ՀՀ-ում դադարեցվել է ռուսական «Առաջին ալիքի» սփռումը․ ի՞նչն է պատճառը
Ռուսական «Առաջին ալիքի» սփռման դադարեցում
Ռուսական «Առաջին ալիքի» սփռումը Հայաստանում դադարեցվել է։ Պաշտոնական պարզաբանմամբ՝ ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք (3000 դոլար յուրաքանչյուր ամսվա համար):
«Սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը»,- հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Թեև պաշտոնապես մատնանշվում է ընկերության ֆինանսական պարտավորությունները չկատարելու հանգամանքը, վերջին ամիսներին հայկական կողմը պարբերաբար խախտումներ էր արձանագրում հայկական մուլտիպլեքսով եթեր հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության մեջ։ Եվ խոսվում էր դրանց հնարավոր եթերազրկման մասին։ Ընդգծվում էր այն հանգամանքը, որ այդ հաղորդումներում հնչեցնում են ստեր, մանիպուլյացիաներ, վիրավորում են Հայաստանի ղեկավարներին ու հայ ժողովրդին։
Ամենաթարմ օրինակը ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Մեծ խաղ» հաղորդման մայիսի 27-ի եթերն էր, որի ընթացքում ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ՀՀ վարչապետին վերագրել է արտահայտություններ, որոնք նա երբևէ չի արել, ներկայացրել է խեղաթյուրված փաստեր Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
ՀՀ-ում եթեր է հեռարձակվում ռուսական 3 հեռուստաալիք։ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Փաստաթղթի 5-րդ հոդվածը սահմանում է՝ հեռարձակվող ալիքներում պետք է բացառվի ժողովուրդների, ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությունը։
Համաձայնագրի խախտումներն արձանագրում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ)։ Եթերազրկման իրավասություն, սակայն, հանձնաժողովը չունի։ Նման որոշում կարող է կայացնել միայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Զատուլինը ստում է ու մանիպուլացնում․ FIP
Փաստերի ստուգման հարթակը (FIP) ուսումնասիրել է ռուսական «Առաջին ալիքի» «Մեծ խաղ» հաղորդման մայիսի 27-ի եթերն ու պարզել, որ հաղորդման հյուրը՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Հայաստանի մասին խոսելիս առնվազն 3 ակնհայտ սուտ տեղեկություններ է հնչեցրել։
Զատուլինը նշել է, թե «Փաշինյանը դավաճանել է Ղարաբաղում իր հայրենակիցներին, հրաժարվել է նրանցից, ըստ էության, դավաճանել նրանց, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայերը տեղահանվել են»։ Հայտարարել է, թե ՀՀ վարչապետը «իր հայտարարության մեջ նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկու երկիր օգնել են Ադրբեջանին ԼՂ-ի դեմ պատերազմում, ընդ որում՝ ասել է, որ այդ երկրների մայրաքաղաքները սկսվում են «Մ» տառով»։ Հաղորդման մյուս մասնակիցներն էլ լրացրել են միտքը՝ նշեով Մինսկ և Մոսկվա։
Անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին և հայտարարել թե «ՀՀ կառավարությունը դավաճանում է հենց Հայաստանի շահերը, հանձնում է տարածքներ, որոնք հայերը համարում են իրենցը»։
Փաստերի ստուգման հարթակը հերքել է խեղաթյուրված փաստերն ու արձանագրել, որ իրականում՝
- «2023-ի սեպտեմբերի 19-ին ռուսական խաղաղապահ առաքելությունը ադրբեջանական ագրեսիայի դեմ միայնակ է թողել հայ բնակչությանը և անհրաժեշտ պաշտպանություն չի իրականացրել։
- Փաշինյանը չի խոսել «Մ» տառով սկսվող մայրաքաղաքների մասին, հետևաբար՝ Մոսկվայի և նույնիսկ Մինսկի անուն չի հնչել։
- Հայաստանում սահմանազատումն իրականացվում է 1976 թ․ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով»։
Երևանը պատրաստ է ինչպես եթերազրկման, այնպես էլ համաձայնագրի միակողմանի խզման
Մեկ ամիս առաջ ռուսական հեռուստաալիքների փակման թեմային անդրադարձել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Շեշտել էր՝ հայկական կողմը կառուցողական է տրամադրված։
Մյուս կողմից չէր բացառել ՀՀ-ում ռուսական ալիքները եթերազրկելու հնարավորությունը, եթե Մոսկվայից չարձագանքեն երկկողմ համաձայնագրում փոփոխություններ անելու Երևանի առաջարկին։
Հայտնի է, որ հայկական կողմի առաջարկը ենթադրում է վերախմբագրել այդ համաձայնագիրն այնպես, որ խախտումների հայտնաբերման պարագայում հնարավոր լինի պատժամիջոցներ կիրառել։
«Ցանկանում ենք ուղղակի լուծել հարցը հիմնարար կերպով՝ փաստաթղթով, համաձայնագրի տեսքով, որպեսզի երբևէ մենք առիթ չունենանք սրան անդրադառնալու՝ ո՛չ դուք, ոչ՛ ես, ո՛չ մեր քաղաքացիներն իրենց էներգիան չվատնեն՝ այս թեմայի վրա ծախսելով»,- ասել էր Հայրապետյանը:
Ավելի վաղ նախարարը խորհրդարանում հայտարարել էր՝ եթե հայկական կողմի առաջարկները չընդունվեն, Հայաստանը կարող է դիտարկել նաև «համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»։
Թեման օրակարգում է մի քանի ամիս
Ռուսական հեռուստաալիքները եթերազրկելու հնարավորությունը ՀՀ-ում ակտիվորեն քննարկվում է դեռևս նախորդ տարվանից։ 2023 թ․-ի հոկետմբերին «Առաջին ալիքը» հեռարձակել էր «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման հերթական թողարկումը՝ նվիրված Հայաստանի վարչապետին։ Այն վերնագրված էր հետևյալ կերպ՝ «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը»։
Հաղորդման մեջ տեղ էին գտել մանիպուլյացիաներ, կեղծիքներ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին հնչել էին վիրավորական արտահայտություններ։ Պաշտոնական Երևանը դրանք «բացարձակապես անընդունելի» էր որակել։ Արտաքին գերատեսչություն էր կանչվել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։
Եթերազրկում այդպես էլ տեղի չէր ունեցել։ Երևանից ավելի ուշ հաղորդեցին, որ կողմերը խորհրդակցություն են անցկացրել, «ռուսական կողմն ընդունել է խախտումների փաստը»։
2024 թ․-ի փետրվարին երկու կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը խախտելու համար պաշտոնական Երևանը բողոքի նոտա էր հղել Մոսկվային։
Ի՞նչ նախադեպեր են եղել
2024 թ․-ի մարտի վերջին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը արգելափակեց հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում:
Նշվում էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայ-ռուսական համաձայնագրի հոդվածների շարունակական խախտումներ է արձանագրել։ Սոլովյովը մինչև անգամ պետականության կորստով էր սպառնացել Հայաստանին ու հայ ժողովրդին։
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող տոլերանտ լինել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումներին, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր պետության և ժողովրդի արժանապատվությունը»,- հայտարարել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախորդ տարվա դեկտեմբերին ՀՌՀ-ն որոշում էր կայացրել 30 օրով կասեցնել «Տոսպա» ընկերության արտոնագիրը, որը վերահեռարձակում է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի ծրագրերը։ Խախտումներ էին արձանագրվել ռադիոկայանի 5 թողարկումներում, այդ թվում՝ «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման մեջ։ Հաղորդման հեղինակ Տիգրան Քեոսայանը վիրավորական արտահայտություններ էր արել Հայաստանի ժողովրդի և երկրի ղեկավարի հասցեին, սպառնալիքներ և բռնության կոչեր հնչեցրել։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Ընդմիշտ պիտի փակվի ռուսական ամեն ինչ»։
«Ո՞վ է տվել իրավունք՝ իմ փոխարեն որոշում կայացնել և ինձ թելադրել, թե ինչ պետք է չնայեմ»։
«Վաղուց էր պետք»։
«Մի քանի օրով հասարակությանը խաբելու, զբաղեցնելու միջոց է»:
«Բոլոր ռուսականները պետք է փակել՝ լինի հեռուստաալիք, դպրոց, թե հիմնարկություն, բավ է»։
«Բայց էլի ինչ-որ կիսատ-պռատություն, բացատրություններ, թե բա փողը չեն վճարել։ Պարզ ասեք՝ դուք աշխատում եք Հայաստանի գոյության դեմ։ Խախտում եք միջպետական պայմանագիրը։
Եթե չեք ուզում, որ դադարեցվի, թույլ տվեք մենք էլ Երևանից մի հայկական, բայց ռուսալեզու ալիք սփռենք Ռուսաստանի տարածքով մեկ, օրուգիշեր փորձագետներ կանչենք, որոնք կքլնգեն Պուտինին, նրա վարած դավաճանական քաղաքականությունը Ռուսաստանի ու ռուս ժողովրդի նկատմամբ, նրա վարած պատերազմը, որը ողբերգություն է դարձել իր ժողովրդի ու պետության համար․․․ Հակառակ դեպքում՝ գնացեք ձեր նավի հասցեով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուսական «Առաջին ալիքի» սփռման դադարեցում