«ՌԴ-ն փորձում է տասնյակ հազարավոր ընտրողներ ուղարկել Հայաստան»․ քննարկումներ Երևանում
ՌԴ-ն փորձում է ընտրողներ ուղարկել Հայաստան
Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը, ըստ որի՝ 2026 թ․-ի հունիսին կայանալիք ընտրություններին միջամտելու նպատակով այլ երկրում բնակվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրման փորձեր են արվում։
Թե որ երկրի մասին է խոսքը՝ ծառայությունը չի մանրամասնել։ Ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին են հարցրել՝ ինչո՞ւ մատնանշված չէ կոնկրետ երկրի անուն։
«Դա ինֆորմացիայի ծավալի և նպատակահարմարության հարց է։ Կարծում եմ՝ հետագայում ավելի մանրամասն պարզաբանումներ, ըստ անհրաժեշտության, կլինեն»,- հայտարարել է նա։
Փաշինյանի փոխանցմամբ՝ այդ գործողություններին պետք է տրվի իրավական գնահատական։ Վարչապետը հայտնել է նաև իր դիրքորոշումը։
«Քաղաքական առումով ես արդեն ասել եմ, որ իմ համոզմունքն է, և ես դրանում չեմ կասկածում, որ եթե այդպիսի իրավիճակ [նկատի ունի ՌԴ-ում ապրող հայերի մասնակցությունն ընտրություններին] լինի, տեսականորեն ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների, մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին։ Ես այդտեղ որևէ կասկած չունեմ»,- պնդել է վարչապետը՝ ակնարկելով, որ երկիրը, որի մասին խոսվում է ԱՀԾ հաղորդագրությունում, Ռուսաստանն է։
Սլաքները դեպի Մոսկվա են ուղղում նաև Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները։ «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարել է՝ Ռուսաստանի կողմից կազմակերպվող այս գործընթացի վերաբերյալ ավելի շուտ են տեղեկացել, սկսել ապացույցներ հավաքել։ Խնդրի մասին որոշել են բարձրաձայնել միայն հիմա, երբ այն արդեն հրապարակային քննարկվում է։
Իոաննիսյանի փոխանցմամբ՝ ՌԴ-ից նախատեսվում է ՀՀ բերել շուրջ 80 հազար ընտրող՝ յուրաքանչյուրին խոստանալով 100 հազար ռուբլի ընտրակաշառք։
ԱՀԾ-ն և Հայաստանի իրավապահ մարմինները չեն հայտնել՝ որ քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար է քաղաքացիներին բաժանվելլու այդ ընտրակաշառքը։ Իշխող ուժի ներկայացուցիչները, սակայն, ակնարկել են, որ խոսքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին է, որն առաջնորդում է ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը։ Կարապետյանը ՀՀ-ում տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար։ Նա հավակնում է վարչապետի պաշտոնին, սակայն կա սահմանադրական արգելք՝ միայն Հայաստանի քաղաքացի չէ։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները, մեկնաբանություն
- «Նպատակը Հայաստանը ՌԴ ֆորպոստի վերածելն է»․ Սամվել Կարապետյանը՝ վարչապետի թեկնածու
- ՌԴ մտադրությունները Հարավային Կովկասում․ ի՞նչ սպասել Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո
- «Պետք է այնպես անել, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հեռանա ՀՀ-ից»․ կարծիք
Ի՞նչ է հայտարարել ԱՀԾ-ն
«Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»,- մարտի 10-ին հայտարարել էր ծառայությունը։
ԱՀԾ փոխանցմամբ՝ այդ գործողությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում «տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։
«Հնարավոր հանցավոր դրսևորումները կչեզոքացվեն»․ իրավապահ մարմինների արձագանքը
«Ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։ Կոչ ենք անում լինել զգոն, իսկ նմանատիպ դեպքերի մասին տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես դիմել ՆԳՆ Ոստիկանություն»,- ԱՀԾ հաղորդագրությունից կարճ ժամանակ անց հայտարարել է ոստիկանությունը։
Կառույցն իրականացրել է «ստուգողական գործողություններ», այնուհետև առերևույթ հանցանքի մասին հաղորդում փոխանցել ՀՀ քննչական կոմիտե։
Հաղորդումը ներկայացվել է, մասնավորապես՝ նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեից արդեն իսկ հայտնել են, որ փաստական տվյալներ են ձեռք բերել առ այն, որ ՀՀ որոշ կուսակցությունների ղեկավարների, պատասխանատուների կամ այլ դերակատարների կողմից «նյութապես շահագրգռելու եղանակով խոչընդոտվում է անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը»։
«Այլ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ, այդ թվում՝ այլ երկրի խոշոր գործարարներ, հայկական համայնքի ղեկավար անձինք, քրեական հեղինակություններ, ճնշում են գործադրում հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու այլ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած՝ կուսակցությունների ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։
Այդ գործողությունների դիմաց, ըստ ՔԿ-ի, մարդկանց խոստանում են կազմակերպել այլ երկրից Հայաստան տեղափոխելու գործընթացը, փոխհատուցել ճանապարհածախսն ու հոգալ ՀՀ-ում գտնվելու կացության ծախսերը։ Դեպքի առթիվ կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կենսագործելու ուղղությամբ»,- նշել են կառույցից։
Կոմիտեից նաև զգուշացրել են՝ օրենքով թույլատրված ողջ գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ՝ «չեզոքացնելու հնարավոր հանցավոր դրսևորումները»։
«Ռուսական ФСБ-ն ճնշում է գործադրում հայ գործարարների վրա»․ Դանիել Իոաննիսյան
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է՝ ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ընդդեմ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ)։
Պնդում է՝ ФСБ-ն ճնշում է գործադրում հայ գործարարների վրա՝ ստիպելով, որ ֆինանսապես աջակցեն Ռուսաստանում բնակվող, բայց ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների մոբիլիզացիայի և նրանց Հայաստան տեղափոխելու հարցերում։ Իոաննիսյանի համոզմամբ՝ նպատակը ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելն է․
«Մեր ունեցած տեղեկություններով՝ կոնկրետ ուժի հաղթանակի վրա են իրենք աշխատում: Դրա ապացույցները ձեռք բերելուն պես անպայման կհրապարակենք»։
«Ազատության» հետ զրույցում քաղհասարակության ներկայացուցիչը նշել է, որ միայն Ռուսաստանից մոտ 80 հազար մարդու տեղափոխման մասին է խոսքը, յուրաքանչյուրին խոստանալու են 100 հազար ռուբլի ընտրակաշառք։
Ասում է՝ քաղաքացիների մի մասին պլանավորում են ՀՀ բերել ցամաքային ճանապարհով։ Ըստ Իոաննիսյանի՝ ավտոբուսային մի շարք ընկերություններում մայիսի վերջի և հունիսի սկզբի համար արդեն ավտոբուսներն ամրագրված են։ Խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 7-ին։
Դանիել Իոաննիսյանը 1inTV-ի հետ զրույցում էլ հայտարարել է, որ արձանագրել են նաև ճնշումներ վրացահայերի նկատմամբ, որոնք երկքաղաքացի են։ Ըստ նրա՝ ի տարբերություն Ռուսաստանի, Վրաստանի կառավարությունը ներգրավված չէ այդ գործընթացում։ Շեշտում է՝ Վրաստանում բնակվող հայերի վրա ճնշում են գործադրում «քրեական տարրերը» և կրկին ՌԴ-ն՝ իր երկրի տարածքում աշխատող վրացահայերին սպառնալով եկամտի աղբյուրի կորստով։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ընդգծել է․
«Սովորաբար հետախուզությունները հանդես են գալիս քաղաքական իշխանության որոշմամբ, առանց դրա հրապարակային հայտարարություն ուղղակի չէր լինի։
Այս հայտարարությունն այն մասին է, որ Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Հայաստանին՝ որպես ինքնիշխան պետության և ժողովրդավարության։
Եվ, ըստ էության, ՌԴ բազմահազարանոց հայությանը փորձում է որպես գործիք օգտագործել՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Այս ամենն ուղղակի պահանջում է կոշտ գործողություններ պետության կողմից։ Պետությունը պետք է ընդունի այս մարտահրավերը։ Միայն նախազգուշացումը բավարար չէ։ Այս պատերազմում մենք պետք է ուղղակի սպանենք այդ ոտնձգությունները բնում։ Հակառակ դեպքում նրանք գալիս են սպանելու մեր պետությունը։
Իսկ այն խեղճուկրակ գործարարներին, ովքեր պատերազմի [ռուս-ուկրաինական] հինգերորդ տարում համարում են, որ ՌԴ-ում իրենց ապրելն ու աշխատելը պրոբլեմի լուծում է, նրանք սխալվում են․ դա պրոբլեմ է։ Կոչս մեկն է՝ սպանեք Ռուսաստանը ձեր մեջ և վերադարձեք Հայաստան։ Ձեզ համար ՌԴ-ն վերջացել է, եթե ձեզ օգտագործում է ձեր պետության դեմ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՌԴ-ն փորձում է ընտրողներ ուղարկել Հայաստան