«Ռուսաստանի հետ խորհրդակցությունները սկսվել են»․ Հայաստանի վարչապետի խորհրդականը՝ դաշնակցի ռազմական օգնության մասին
Հայաստանի վարչապետի նամակը Ռուսաստանի նախագահին՝ ռազմական օգնություն ցուցաբերելու շուրջ խորհրդացություններ անցկացնելու խնդրանքով, քննարկվում է հայկական մեդիայում և սոցցանցերում հոկտեմբերի 31-ից՝ դրա մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո։
Նիկոլ Փաշինյանը Պուտինին էր դիմել ռազմական գործողությունները Հայաստանի սահմանին մոտենալու պատճառով։ Ռուսական ԱԳՆ-ն պատասխանել էր, որ, 1997 թ-ի դաշնակցային պայմանագրի համաձայն, Ռուսաստանը կօգնի, եթե մարտերն ընթանան Հայաստանի տարածքում։
Սա հայ հասարակությունում հարցեր է առաջացրել․ արդյո՞ք չի ուշանա օգնությունն, արդյո՞ք Ռուսաստանը նման կերպ չի հրաժարվում կատարել իր պարտավորությունները։
Ի վերջո, Հայաստանի վարչապետի գլխավոր օգնական, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ գործընթացը սկսված է, արդեն մեկնարկած բանակցությունների արդյունքում կսահմանվի Ռուսաստանի միջամտության չափը և բոլոր այլ դետալները։
Ռուսաստանի օգնության անհրաժեշտության մասին
Վարչապետի խորհրդականը կարծում է, որ ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի օգնությանը դիմելը Հայաստանի իրավունքն է․
«Ես հարց եմ տալիս՝ եթե մեր դեմ կռվում են Թուրքիան՝ Ադրբեջանի հետ միասին, և այլ պետություններ, միջազգային ահաբեկիչները, ակնհայտ չէ՞, որ մենք պետք է դիմենք այն կառույցին, որի անդամ ենք»։
ՀԱՊԿ ռազմական դաշինքի մասին
Վաղարակ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանն ուղիղ դիմել Ռուսաստանին, այլ ոչ թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որի անդամ է։ Բանն այն է, որ այդ ռազմական դաշինքում, որը գործում է Ռուսաստանի առաջնորդությամբ, կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն հենց հայ-ռուսական խմբավորման կողմից․
«Դրա համար մենք ուղիղ դիմել ենք Ռուսաստանին, որը, ըստ երկկողմ պայմանագրի, ունի նույն պարտավորությունները, ինչ ՀԱՊԿ-ը: Հայաստանի վարչապետն ասել է, որ մենք բոլոր միջոցներին կդիմենք, որպեսզի ապահովենք մեր անվտանգությունը նաև ՀԱՊԿ-ում: Այնպես որ, մեկը մյուսին չի բացառում»։
Ի՞նչ է արդեն արվում
Ըստ Հարությունյանի՝ Ռուսաստանն արդեն միջամտել է։ Ռուսական զորքը կանգնած է Երասխում, Լաչինի միջանցքի մոտ գտնվող հայկական գյուղում, որը գտնվում է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին․
«Այսինքն՝ արդեն գործում է այդ պայմանագիրը: Հիմա, ըստ պայամանգրի, կանցկացվեն խորհրդակցություններ, և կորոշվեն միջամտության չափը, տեսակը և անհրաժեշտությունը։ Նոր չէ, որ ռուսական կողմը պիտի իրականացնի գործողություններ, նա արդեն իրականացրել է»։
Թուրքական գործոնի մասին
Վաղարշակ Հարությունյանի կարծիքով՝ Ադրբեջանը և Թուրքիան նպատակ են դրել հասնել Հայաստանի հարավային սահման՝ Մեղրի և Քարվաճառ, շրջափակել Արցախը․
«Սա, առաջին հերթին, Թուրքիայի պատերազմն է՝ Օսմանյան կայսրության վերականգնման հեռահար նպատակով: Ունենալ ցամաքային կապ Նախիջևանից Ադրբեջան. դա Թուրքիայի գաղափարախոսության իրականացման միակ ճանապարհն է: 20 տարի է՝ ես դրա մասին խոսում եմ, այդ ծրագիրը եղել է, կա ու կլինի»։
Ինչո՞ւ է պատերազմը շարունակվում
Վարչապետի խորհրդականը պատասխանել է այն հարցին, թե ինչու Ռուսաստանն ու մյուս միջնորդները չեն կարողանում կանգնեցնել պատերազմը․
«Պատճառը մեկն է. պատերազմները չեն կանգնում հեռախոսազանգերով, այլ՝ գործողություններով, առաջին հերթին՝ մարտի դաշտում: Մենք պետք է լինենք հզոր, պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի»։