ՌԴ քաղաքացիները ՀՀ-ում լրտեսությամբ են զբաղվել․ մանրամասներ
ՌԴ քաղաքացիների լրտեսություն ՀՀ-ում
Ամենայն հայոց կաթողիկոսի՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին երկրում ակտիվացել են գործակալների ու լրտեսությունների թեմայի քննարկումները։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 թ․-ի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի դատարաններում լրտեսության վերաբերյալ շուրջ 2 տասնյակ գործ կա։
Անդրադառնալով գործերից մի քանիսին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի եթերում նկատել է՝ ՀՀ իրավապահները գործի նյութերում չեն նշում, թե որ երկրի հատուկ ծառայությունների կողմից են հավաքագրվել լրտեսություն իրականացրած անձինք։
Հիշեցնում է՝ կաթողիկոսի մասին խոսելիս էլ Փաշինյանը նույնպես կոնկրետ երկրի անուն չհնչեցրեց, միայն ասաց, որ իրեն պետք է կաթողիկոս, որն «ամենօրյա ռեժիմով չի զեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին»։
«Ո՞ր երկրի ավագ լեյտենանտի՝ Լաոսի՞, Գամբիայի՞ ավագ լեյտենանտի։ Բոլորս հասկանում ենք՝ ում մասին է խոսքը, բայց իշխանություններն ուրիշ բան չեն ասում»,- նշել է քաղհասարակության ներկայացուցիչը։
Կարծում է՝ Ռուսաստանի անունը տալ չեն ուզում, որպեսզի երկկողմ հարաբերություններում խնդիրները չխորանան և հավելում՝ Հայաստանի իշխանությունների կողմից հակազդումն ավելի շատ քաղաքական դաշտում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա ազդեցության գործակալ լինելու մեջ է մեղադրել նաև կաթողիկոսի եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին իշխանությունների հետ փոխկապակցված civic.am կայքը հրապարակել է փաստաթղթի պատճեն, ըստ որի՝ Ներսիսյանը համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի՝ ԿԳԲ-ի հետ, ունեցել է ծածկանուն՝ «Կարո»։ Մայր Աթոռը դեռ չի մեկնաբանել հրապարակված տեղեկությունները։
- «Որոշել ենք դուրս գալ «գրպանից» և լինել անկախ պետություն». Փաշինյան
- «Անհեթեթություն է»․ Փաշինյանը՝ հօգուտ ուկրաինականի ռուսական հացահատիկից հրաժարվելու մասին
- «ՀԱՊԿ-ի համար Ադրբեջանը միշտ եղել է նույնքան եղբայրական պետություն, որքան ՀՀ-ն»․ Փաշինյան
100 հազարական ռուբլի՝ ի վնաս Հայաստանի գործողությունների համար
Դատարանում գտնվող լրտեսության գործերից մեկով անցնում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վիկտոր Տիխոմիրովը և ինքնությունը չպարզված այլ անձինք։ Factor TV-ն գործից մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ այս անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են։ Հայտնի է, որ նրանք 100․000-ական ռուբլու դիմաց ի վնաս Հայաստանի գործողություններ են կատարել։
Մասնավորապես՝ Տիխոմիրովը ներգրավվել է ևս 2 անձի՝ Դանիիլ Սեմենյուկին և Արտյոմ Մախմուտովին, որոնք Մոսկվայում օտարերկրյա հատուկ ծառայություններից առաջադրանք են ստացել․
«Նախապես տրամադրված կոորդինատներով գնացել են Հայաստանում գտնվող տարբեր վայրեր, տեսալուսանկարահանել են պատմամշակութային կոթողները, գյուղերը, փողոցները, այնտեղ գտնվող մահմեդական, ադրբեջանական և հին հայկական գերեզմանաքարերը»։
Մեղադրանքի համաձայն՝ այդ նկարները Տիխոմիրովին փոխանցել են «Յանդեքս» ամպային ծառայության միջոցով, իսկ երբ վերադարձել են Մոսկվա, դրանք փոխանցել են օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին։
«Հավաքագրված տվյալներն օգտագործվել են ի վնաս Հայաստանի ինքնիշխանության և արտաքին անվտանգության իսկ լուսանկարված վայրերը ներկայացվել են որպես ադրբեջանական»,— ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ առաջին հանձնարարությունը կատարելուց հետո Արտյոմ Մախմուտովին և Դանիիլ Սեմենյուկին երկրորդն է տրվել։ Նրանք վերադարձել են Հայաստան, սակայն այս անգամ հայտնաբերվել և ձերբակալվել են Ազգային անվտանգության ծառայության կողմից։
Փորձագիտական կարծիք
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ի վնաս ՀՀ իրականացված գործողությունների մի մասը կարելի է դիտարկել տեղեկատվական պատերազմի համատեքստում, մյուս մասը՝ ռազմական հետախուզության։
«Եթե օտարերկրյա գործակալը տեղեկություններ է հավաքում և օտար պետությանը փոխանցում, օրինակ՝ զինված ուժերի «X» ստորաբաժանման սպառազինության կամ կոորդինատների, ծառայության գրաֆիկի մասին, դա հիբրիդային չէ, ռազմական հետախուզություն է։ Եթե տեղեկություններ է հավաքում, որոնք հետո օգտագործվում են քաղաքական, մեդիա դաշտում, դա հիբրիդային հարձակման կոնտեքստում է»,- պարզաբանել է Իոաննիսյանը։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ իրավապահները գործի նյութերում չեն նշել, թե որ երկրի հատուկ ծառայությունների կողմից են հավաքագրվել Ռուասատանի քաղաքացիները։ Ընդ որում, սա առաջին նման դեպքը չէ։
Factor TV-ի փոխանցմամբ՝ լրտեսության վերաբերյալ հասանելի մյուս գործերում ևս նշված չէ՝ որ երկրների հատուկ ծառայություններն են գործել ընդդեմ Հայաստանի։
Քաղհասարակության ներկայացուցչի խոսքով՝ ուղիղ գնահատականներից խուսափում է նաև ՀՀ քաղաքական վերնախավը։
«Ես էական խնդիր եմ համարում, որ իշխանությունները դա չեն ասում։ Իրենք չեն ասում նաև, թե որն է մոտիվացիան ՀՀ դեմ հիբրիդային հարձակումներ իրականացնելու։ Չես կարող ասել, թե որն է հիբրիդային հարձակումների մոտիվացիան՝ չասելով, թե ով է այն իրականացնում»,- ամփոփել է Իոաննիսյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՌԴ քաղաքացիների լրտեսություն ՀՀ-ում