝ չհասնելով ոչնչի, բացի կողմնակի կայքերի արգելափակումից: Ապրիլի լույս 22-ի գիշերը որոշ ռուս օգտատերեր չեն կարողացել օգտվել Google-ից:
Ապրիլի 23-ի դրությամբ՝ Telegram-ի օգտատերերից շատերը հաղորդում են, որ Ռուսաստանում մեսենջերն աշխատում է նույնիսկ առանց արգելափակման շրջանցման ծրագրերի: