Ռազմական գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Միջամտելու կոչ Ռուսաստանին
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները հաղորդում են սահմանային իրավիճակի լուրջ սրման մասին։ Մնացած առումներով ռազմական գերատեսչությունների հաղորդագրություններն ու գնահատականները տարբերվում են։ Կողմերը սրացման համար պատասխանատվությունը միմյանց վրա են դնում։
Իրավիճակի բոլոր մանրամասներն այս պահին՝ կոնֆլիկտի երկու կողմերից։
- Հայաստանի սահմանին լարված իրավիճակ է, պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից։ Ի՞նչ է կատարվում
- Հայաստանից Ստեփանակերտ տանող ճանապարհը կրկին բաց է նռնակի հետ կապված միջադեպից հետո
- «Հայաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել թշնամանքի մթնոլորտի հաղթահարման համար»․ ԱԳՆ հայտարարությունը
Տեղեկություններ Երևանից
Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը
Պաշտոնական Երևանը Մոսկվային է դիմել՝ 1997 թ-ի երկկողմանի պայմանագրի համաձայն Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու կոչով։ Այս մասին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է Հանրային հեռուստատեսության եթերում։
Նա հայտարարել է, որ Հայաստանի Անվտանգության խորհուրդն իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ՀԱՊԿ ռազմական դաշինքի, որի անդամ է, և ողջ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի ԶՈւ շարունակական ագրեսիվ գործողությունների վրա։ Հայկական կողմն ընդգծում է, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։
Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ «նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով»։
Այնուհետև գերատեսչությունը հաղորդել է, որ ժամը 14:30-ի դրությամբ իրավիճակը սահմանի արևելյան ուղղությամբ էլ ավելի է սրվել, տեղային մարտեր են ընթանում, «հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ»։ ՊՆ հաղորդագրությունում կրկին նշվել է, որ հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։
Ժամը 15.00-ի դրությամբ հայկական կողմը հաղորդում է չորս վիրավորների մասին, զոհվածների մասին տվյալները ճշտվում են։ ՊՆ հաղորդագրությունում ասվում է նաև, որ այդ պահի դրությամբ իրադրությունն արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ:
Ավելի ուշ հայտարարվեց, որ հայկակն կողմն ունի 15 զոհ, 12 զինծառահող գերեվարվել է՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային։
ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների․
«Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ։
Այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության դեմ այն տարածքներից, որն ադրբեջանական կողմին է անցել այդ հայտարարության իրականացման արդյունքում։
Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ»։
Քաղաքացիական հանրության պահանջը
Հայաստանի մի շարք հեղինակավոր կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել, որում պահանջում են, որ երկրի իշխանությունն ուղղակիորեն դիմի ՄԱԿ Անվտանգության խորհրդին։
Նրանք կարծում են, որ վարչապետն ու ԱԳ նախարարը պետք է հաղորդեն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման փորձերի մասին․
«2021թ. նոյեմբերի 11-ից սկսել է էսկալացիայի հերթական փուլ: Մինչ Հայաստանի իշխանությունները դանդաղում են միջազգային կառույցներին դիմելու և միջազգային չափանիշների հիման վրա սահմանազատման և սահմանանշման գործընթացներ նախաձեռնելու գործում, Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել Հայաստանի սահմանային տարածքի առանձին հատվածներ […]։
Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակահարմար չի համարում միջամտելը, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերները առավել գերադասում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանումը ՀԱՊԿ-ի շրջանակում վերցրած իրենց պարտավորությունների կատարումից։
Ստեղծված ճակատագրական իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանների և քաղաքացիների անվտանգության ապահովման անմիջական և առաջնային պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են, որոնք պարտավոր են արագ և վճռական գործել՝ կանխելու ՀՀ քաղաքացիների մարդու իրավունքների խախտումները և նրանց անվտանգության սպառնալիքները»։
Հայտարարությամբ հանդես են եկել Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և ևս 14 կազմակերպություն, այդ թվում՝ լրագրողական։
Իրավիճակը սրվել է նոյեմբերի 14-ից, երբ ադրբեջանական ԶՈւ-ն ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից։ Սրա հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրք։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայողներն ու զրահատեխնիկան դուրս են բերվել Հայաստանի տարածքից։ Սակայն հայկական ստորաբաժանումները նույնպես լքել են իրենց չորս դիրքերը։
Այնուհետև պաշտոնանկ է արվել Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, նոր նախարար է նշանակվել մինչ այդ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը։
Տեղեկություններ Բաքվից
Լրջորեն սրվել է իրավիճակն Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն երեք անգամ նոյեմբերի 16-ին հանդես է եկել շտապ պաշտոնական հաղորդագրություններով։
«Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ սադրանք են իրականացրել Ադրբեջանի դեմ Քելբաջարի և Լաչինի շրջանների պետական սահմանին», — ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության առաջին հաղորդագրությունում։
«Նոյեմբերի 16-ին ժամը 11-ին մոտ Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումներն անսպասելի ռազմական գործողություն են իրականացրել՝ բարձունքներ, ավելի շահեկան դիրքեր գրավելու և պետական սահմանի այդ ուղղությամբ օպերատիվ-մարտավարական առավելության հասնելու նպատակով։
Ի լրումն սահմանային մարտական դիրքերի, որոնք տեղակայված են Բասարքեչարի [Հայաստանի Գեղարքունիքի մարզ] և Ղարաքիլսայի [Հայաստանի Սիսիանի շրջան] շրջաններում, հայկական ռազմական ստորաբաժանումները, որոնք կուտակել են կենդանի ուժ, ռազմական և հատուկ տեխնիկա, գրոհել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի և Լաչինի շրջաններում։
Հակառակորդն ինտենսիվ կրակ է վարել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքով և նռնականետերով՝ վնաս հասցնելով մեր մարտական դիրքերին։ Արդյունքում, նախնական տվյալներով, վիրավորվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող։ Վիրավորներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Ներկա պահին նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։
Հայաստանի Զինված ուժերի ռազմական ակտիվության կանխման նպատակով Քելբաջարի և Լաչինի ուղղություններում տեղակայված կազմավորումներով և ուժերով գործողություն է իրականացվել։ Նախևառաջ, սահմանափակվել է հայկական կողմի շարժը, վնաս է հասցվել նրա ուժերին և միջոցներին։ Վճռական գործողությունների արդյունքում հայ զինվորականները զինաթափվել են և ձերբակալվել, առգրավվել է մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի զենք և զինամթերք որպես ռազմավար։
Հայկական մարտական ստորաբաժանումների գրոհը, որոնք ձգտում էին կարճաժամկետ առավելության հասնել լայնամասշտաբ սադրանքի միջոցով, ամբողջությամբ ձախողվել է օպերատիվ-մարտավարական առումով, և պաշտոնական Երևանի՝ սադրանք գործելու հերթական փորձն անհաջողության է մատնվել», — նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։
Ավելի ուշ գերատեսչությունը ևս մեկ հաղորդագրություն է տարածել, որում ասված է․
«Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են լայնամասշտաբ սադրանքները պետական սահմանին մեր երկրի դեմ։
Իրավիճակի էլ ավելի սրման նպատակով պետական սահմանին հակառակորդի մարտական կազմավորումները տարբեր տրամաչափի ականանետներով և հրետանային կայանքներով կրակ են բացել Լաչինի շրջանի տարածքում տեղակայված մեր ստորաբաժանումների ուղղությամբ։
Հայաստանի կողմից սադրանքի կանխման նպատակով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները համարժեք միջոցներ են ձեռնարկում»։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի ՊՆ վերջին հաղորդագրությունում նշվում է, որ «ի պատասխան հայկական կողմի ձեռնարկած սադրանքին՝ ոչնչացվել են հակատանկային կայանքներ և ականանետներ»։
«Իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, ներկա պահին ռազմական գործողությունները շարունակվում են։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար իրազեկելու է հանրությանը սահմանին տիրող իրավիճակի մասին», — ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։