«Բաքուն նոր զիջումներ է պարտադրում»․ հայ վերլուծաբան
Ռազմական գործողություն Ներքին Հանդում
Վաղ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտոնական Երևանը հայտնել է 4 զոհի և 1 վիրավորի մասին։
Բաքվից հայտարարում են, թե իրականացրել են «Հատուցում» գործողությունը, իբր, նախօրեին Կապան-Զանգելան (Կովսական) հատվածում հայկական կողմից հնչած կրակոցներին ի պատասխան։ Հայ պաշտոնյաները պնդում են՝ «պատրաստ են եղել հարձակման և պարզապես պատճառ են փնտրել»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է ապավինել ուժի գործոնին, փորձում է Հայաստանից քաղաքական զիջումներ ստանալ, ընդ որում՝ ոչ միայն խաղաղության պայմանագրին առնչվող։ Չի բացառել նաև, որ հնարավորության դեպքում Բաքուն կփորձի ռազմական ճանապարհով լուծել «ինչ-որ դիրքեր, տարածքներ վերցնելու կոնկրետ խնդիրներ»։
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան (Կովսական) հատվածում փետրվարի 12-ին հայ դիրքապահները կրակ են բացել, ինչի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել։ Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանությունն արձագանքել էր՝ նշելով, որ այդ տեղեկությունը հետաքննվում է. «Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»։
Ավելի ուշ, Ադրբեջանի ՊՆ-ն նոր հաղորդագրություն էր հրապարակել՝ նշելով, թե, իբր, փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Երևանը հերքել էր այն՝ շեշտելով, որ լուրը «չի համապատասխանում իրականությանը»։
«Սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ»
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած։ Կրակը դադարել է ժամը 09:30-ի դրությամբ։
Սկզբում հաղորդվում էր 2 զոհի և վիրավորների մասին՝ առանց նրանց թիվը հստակեցնելու։ Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորի վիճակը միջին ծանրության է, «կյանքին վտանգ չի սպառնում»։
Հայաստանի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել է որպես «Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանք»:
Հիշեցնելով նախօրեին Բաքվի տարածած տեղեկություններն ու դրանից հետո «ագրեսիվ գործողությունների» իրականացումը՝ նախարարությունը շեշտել է․
«Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ։ […] Խստորեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ»։
Զոհերն ու վիրավորները զորակոչիկներ չեն
«Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ զոհերը 40-67 տարեկան են, բոլորն էլ «Երկրապահ կամավորականների միության» անդամներ։
«Կամավորականները որոշակի դիրքապահ ծառայություն են իրականացրել, ինչ-որ իրավիճակ է առաջացել, որտեղ տեղի են ունեցել կրակոցներ, որի արդյունքը զոհեր և վիրավոր ունենալն է: Իսկ ինչքանո՞վ է կրակոցն անհրաժեշտ եղել, թե ոչ, ծառայողական քննությունը կտա հարցի պատասխանը»,- մանրամասնել է Քոչարյանը։
«Խոցվել են ՀՀ ինքնիշխան տարածքից»
Հայաստանի նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը հայտնել է, որ այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են Հայաստանի տարածքից՝ այն վայրերից, որտեղ ներխուժել են ադրբեջանական ուժերը։
«Ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն Հայաստանի որևէ բնակավայրի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին անօրինական է, հանցավոր։ Առավել ևս, այստեղ խոսքը Հայաստան ներխուժած զինված ծառայողների մասին է»,- հայտարարել է նա։
Թաթոյանը շեշտել է՝ ադրբեջանական կողմը «սանձարձակ պահվածք» է ցույց տալիս, առաջ է բերում «խաղաղության կեղծ հայտարություններ՝ միաժամանակ խորացնելով հայատյացությունն ու թշնամանքը»։
«Հանցավոր արարքների շղթան պետք է դադարեցվի»
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի իր էջում գրել է՝ «ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր «ավանդական» հանցավոր, ագրեսիվ պահվածքից»։ Նկատել է՝ Բաքուն տարածում է «անվերահսկելի, միակողմանի, կեղծ լուրեր», իսկ հետո պատրաստի գործողություն իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքում․
«Սկզբում Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմից հրաձգություն է եղել, կարծես վիրավոր է եղել, հետո հայկական կողմը հայտարարում է, որ հետաքննելու է միջադեպը, իսկ ադրբեջանական կողմը հարձակվում, սպանում և վիրավորում է մարդկանց ՝ չսպասելով որևէ հետաքննության՝ դրանով իսկ ցույց տալով, որ նրանք պատրաստ են եղել հարձակման և պարզապես պատճառ են փնտրել»։
Մարուքյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր արարքների այս շղթան պետք է դադարեցվի․
«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացված նողկալի, չհրահրված գործողությունների այս շղթան և կոչ անի Ադրբեջանին` դուրս բերել իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 215 քառակուսի կիլոմետրից, ինչը փաստացի ագրեսիա և սադրանք է Հայաստանի դեմ»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը փորձում է ուժի կիրառման սպառնալիքով Երևանին պարտադրել քաղաքական զիջումներ, դրանք ամրագրել քաղաքական օրակարգում և այնուհետև դարձնել «երրորդ կողմերի հետ սակարկության, առևտրի առարկա»․
«Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված միջազգային իրավիճակից և առավելագույնն անել իր ուժային առավելությունը քաղաքական կապիտալիզացիայի ենթարկելու համար՝ կամ անմիջական ռազմական գործողությունների միջոցով կամ դրանց սպառնալիքի միջոցով ճնշման ենթարկելով Հայաստանին»։
JAMnews-ի հետ զրույցում Բադալյանն ասել է՝ այդ զիջումները հետագայում Բաքվի դիրքերը շատ ավելի ամուր կդարձնեն քաղաքական քննարկումներում ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ խաղացողների, որոնք Կովկասում հետապնդում են տարբեր նշանակության էական շահեր։
Նրա գնահատմամբ՝ զիջումները կապված չեն միայն խաղաղության պայմանագրի դրույթների հետ։
«Կապված են այն օրակարգի հետ՝ անմիջականորեն, թե անուղղակի, որ կա Կովկասի վերաբերյալ, օրակարգ, որի առանցքներից մեկը հայ-ադրբեջանական կոնֆլիկտն է»,- պարզաբանել է նա։
Վերլուծաբանի համոզմամբ՝ դադարներին խաբվել պետք չէ, դրանք լարված իրավիճակի կամ ռեժիմի էական փոփոխություն չեն ենթադրում։ Հիշեցնում է՝ տևական ժամանակ գրեթե ոչ մի կրակոց չէր հնչում նաև 44-օրյա պատերազմից առաջ։
Անդրադառնալով Ներքին Հանդում տեղի ունեցածին և միջազգային հանրության հնարավոր արձագանքին՝ նկատել է՝ Բաքվին կառավարելն ու զսպելը բարդ խնդիր է, քանի որ «տարբեր կենտրոններ տարբեր անհրաժեշտություններ ունեն Ադրբեջանի հետ կապված, և Ալիևը օգտվում է դրանից»։
Շեշտել է՝ նույն միջազգային հանրությունն է բանակցային սեղանի շուրջ Հայաստանին և Ադրբեջանին թողել դեմ-դիմաց՝ խուսափելով պատասխանատվությունից։ Ըստ Բադալյանի՝ միջազգային հանրությունը փորձում է առավելագույնս հեռու մնալ նաև հնարավոր լարվածության համար պատասխանատվությունից, ուստի «պատրանքներ ունենալ պետք չէ»։
«Այս պայմաններում մտածել, որ կա միջազգային հանրություն, որն ի վիճակի է ինչ-որ բանի գնահատական տալ և սաստել Ադրբեջանին, կլինի ծայրահեղ միամտություն»,- ամփոփել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռազմական գործողություն Ներքին Հանդում