Պուտինն՝ Արցախի մասին․ «Պետք է ստատուս քվո հաստատվի»
Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի դիրքորոշման համաձայն՝ Ադրբեջանի մաս է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ասուլիսին։ «Հայաստանն ինքը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել», — նշել է նա։
- Փոփոխություններ քարտեզներում, շրջափակում, նոր գերիներ Ղարաբաղում․ ի՞նչ է կատարվում։ Մեկնաբանություն Բաքվից
- Գերիներ էլ չկա՞ն։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ փոխանակել են «բոլորին բոլորի դիմաց»
Ըստ Պուտինի՝ այդպիսին է եղել Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբբի գործունեության շրջանակում․ «Այդպիսին է եղել մեր դիրքորոշումը Մինսկի խմբում, որի համանախագահներն են Ռուսաստանն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Մենք միշտ տարիներ շարունակ հաշվի ենք առել այն, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանները»։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին
Պուտինը նշել է, որ այժմ Արցախի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա, իսկ դրա ճշգրտման հարցը պետք է լուծել ապագայում։
«Լեռնային Ղարաբաաղում պետք է ստատուս քվո հաստատվի, սակայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև շփման հնարավորության պարտադիր ստեղծմամբ, որի համար ենթադրվում էր ստեղծել այսպես կոչված Լաչինի միջանցքն, այսինքն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի միջանցքը», — հայտարարել է ՌԴ նախագահը։
Թուրքիայի դիրքորոշման մասին
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը՝ Պուտինը նշել է այն տարածքների վերադարձի հարցում պաշտոնական Անկարայի կողմից աջակցությունը Բաքվին, որոնց նկատմամբ Ադրբեջանը վերահսկողությունը կորցրել էր 1990-ական թվականներին։
«Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է այն բանի վրա, և դա հանրային կերպով հայտարարվել է, որ Թուրքիան պաշտպանել է, ինչպես իրենք են համարում, Ադրբեջանի արդար գործը՝ տարածքների վերադարձը, որոնք օկուպացվել էին 1990-ականներին ռազմական բախումների ժամանակ», — ասել է Պուտինը։
Պատերազմի բռնկման պատճառների մասին
Պուտինը չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը բռնկվել է այս տարի դրան արտաքին ինչ-որ ուժերի միջամտության պատճառով։
«Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, այդ լարվածությունը ձգվում էր տարիներով, — նշել է նա։ — Չեմ կարծում, որ դա տեղի է ունեցել արտաքին ինչ-որ միջամտության պատճառով։ Բազմիցս մանր բախումներ են եղել, փոխհրաձգություն։ Արդյունքում՝ դա վերածվեց կոնֆլիկտի»։
Պուտինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը «շատ ավելի բարդ է, քան հասարակ նորմատիվ կարգավորումներն, այդ թվում նաև՝ միջազգային-իրավական»։
«Դրա արմատներն էթնիկ կոնֆլիկտն է, որը սկսվել է Սումգայիթում, այնուհետև՝ տարածվել Լեռնային Ղարաբաղում։ Այստեղ կողմերից յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի։ Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել՝ պաշտպանելու իրենց կյանքն ու արժանապատվությունը», — հավելել է նա։
Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցող միջադեպերի մասին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Արցախում հրադադարի ռեժիմի խախտումը, որը գրանցվել է նոյեմբերի տասին տարածաշրջանում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, եզակի էր։ Պուտինը հույս ունի, որ նմամ դեպքեր էլ չեն լինի։
«Հրադադարի խախտման այդ բռնկումը, այն միայն մեկ անգամ է եղել։ Հույս ունեմ, որ եզակի դեպքը եզակի էլ կմնա, [որ] բանակցող կողմերը կկարողանան, այնուամենայնիվ, նստել բանակցությունների սեղանի շուրջ, մեր միջնորդությամբ կլինի, թե [ԵԱՀԿ] Մինսկի խմբի միջնորդությամբ, կարևոր չէ, գլխավորն այն է, որ գործընթացը սկսվի և դրական ավարտի», — ասել է նա ամենամյա ասուլիսի ժամանակ։
«Եռակողմ հայտարարության շրջանակում մենք պայմանավորվել ենք, որ ռազմական գործողությունները դադարեցվում են, և (մի կարևոր բան) պայմանավորվել ենք, որ կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որտեղ եղել են եռակողմ հայտարարության ստորագրման պահին։ Ահա այդտեղ բոլորը պետք է կանգ առնեն»։
Տարածաշրջանի ենթակառուցվածքների մասին
Պուտինի խոսքով՝ տեխնիկական շատ հարցեր են առաջանում, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ։ Սակայն դրանցով պետք է զբաղվել հանգիստ իրավիճակում բանակցային գործընթացի շրջանակում։ Իսկ եռակողմ համաձայնագիրը դրա համար բոլոր հնարավորություններն ընձեռում է, քանի որ դրանում ասվում է, որ հրադադարից հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանում իրավիճակի լիակատար կարգավորումը՝ տնտեսական և ենթակառուցվածքային, այդ թվում՝ ավտոմոբիլային և երկաթուղային ներուժի օգտագործմամբ։
«Դա վերաբերում է թե Նախիջևանին, թե Հայաստանի հարավի և հյուսիսի միջև հաղորդակցմանն», — ասել է Պուտինը։
Արցախում ռուս խաղաղապահների մասին
Պուտինը չի բացառել Արցախում ռուս խաղաղապահների թվաքանակի ավելացման հնարավորությունը, սակայն ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ է և Ադրբեջանի, և Հայաստանի համաձայությունը։
«Ինչ վերաբերում է մեր խաղաղապահների թվի ավելացմանն, — ասել է նա, — ապա դա հնարավոր է, սակայն բոլոր՝ այդ թվում ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության դեպքում։ Որովհետև ի սկզբանե մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեր խաղաղապահների թվի շուրջ, այն համաձայնեցված է»։