Ո՞վ է ճիշտ և ո՞վ՝ սխալ․ Պուտին-Փաշինյան բանավեճ ապրանքաշրջանառության ցուցանիշների շուրջ
Պուտին-Փաշինյան տնտեսական բանավեճ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում համաձայնության չեն եկել հայ-ռուսական առևտրաշրջանառության ցուցանիշների շուրջ։ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ընթացքում Պուտինը Փաշինյանից հետաքրքրվել է՝ որքա՞ն է երկկողմ ապրանքաշրջանառությունը:
«Այս տարի՝ 4 մլրդ դոլար»,- արձագանքել է Փաշինյանը՝ նկատի ունենալով 2025 թ․-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածը։
Ռուսաստանի նախագահը, սակայն, հակադարձել է՝ ասելով «ո՛չ, ավելին»։ Վարչապետ Փաշինյանը պնդել է՝ խոսքն այս տարվա մասին է, ոչ 2024 թ․-ի, երբ մոտ 9 մլրդ դոլարի [հունվար-օգոստոս] էր հասել ապրանքաշրջանառությունը։ Պուտինը, իր հերթին, նշել է՝ նախորդ տարի էլ ցուցանիշը ՀՀ ղեկավարի նշածից ավելին է եղել և շեշտել՝ այս տարի էլ ավելի կլինի, «դա ակնհայտ է»։ Երկու երկրների ղեկավարներն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։
Տեղական ԶԼՄ-ները փորձել են պարզել՝ ո՞վ է ճիշտ և ո՞վ՝ սխալ։ ՌԴ-ից, սակայն, տեղեկություններ ստանալ չի հաջողվել։ «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր «վիճակագրությունը երկրում փակ է»։
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025 թ. հունվար-օգոստոսին ՌԴ-ի հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4.5 մլրդ դոլար՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի 9.2 մլրդ դոլարի համեմատ։ Այս տվյալները մոտ են այն թվերին, որոնք Դուշանբեում հնչեցրել է ՀՀ վարչապետը։
Այսպիսով, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ գլխավոր առևտրային գործընկերոջ՝ ՌԴ հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ոչ թե աճել, այլ նվազել է, այն էլ 51.3 տոկոսով: Սա այն դեպքում, երբ ԵՄ հետ ՀՀ առևտուրը շարունակում է գրանցել կանոնավոր աճ։ Մասնավորապես՝ 2024 թ․-ի հունվար-օգոստոսին այն եղել է այն 1.4 մլրդ, 2025 թ․-ի հունվար-օգոստոսին՝ 1.5 մլրդ դոլար։
Հայաաստանի պաշտոնյաների և Վիճակագրական կոմիտեի պարզաբանումները
- Հայաստանը՝ Արևմուտքի և ՌԴ միջև․ կառավարության «բալանսավորման» քաղաքականության ռիսկերը
- «ՀԱՊԿ-ի համար Ադրբեջանը միշտ եղել է նույնքան եղբայրական պետություն, որքան ՀՀ-ն»․ Փաշինյան
- Խաղադրույք «նոր դեմքերի» վրա. ինչպե՞ս է ՌԴ-ն փորձում առաջ մղել իր շահերը Հայաստանում
«Փաշինյանը բացարձակ ճիշտ է»․ կարծիքներ
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Վիճակագրական կոմիտեի տվյալներին է հղում արել նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն ու ընդգծել․
«Վարչապետ Փաշինյանի ներկայացրած թվերը, թեև ոչ շատ ճշգրիտ, բայց արտացոլում են իրականությունը (որովհետև համեմատելու համար պետք է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը դիտարկել)»։
Իշխանական պատգամավորը նշել է՝ այս տարվա առաջին 8 ամիսների տվյալների համաձայն՝ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը կրկնակի նվազել է․
«Ակնհայտ է, որ այս տարվա արդյունքներով առևտուրը չի կարող ավելի շատ լինել, քան նախորդ տարի, եթե սեպտեմբեր-դեկտեմբերին հրաշք չլինի։ Այսինքն՝ նախագահ Պուտինի կանխատեսումը սխալ է»։
Բաբկեն Թունյանի կարծիքով՝ վերջին 2-3 տարիների Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության ցուցանիշներին պետք է մոտենալ «խիստ վերապահումներով», քանի որ դրանց մեջ է մտել նաև վերաարտահանումը։
«Եթե վերաարտահանումը «ֆիլտրենք» և փորձենք հասկանալ իրական առևտուրը, թվերը շատ ավելի փոքր կլինեն»,- շեշտել է պատգամավորը։
«Վիճակագրական տվյալների շեղումներ կարող են լինել»․ 3 պատճառ
ՀՀ Վիճակագրական կոմիտեի կառավարման մարմնի՝ Վիճակագրության պետական խորհրդի անդամ Լիլիթ Պետրոսյանն ասում է՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտաքին առևտրի վիճակագրության բնագավառում գործընկեր երկրների արտահանման և ներմուծման ցուցանիշներում հիմնականում առաջանում են տարբերություններ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանը նկատել է՝ թեև բոլոր երկրները կիրառում են ՄԱԿ-ի կողմից առաջարկվող՝ արտաքին առևտրի վիճակագրության վարման միասնական մեթոդաբանությունը, այնուհանդերձ ցուցանիշներում առաջանում են որոշակի տարբերություններ, որոնք պայմանավորված են «օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով»։
Վիճակագրական կոմիտեի ներկայացուցչի փոխանցմամբ՝ արտաքին առևտրի վիճակագրության վարման պրակտիկայում տվյալների շեղումներն ըստ առաջացման բնույթի բաժանվում են 3 հիմնական խմբերի՝ մեթոդաբանական, տեխնիկական պատճառներ և տվյալների դիտավորյալ աղավաղում։
Օրինակ՝ կարող են լինել ապրանքի մաքսային արժեքի որոշման մեթոդների տարբերություններ (գործարքի գին, շուկայական գին և այլն): Բացի այդ, որոշ դեպքերում արտահանող երկրի կողմից առաքված ապրանքը չի հասնում նշանակման երկիր՝ ապրանքի վնասվելու կամ տարանցիկ երկրներից մեկում վերաձևակերպվելու պատճառով (տեխնիկական):
Վիճակագրական տվյալների դիտավորյալ աղավաղման դեպքում, ըստ նրա, հնարավոր են հետևյալ սցենարները՝
- «ներմուծողները կարող են հայտարարագրել ապրանքներ կեղծ ապրանքային ծածկագրերով, ինչպես նաև միտումնավոր նվազեցնել ներմուծվող ապրանքի արժեքը՝ մաքսատուրքերը նվազագույնի հասցնելու նպատակով,
- արտահանողները կարող են միտումնավոր գերագնահատել արտահանվող ապրանքների քանակը և արժեքը վերադարձվող ԱԱՀ-ի (ավելացված արժեքի հարկ) ավելացման նպատակով,
- առևտրային հարաբերությունների մեջ գտնվող կողմերը կարող են դիտավորյալ սխալ նշել գործընկեր երկիրը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Պուտին-Փաշինյան տնտեսական բանավեճ