«Հայաստանը Սպիտակ տանը չստացավ ոչինչ, միայն խնդիրներ»․ Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը TRIPP-ի և այլ հարցերի մասին
Հայաստանը Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերով ոչինչ չի ստացել` ի տարբերություն Ադրբեջանի և ԱՄՆ-ի։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նախկին նախագահը մինչև անգամ հայտարարել է, թե Սպիտակ տանը «Թրամփի ուղու» շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների համեմատ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը «երազանքի փաստաթուղթ» կարելի է անվանել, քանի որ այն «ենթադրում էր նաև Արցախի գոյություն»։
Քոչարյանն անդրադարձել է նաև ներքաղաքական հարցերի։ Հայտարարել է, որ իր թիմը մասնակցելու է 2026 թ․-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը զրոյական է գնահատել։
Այս ասուլիսի մասին նախօրեին հայտնել էր ՀՀ իշխանություններին մոտ կանգնած Civic.am-ը։ Ընդգծել էր՝ նախագահի գրասենյակը հրավեր է ուղարկել միայն «իր համար ցանկալի, ընտրված կամ սեփական» ԶԼՄ-ներին։ Լրատվամիջոցն ուշադրություն էր հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ասուլիսը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, ՀՀ հարցերով համակարգող Սերգեյ Կիրիենկոյի հետ Քոչարյանի հանդիպումից օրեր անց։ Կիրիենկոն Կրեմլի ճգնաժամային մենեջերներից է՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում, Մոլդովայում և Մերձդնեստրում փորձառությամբ։ Վերջերս նշանակվել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների պատասխանատու։
Արձագանքելով մամուլում տեղ գտած այս լուրերին՝ Քոչարյանն ասել է, որ ՌԴ-ում է եղել մեկ ամիս առաջ երկու օրով՝ շաբաթ-կիրակի։
«Մասնավոր անձնական հարցեր էին։ Վերադարձել եմ երկուշաբթի կեսօրին։ Եթե պաշտոնական հանդիպումների նպատակ ունենայի, երևի շաբաթվա այլ օրեր կընտրեի։ Բայց հասկանում եմ՝ երբ հայտնվում եմ Մոսկվայում, նման կարգի լուրեր տարածվում են»,- հայտարարել է նա։
Ասուլիսի կարևոր դրվագները՝ հակիրճ
- Ամերիկյա՞ն, թե՞ թուրքական առաջարկ․ փաստեր և կարծիքներ Մեղրին ԼՂ-ով փոխանակելու մասին
- «Նախկիններն ուզում են ցույց տալ, թե մենք էլ ենք իրենց պես թալանչի»․ Փաշինյան
- Ի՞նչ ապօրինի գույք ունի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
- «Ոտքի տակ կտամ ձեզ, ոչ թե կբանավիճեմ»․ Փաշինյանի ելույթն ու ընդդիմության արձագանքը
Ի՞նչ ստացան վաշինգտոնյան բանակցություններից Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը
«Ի՞նչ է ստացել Հայաստանը։ Այդ փաստաթղթերում փորձել եմ գտնել որևէ կոնկրետություն, մինչդեռ՝ զրո։ Միայն պրոբլեմներ։ Ի՞նչ է ստացել Փաշինյանը։ Ստացել է մեկ նկար Թրամփի ստորագրությամբ, իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին»,- ասել է Քոչարյանն ու եզրակացրել, թե «Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում»։
Նրա փոխանցմամբ՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերով ԱՄՆ-ն ստացել է «ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ ՀՀ սահմանի փաստացի վերհսկողության հնարավորություն, իսկ Դոնալդ Թրամփը՝ Նոբելյան մրցանակի ներկայացման հնարավորություն»։
Ադրբեջանն, ըստ նրա, ստացել է ՀՀ տարածքով, այսպես կոչված, «միջանցքի» հնարավորություն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, 907–րդ բանաձևի չեղարկում։
Այս օրենսդրական ակտը 1992թ․-ից արգելում է ԱՄՆ կառավարությանն Ադրբեջանին ուղղակի օգնության ցուցաբերել։ 2002 թվականից մինչ օրս ԱՄՆ բոլոր նախագահները հրամանագրեր են ստորագրել 907-րդ հոդվածը և դրանով նախատեսված սահմանափակումները մեկ տարով դադարեցնելու վերաբերյալ: Այն չի շրջանցվել միայն 2024 թվականին։ 2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում Թրամփը ստորագրել է 907-րդ բանաձևի ժամանակավոր շրջանցման հրամանագիր։
Պետք էր անել այնպես, որ դեկորացիայի դերում հայտնվեր Ալիևը
Երկրորդ նախագահը կարծում է՝ Հայաստանը կարող էր խնդրել, որ «Թրամփի ուղին» լիներ ոչ թե 42 կմ-ոց, այլ 4-5 անգամ ավելի երկար՝ մինչև Երասխ, ընդ որում՝ գործեր կողմերի համար նույն պայմաններով։ Վստահ է՝ այդ պարագայում ողջ ճանապարհի անխափան աշխատանքի պատասխանատվությունը կլիներ հենց Նահանգների վրա։
«Հե՞շտ էր սրան հասնել։ Այո, որովհետև ԱՄՆ շահն այստեղ ակնհայտ է։ Եվ այդ պարագայում Ալիևը ստիպված պետք է լիներ կամ հետաձգել, կամ մերժել։ Այս դեկորացիայի դերում կլիներ Իլհամ Ալիևը»,- նկատել է նա։
Քոչարյանի համոզմամբ՝ Փաշինյանը դա չի արել, քանի որ մտածում է ոչ թե ՀՀ-ի, այլ լուսանկարի մասին, որը կարելի է ակտիվորեն օգտագործել ներքաղաքական նպատակների համար․
«Ի դեպ, ես էլ նկար ունեմ Սպիտակ տանը Քլինթոնի հետ՝ ստորագրությամբ, բայց այդ նկարի դիմաց ոչ մի բան չեմ տվել»։
Ստեղծված իրավիճակից կա 2 ելք
Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ «Թրամփի ուղին» ունի տրանզիտային ներուժ, սակայն դրա նշանակությունը մի փոքր չափազանցված է։ Ըստ նրա՝ «Թրամփի ուղու» գործարկումն ԱՄՆ-ի հետ «չափազանց ռիսկային» որոշում է, հարևան Իրանում «երջանիկ չեն» այդ առիթով․
«Իրանը 7 սահման ունի տարբեր պետությունների հետ, և միայն Հայաստանի հետ սահմանին կհայտնվեն ամերիկացիներ։ Բա լավ, ամոթ չեք անո՞ւմ, Հայաստանի ամենագրավիչ կտորը հանձնել ԱՄՆ-ին, ստեղծել ռիսկեր Իրանի հետ հարաբերություններում, հեքիաթ պատմել 1 մլրդ դոլարանոց ծրագրի մասին, երբ դուք ունեք հնարավորություն՝ երկու-երեք տարում ուղղակի այդ ճանապարհը կառուցելու»։
Պաշտոնական Երևանը չի հայտարարել «Թրամփի ուղու» վերահսկողությունը որևէ երրորդ կողմի հանձնելու մասին։ Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ ստեղծվելու է հայ-ամերիկյան կոնսորցիում, որն էլ զբաղվելու է ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներով, բինես կառավարմամբ։ Հայկական կողմի պնդմամբ՝ ապաշրջափակվող ճանապարհներին սահմանային և մաքսային հսկողություն են իրականացնելու Հայաստանի համապատասխան մարմինները։
Քոչարյանը պնդում է` TRIPP նախագծի իրականացումը կարող է Հայաստանի համար ձեռնտու լինել իրադարձությունների զարգացման երկու տարբերակով։ Առաջարկում է կամ ընդլայնել ԱՄՆ-ի հետ իրականացվելիք նախագծերը, կամ հրաժեշտ տալ նրանց։ Միևնույն ժամանակ նկատում է՝ ընդլայնման տարբերակն Իլհամ Ալիևը կմերժի․
«Կարելի է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին և ասել՝ ճանապարհը մենք ինքներս կկառուցենք, այն նախկինի պես կկրի «Թրամփի ուղի» անվանումը, բայց դրա նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի Հայաստանի Հանրապետությունը»։
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք իշխանության գալու դեպքում Քոչարյանի գլխավորած ուժը կչեղարկի վաշինգտոնյան համաձայնությունները։ Նախկին նախագահը պատասխանել է՝ ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որի հետ կարելի է փաստաթուղթ ստորագրել, հետո ամիսներ անց չեղարկել․
«Դիվանագիտական ձև կա՝ ոչ թե ասել՝ մենք չենք ընդունում, այլ պրոյեկտը մեծացնել, ցույց տալ ԱՄՆ-ի հետաքրքրությունն ավելի մեծ պրոյեկտի մեջ, որտեղ ներառված են նաև մեր շահերը, որտեղ նվազում են ԱՄՆ հետ կապված ռիսկերը։ Իսկապես կարող է ստեղծվել մի վիճակ, երբ օրինակ՝ Երասխի կտորը չի կառուցվում Ադրբեջանի կողմից դեպի ՀՀ սահման։ Եվ ԱՄՆ-ն որևէ լծակ չունի պարտադրելու, որովհետև պայմանագրերով դա ֆիքսված չէ։ Թրամփն ընդամենը ասելու է՝ հիասթափված եմ Ալիևից»։
Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը հարցեր է առաջացնում
Երկրորդ նախագահի բնորոշմամբ՝ նախաստորագրումը տեխնիկական գործողություն է։ Ասում է՝ նախ կողմերը բանակցում են ինչ-որ փաստաթղթի շուրջ, համաձայնության գալիս, այնուհետև նախաստորագրում։ Ըստ նրա՝ հետագայում որևէ առիթի, օրինակ՝ պաշտոնական այցի ժամանակ երկրների ղեկավարները ստորագրում են նախաստորագրված փաստաթղթերը։
«Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության ղեկավարների մասնակցությամբ ինչ է նշանակում նախաստորագրել։ Եթե ամեն ինչ պայմանավորված է, ավելի լավ առիթ ստորագրելու համար այդ փաստաթղթերը չէր կարող լինել։ Սա իսկապես հարցեր է առաջացնում, այդ թվում՝ բովանդակային»,- նկատել է նա։
Փաշինյանի հռչակած խաղաղությունը կախված է Ալիևի տրամադրությունից
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատվել է։ Շեշտել է՝ խաղաղությունը, որի մասին խոսում է Փաշինյանը, իրականում զինադադար է՝ մեծապես կախված Ալիևի տրամադրությունից,
«Այդ փաստաթղթերում և որևէ տեղ չկան երաշխիքներ, չկան երաշխավորներ, չկան մեխանիզմներ, թե խախտելու դեպքում ինչ է լինում։ Ամբողջ այս հռչակված խաղաղությունը կախված է մեկ մարդու խղճից։ Այդ մարդը կարող է մի օր վատ երազ տեսնել, կարող է մի օր վատ բան կատարվել, կարող է մի օր այս խառնաշփոթ աշխարհում այս հարցը՝ «Զանգեզուրի» հարցը ևս լուծել»։
Երկրորդ նախագահը հայտարարել է՝ իրենք առաջարկում են խաղաղություն, որը կունենա վերահսկելի մեխանիզմներ․
«Կլինեն երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն պայմանագրերի կատարման համար, ոչ թե վկա կլինեն։ Միացյալ Նահանգների կողմից որևէ երաշխավոր չկա։ Դրա համար ուղղակի սա մի հնարք է հերթական անգամ մարդկանց խաբելու։ Անգլիական ասացվածք կա՝ եթե մեկը խաբել է քեզ մի անգամ, ամոթ այդ մարդուն, եթե քեզ խաբեց երկրորդ անգամ՝ ամոթ քեզ։ Ես չգիտեմ՝ քանի անգամ է կարելի խաբել հայ ժողովրդի մեծ մասին։ Սա հերթական փորձն է»։
Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն իմիտացիա է
Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ` Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը ռացիոնալ աշխարհաքաղաքականության հետ կապ չունի։ Ասում է՝ հիմքում տրամաբանութուն չկա, որը կարելի է վերլուծել։
Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին հայտարարությունները համարում է «իմիտացիա»․
«Ինչո՞ւ իմիտացիա, որովհետև դեկլարատիվ է, քանի որ ԵՄ անդամակցության համար շատ հստակ կանոնակարգ կա։ Հետաքրքիր է, չէ՞, որ ԱԳՆ-ում ստեղծվել է ԵՄ վերաինտեգրման վարչություն, բայց չկա ինտեգրում։ Հետևաբար, ռացիոնալ բացատրություն այդ քայլերին չեմ տեսնում։ ԵՄ անդամակցություն չի երևում։ Դա ցանկություն և իմիտացիա է, բայց ՌԴ-ից դու արդեն ցանկանում ես հեռանալ»։
Քոչարյանի քաղաքական ուժն ընտրություններին մասնակցելու է, Փաշինյանը չի վերընտրվելու
Նախկին նախագահն ասել է, որ իր թիմը մասնակցելու է 2026 թ․-ի խորհրդարանական ընտրություններին։ Տարօրինակ է որակել հայտարարությունները, թե նախկին նախագահները չպետք է մասնակցեն քաղաքական գործընթացներին։ Նաև նշել է՝ պարտադիր չէ, որ թիմն անձամբ ինքը գլխավորի․
«Եթե մեր թիմի մեջ հայտնվի մեկը, որն ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Դա սկզբունքային հարց չէ, այլ քաղաքական դաշտի, հանրային կարծիքի հետազոտման հարց է»։
Կարծում է՝ 2021 թ․-ի ընտրությունները ցույց տվեցին, որ ինքն ինչ–որ չափով ունի ազդեցություն մի զանգվածի վրա, կա կոնսոլիդացման հնարավորություն։
«Բավարա՞ր է իմ մասնակցության ձայները։ Ո՛չ, բավարար չէ։ Կուզենայի՞նք, որ այլ ուժեր լինեին, որոնց հետ մեր համագործակցությունը կբերեր իրավիճակի փոփոխության։ Այո՛, կցանկանանք, որի մասին շատ պարզ ու հասկանալի ձևով արտահայտվում ենք»,- նկատել է նա։
Քոչարյանի գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքում Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը «ձգտում է զրոյի»։
Պնդել է, որ հիմնվում է սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա։ Նկատել է նաև՝ Փաշինյանն ընտրությունների է գնալու խաղաղության թեզով, իսկ «խաղաղություն, ըստ էության, չկա»։
«Ինչո՞վ պիտի գնա, ժողովրդավարությունի՞ց ինքը պետք է խոսի, որ երկու սրբազան է բանտարկում, ինչպես նաև Սամվել Կարապետյանին և տարբեր համայնքապետների»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը TRIPP-ի և այլ հարցերի մասին