Պուտինն ու Թրամփը գնահատականների հարցում տարակարծիք են
Կիսվել
Կիսվել
Համբուրգում աշխարհի 20 առաջատար երկրների գագաթնաժողովի շրջանակում կայացել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջին անձնական հանդիպումը: Այն նախատեսվածից երկար է տևել՝ երկու ժամ տասնհինգ րոպե:
Հանդիպման միակ հստակ արդյունքը դարձել է Սիրիայի հարավ-արևմուտքում հաշտության կնքման մասին հայտարարությունը: Մոսկվայում դա անհապաղ «բեկում» անվանեցին: Սակայն Վաշինգտոնի պաշտոնական անձինք ընդգծեցին, որ կրակի դադարեցման մասին բոլոր նախկին պայմանավորվածությունները ձախողվել են:
Ինչպես երևում է պետքարտուղար Թիլերսոնի և արտգործնախարար Լավրովի հայտարարություններից, բանակցությունների ընթացքում գլխավոր հարցն ամերիկյան ընտրությունների գործընթացին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունն է եղել: Լավրովի խոսքով՝ ԱՄՆ նախագահը «լսել և ընդունել է» Վլադիմիր Պուտինի հավաստիքն առ այն, որ նման միջամտություն չի եղել: Սակայն Թիլերսոնը բանակցությունների արդյունքն այլ կերպ է գնահատել. կողմերը տարակարծիք են կատարվածի վերաբերյալ գնահատականների հարցում, և պարզ չէ, թե արդյոք կկարողանան երբևէ գալ համաձայնեցված դիրքորոշման:
Մոսկվայում և Վաշինգտոնում նաև տարբեր կերպ են գնահատում Սիրիայի վերաբերյալ բանակցությունների արդյունքը: Ռուսական կողմը, որն աջակցում է նախագահ Ասադին, խոսում է համագործակցության մասին: Ամերիկյան կողմը հայտարարում է, որ Ասադի համար քաղաքական հեռանկարներ չի տեսնում:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները ոչ մի հստակ պայմանավորվածություն ձեռք չեն բերել նաև մեկ այլ միջազգային ճգնաժամի շուրջ, որը կապված է Հյուսիսային Կորեայի ագրեսիվ պահվածքի հետ:
Ընդհանուր առմամբ դիտորդները Թրամփի և Պուտինի հանդիպման արդյունքները գնահատում են որպես վերջինիս մարտավարական հաջողություն, որը երկար ժամանակ ձգտում էր այդ բանակցություններին և հասավ դրան: Սակայն նրա հստակ նպատակն ամերիկյան պատժամիջոցների չեղարկումն էր, որոնք կիրառվել են Ռուսաստանի հանդեպ Ղրիմի բռնակցումից հետո: Այդ նպատակը հազիվ թե հասանելի լինի, քանի որ նախագահ Թրամփն ԱՄՆ-ում հզոր ճնշման տակ է, ինչը կապված է նրա օգտին ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ դեռևս գոյություն ունեցող կասկածների հետ: