Ռոբոտները սովորել են մարդկանցից ավելի լավ կարդալ
Սթենֆորդի համալսարանի գիտնականները տեքստի ընթերցման և ընկալման հատուկ թեստ են անցկացրել: Դրա շրջանակում Alibaba չինական ընկերության ստեղծած արհեստական ինտելեկտը (ԱԻ) մրցում էր մարդու հետ: Ինչպես ցույց են տվել թեստի արդյունքները, ԱԻ-ին առաջին անգամ ցուցաբերել է տեքստը հասկանալու ավելի մեծ ունակություն:
Ավելի ուշ նման թեստ է անցել Microsoft-ի նեյրոնային ցանցը: Դրա արդյունքները նույնպես գերազանցել են մարդունը:
Ռոբոտներն աստիճանաբար աշխատանքային տեղեր են զբաղեցնում ամենատարբեր ոլորտներում: Դրանք արդեն փոխարինել են պահեստների շատ աշխատակիցների, իսկ ավտոմեքենայի ավտոպիլոտ տեխնոլոգիայի սրընթաց զարգացումը ոչ մի լավ բան չի կանխատեսում տաքսիների և բեռնատար մեքենաների վարորդներին:
Փորձեգետները կանխատեսում են, որ արհեստական ինտելեկտի համակարգերը շուտով մարդկանցից էլ ավելի շատ աշխատատեղեր կխլեն: Օրինակ, դրանք կարող են առցանց ռեժիմում խորհրդատվություն տրամադրել հիվանդներին, ինչը մի քանի անգամ կնվազեցներ հիվանդանոց գնալու անհրաժեշտությունը:
Արհեստական ինտելեկտի ոլորտում առաջատար լինելու մրցակցությունն արդեն միջազգային բնույթ է ձեռք բերել:
Վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է այդ հարցին: Նրա կարծիքով՝ երկիրը, որն առաջատար կլինի ԱԻ մշակման հարցում, կդառնա «աշխարհի տիրակալը»:
Կես տարի առաջ չինական իշխանությունները պլան են հրապարակել, որի համաձայն՝ մինչև 2030թ-ն իրենց երկիրը պետք է առաջատար դառնա ԱԻ մշակման հարցում: Դրա վրա նրանք պատրաստ են ծախսել 150 մլրդ դոլար մոտական մի քանի տարում:
Սակայն Microsoft-ի ներկայացուցիչ Էնդրյու Փիքափը հայտարարել է, որ «ԱԻ իսկական օգուտն արտահայտվում է, երբ այն օգտագործում են մարդու հնարավորությունների հետ ներդաշնակության պարագայում»: