Պուտին-Փաշինյան-Ալիև․ Կրեմլը հաստատեց հանդիպումը
Նոյեմբերի սկզբից լայնորեն քննարկվում է Պուտին-Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը։ Մինչ ռուսական կողմը փորձում էր ձեռք բերել կողմերի համաձայնությունը, Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փորձագիտական շրջանակները քննարկում են բրյուսելյան հանդիպման հնարավոր ձևաչափն ու օրակարգը, իսկ մամուլում լուրեր են շրջանառվում, թե ռուսական կողմի նախաձեռնությամբ եռակողմ հանդիպում է կայանալու։
Քիչ առաջ Կրեմլը հաստատեց, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն նոյեմբերի 26-ին Սոչիում․
«Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները»։
Նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Միջնորդել է անձամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Վերջինիս հետ հեռախոսազրույցների ընթացքում Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են նաև ուղիղ հաղորդակցություն հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով։
Միշելի գրասենյակի հաղորդմամբ՝ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են «քննարկել տարածաշրջանային իրավիճակը և տարաձայնությունները հարթելու ճանապարհները` բարգավաճ ու կայուն Հարավային Կովկասի համար, ինչին աջակցում է Եվրամիությունը»:
«Ադրբեջանը այսօր Ռուսաստանի համար պակաս կարևոր չէ»
Ռուս վերլուծաբաններն ասում են, որ պաշտոնական Մոսկվան կանի ամեն ինչ, որ մինչ Բրլյուսելում կայանալիք հանդիպումը կազմակերպի եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում։ “Эхо Москвы” ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել նաև ԱՊՀ հարցերով հայտնի փորձագետ Արկադի Դուբնովը։
Դուբնովն ընդգծել է, որ այսօր Ադրբեջանը Ռուսաստանի համար պակաս կարևոր չէ։
«Հայաստանում պետք է հստակ գիտակցեն, որ Ռուսաստանի դիրքրորոշումը Հարավային Կովկասում լրջորեն փոխվել է, և Ադրբեջանը այսօր Ռուսաստանի համար պակաս կարևոր չէ։ Պետք չէ ակնկալել, որ Մոսկվան կաջակցի Երևանին այնպես, ինչպես Անկարան է աջակցում Բաքվին»։
Սպասվող և հետաձգված եռակողմ հանդիպումների մասին
Բրյուսելյան հանդիպմանը զուգահեռ, համացանցում սկսեցին քննարկել այն տեղեկությունը, թե՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտինի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպում է կայանալու։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ասաց, որ Փաշինյան-Ալիև հանդիպման տարբերակներն ու ձևաչափերը դեռևս քննարկվում են․
«Տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են։ Երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի, կտրամադրվի տեղեկություն»։
Պոտին-Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերը շրջանառվում են արդեն մի քանի շաբաթ։ Ակնկալվում էր, որ նման հանդիպում տեղի կունենա եռակողմ հայտարարության ստորագրման օրը՝ նոյեմբերի 9-ին։ ՌԴ նախագահի խոսնակը տեղեկացրեց, որ տեսակոնֆերանս է պլանավորվում, ինչին հաջորդեց Հայաստանի վարչապետի «հերքումը»։ Փաշինյանն ասաց, թե՝ հանդիպման հստակ պայմանավորվածություն դեռևս չկա։
Կարող ենք միայն ենթադրել, որ հանդիպման շուրջ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել։ Այս մասին է վկայում նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունն այն մասին, թե՝ եռակողմ հանդիպման կազմակերպման համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։
«Հանդիպման համար պետք է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն։ Վստահ եմ, որ նման հանդիպում կլինի»,- նոյեմբերի 19-ին նշել է Լավրովը։
JAMnews-ի այս հրապարակումն արդեն պատրաստ էր, երբ Կրեմլից տեղեկություն ստացվեց այն մասին, որ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 26-ին Սոչիում։
«Խոսքը վերաբերում է տրանսպորտային միջանցքներին»
Անանուն մնալու պայմանով բրյուսելյան հանդիպման վերաբերյալ «Ազատությանը» որոշ մանրամասներ է հայտնել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Նա տեղեկացրել է, որ Շառլ Միշելը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում ինչպես Փաշինյանի ու Ալիևի, այնպես էլ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հետ։
Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ Բրյուսելում կազմակերպվող հանդիպման նպատակն է որոշակի վստահություն հաստատել կողմերի միջև` դրան նպաստող միջոցառումներով, հատկապես` հաղորդակցության ոլորտում․
«Խոսքը վերաբերում է տրանսպորտային միջանցքներին Լեռնային Ղարաբաղում կամ` դեպի Լեռնային Ղարաբաղ, որոնց համար Եվրամիությունը կարող է ֆինանսավորում տրամադրել: Ծրագրեր, որոնց իրագործմանը պետք է մասնակցեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը»:
«Բրյուսելում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի»
Դեռևս հայտնի չէ, թե դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ինչ ձևաչափով է անցկացվելու Փաշինյան-Ալիև հանդիպումը, ով է նախագահելու այն, ովքեր են մասնակցելու հանդիպմանն ու ինչ են քննարկելու։
Հայ քաղաքագետները կարծում են, որ այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը համոզված է՝ գործընթացը Մոսկվայի վերահսկողությունից դուրս չի եկել, Բրյուսելում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։
Ասում է՝ պատերազմից հետո գլխավոր միջնորդը Ռուսաստանն է, և կողմերը կշարունակեն Մոսկվայի հետ համաձայնեցնել սահմանագծման ու սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացներին առնչվող հարցերը։
«Նոյեմբերի սկզբին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, ինչի մասին խոսել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, տեղի չունեցավ կամ հետաձգվեց հայկական կողմի խնդրանքով»,- կարծում է քաղաքագետը։
Պողոսյանը պատահական չի համարում, որ հանդիպման հետաձգմանը հաջորդեց Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումը, ինչպես նաև նոյեմբերի 16-ի ռազմական սրացումը․
«Տեսանք, որ նոյեմբերի 16-ի կտրուկ էսկալացիայից հետո, երբ մենք հավելյալ տարածքային կորուստներ ունեցանք, վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի համար ընդունելի են Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացրած առաջարկները»։
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ հանդիպել են միայն մեկ անգամ։ Այդ հանդիպումը կազմակերպվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ և անցել Մոսկվայում` նախագահ Պուտինի գլխավորությամբ: